«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը
– Տիկի՛ն Կարապետյանց, ընդդիմադիր Էդգար Ղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՍԴ դատավորների նկատմամբ քննադատական խոսք հնչեցնելու համար: Այսօր՝ փետրվարի 23-ին, քննվեց Ղազարյանի խափանման միջոցի հարցը, դատական նիստից հետո փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի։ Մելիքյանի խոսքով՝ Էդգար Ղազարյանն իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, փաստաբանների, հարկադիր կատարողների և նրանց ընտանիքների անդամների մասին: Ինչպե՞ս եք գնահատում քրեական գործի հարուցումն ու կայացրած որոշումը:
– Սա շատ խիստ խտրական մոտեցում է, որովհետև բազմաթիվ մարդիկ են դատավորների, դատախազների, քննիչների, իրավապահ համակարգի բազմաթիվ այլ ներկայացուցիչների վերաբերյալ տեսակետներ հնչեցնում, և ազատ խոսքի, ազատ մամուլի տեսանկյունից սա նորմալ երևույթ է եղել, առանձին դեպքերում շատ խիստ քննադատական է եղել, բայց որևէ մեկի նկատմամբ քրգործ չի հարուցվել: Ավելին՝ ինքը՝ վարչապետն է արտահայտություններ արել, որոնց վերաբերյալ ընդհանրապես քրգործ չի հարուցվել՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ», «կա՞ Հայաստանում դատավոր, որին ես բան ասեմ, ու չանի»: Այս արտահայտությունները նմանատիպ գնահատականի չարժանացան, հետևաբար սա խիստ խտրական մոտեցում է ու խոսքի ազատության սահմանափակում:
Այնպես չէ, որ ես Էդգար Ղազարյանի մտքերի հետ միշտ համաձայն եմ եղել, ես շատ հարցերում, մեղմ ասած, տարակուսած եմ, որովհետև բավարար գիտելիք ու կրթություն ունեցող մարդը չի կարող այդպիսի վարքագիծ ու բառապաշար ունենալ: Բայց այն, ինչ խոսվել է, ինչի համար քրեական գործ է հարուցվել, ինձ համար, մեղմ ասած, հասկանալի չէ: Եթե հասարակությունը, հատկապես քաղաքացիական հասարակությունը մարսեց ու ընդունեց այս վարքագիծը, հաջորդիվ բոլոր իրավապաշտպանները, որոնք համարձակվելու են քննիչների, դատավորների, դատախազների անուններ տալ, նույն ճակատագրին են արժանանալու:
Սա դիկտատուրայի ճանապարհին գլորված գնդակ է՝ կանցնի՝ կանցնի, կուլ կտան՝ կտան, հաջորդը կլինեն այն իրավապաշտպանները, որոնց իշխանություններն առանձնապես չեն սիրում, ու կսկսեն նրանցից, որպեսզի ստանան լռությունը, եթե այս գործողությունը լռության մատնվի:
Ես ենթադրում եմ, որ ցուցակում հաջորդը կարող ենք մենք լինել՝ մեր կազմակերպության փաստաբանները, իրավաբանները ու մնացած փոքր թվով իրավապաշտպանները, որոնք շարունակում են խոսել ու կոնկրետ դեպքերի, իրադարձությունների հետ կապված կոնկրետ խնդիրներ բարձրացնել:
-Հանդուրժվելո՞ւ է սա, թե՞ չէ, ընդվզում լինելո՞ւ է:
– Ինչպես հասկանում եմ՝ հանրային մտահոգություն սակավաթիվ մարդիկ են արտահայտել, ես ավելի լայն արձագանք էի սպասում, որովհետև կապ չունի՝ դու սիրում ես այդ մարդուն, ընդունում ես թե չէ, բայց կան իրավիճակներ, որոնց հետևանքներն ուղղակի անչափելի են լինելու ու կործանարար պետության ու ինստիտուտների համար: Չարձագանքելը այս իրավիճակում՝ ուղղակի հանցավոր համաձայնություն է իշխանությունների գործողությունների հետ, ինչ-որ բան դատապարտելը, ընդունել-չընդունելը չպետք է անձերով պայմանավորված լինեն, պետք է հասկանալ, որ կան բաներ, որոնք անձերից վեր են:
– Ինչո՞ւ հենց հիմա որոշվեց հարուցել այս քրեական գործը:
