Օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Հրազդանի գետավազանի կառավարման պլանի քննարկում:
ԵՄ կողմից 2016 թվականից ի վեր մեկնարկած չորս տարի ժամկետով ԵՄՋՆ+ ծրագիրն Արևելյան գործընկերության երկրներում ջրի ոլորտում իրականացվող ամենախոշորն է:
Այն իրականացվում է 6 երկրներում:
ԵՄՋՆ+ ծրագրի շրջանակներում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվում է Սևանի ևՀրազդանի գետավազանային կառավարման պլանների մշակման գործընթացը: Պլանը նկարագրում է ավազանների ճնշումները, հիմնախնդիրները և բնապահպանական նպատակները:
Արևելյան գործընկերության երկրների համար Եվրամիության Ջրային նախաձեռնության պլյուս ծրագրի շրջանակներում հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը ընկած ժամանակահատվածում Հրազդանի գետավազանի 5 մարզերում իրականացվում է գետավազանային կառավարման պլանի հանրային խորհրդատվության միջոցառումների շարքը։
Հանրային խորհրդատվության գործընթացն իրականացնում է Ազգային Ջրային համագործակցույուն հասարակական կազմակերպությունը, որը հանդիսանում է ԵՄ Ծրագրի հաղորդակցման գծով խորհրդատուն:
Դրա նախագծային տարբերակը համաձայն ԵՄ շրջանակային դիրեկտիվի պետք է ներկայացվի շահառու համայնքներին և պարտադիր ներառի իրենց կարծիքներն ու մեկնաբանությունները:
Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման նպատակն էր մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետների հետ քննարկել նախապես ուղարկված գետավազանային պլանի հակիրճ տարբերակը, ինչպես նաև ստանալ իրենց կարծիքը գետավազանում գոյություն ունեցող հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և վեց տարվա համար նախատեսված գործողությունների ծրագրի վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա էին ԱՋՀ-Հայաստան ՀԿ-ի նախագահ՝ Արևիկ Հովսեփյանը, ծրագրի ղեկավար Ալիսա Սավադյանը, ծրագրի փորձագետ Անահիտ Մնացականյանը:
Կազմակերպիչները հայտնեցին, որ այստեղ հնչած կարծիքները ևս հաշվի են առնվելու գետավազանային կառավարման պլանի վերջնական նպատակներին հասնելու համար հնարավոր գործողությունները սահմանելիս:
Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։