– Դե, նախընտրական փուլը սկսվում է, ու քիչ խոսող մարդկանց խումբ կա, որոնց խոսքը բավականին մեծ լսարան ունի, որոնք հասարակության համար ընկալելի լեզվով են խոսում, որովհետև կան մարդիկ, որոնք այդ խնդիրները բարձրաձայնում են, բայց այնպիսի բառապաշար է, որ սովորական քաղաքացու համար ընկալելի չէ:
Ե՛վ Էդգար Ղազարյանը, և՛ Արմեն Աշոտյանը, և Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն մեծ լսարան ունեն, որովհետև երբ նայում ես այդ մարդկանց դիտումների քանակը, հասկանում ես, որ նրանք վտանգ են ներկայացնում, որովհետև նրանց խոսքը հասանելի է:
Նորից եմ ասում՝ ես չեմ կիսում նրանց տեսակետների ճնշող մեծամասնությունը, բայց մարդկանց արտահայտվելու, նրանց խոսքի իրավունքը ժողովրդավարական պետության հիմքերից մեկն է: Ինչքան էլ դու չկիսես այդ տեսակետները, չընդունես այդ մարդկանց, միևնույն է, խոսքի ազատությունն այն սրբազան կովն է, որին ընդհանրապես չի կարելի կպչել:
– Ժողովրդավարության բաստիոն հանդիսացող երկիրը՝ նման որակում են տվել հենց այս իշխանության ներկայացուցիչներն իրենց կառավարման տարիներին, ինչո՞ւ է հիմա խոսքի ազատությունը սահմանափակող քայլեր անում, տիկի՛ն Կարապետյանց:
– Որովհետև Նիկոլ Փաշինյանն արդեն հռչակել է, թե ինչ ճանապարհով է պատրաստվում տանել Հայաստանը՝ սկսած իրավունքների հրաժարումից, վերջացրած ինչ-որ անհասկանալի գաղափարախոսություններով՝ որտեղ հաց են տալիս, այնտեղ նստիր հացդ կեր, ում ձեռքից հաց ես ուտում, նրան բան մի ասա տրամաբանությամբ: Փորձում է այստեղ իմպլեմենտացնել Թուրքիայի ու Ադրբեջանի անխտիր բոլոր պահանջները, ու ակնհայտ է, որ դա հասարակության կողմից չի ընկալվում ու ընդունվում, ու դա իրականացնելու համար իրեն անհրաժեշտ է դիկտատուրա:
Հինգ տարուց ավելի է՝ ես ասում եմ, որ այն, ինչ պատրաստվում է Նիկոլ Փաշինյանն անել, դրա համար իրեն դիկտատուրա է պետք, այլ ոչ թե ժողովրդավարություն: Նախկինում օգտագործված ողջ գործիքակազմը Փաշինյանն օգտագործելու է ավելի այլասերված տարբերակով:
– Իսկ ինչո՞ւ են լռում հավատարմագրված դեսպանները, նույն այդ միջազգային կառույցները Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ:
– Որովհետև հինգ-վեց տարի է՝ նրանք ծափահարում և ասում էին, որ Հայաստանում բարեփոխումներ են ընթանում, իրենք շատ մեծ գումարներ են ներդրել բարեփոխումների համար, միջազգային գործընկերները հավատացել են, որ այստեղ հարմար իրավիճակ է բարեփոխումներ կատարելու համար ու ահռելի ներդրումներ են կատարել: Վեց տարի շարունակ իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հավասար, որոնք ծափահարում էին այս իբր բարեփոխումներին, ասում էին՝ այո՛, մեծ քայլերով առաջընթաց է կատարվում:
Նրանք չեն հասկանում, թե ինչպես պետք է արդարացնեն իրենց գործողությունները, նրանք պետք է բացատրեն, թե ինչպես են իրենց վերլուծական կենտրոնները փակվել, ինչպես են այստեղ աշխատող իրենց փորձագետները սխալ գնահատականներ տվել այն գործընթացներին, որոնք կատարվել են, նրանք պետք է ընդունեն, որ սխալ են եղել:
Սա մեզ համար իհարկե կործանարար է, բայց նրանց խնդիրն է, մեզ համար կարևորն այն է, որ մեր ներսում կարողանանք կարգավորել խնդիրները: Մենք մեր քաղհասարակությանը չենք կարողանում բերել սխալ լինելու գաղափարին, էլ ուր մնաց՝ միջազգային գործընկերներին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















