Մարդու իրավունքների պաշտպանը գերիների հարցով հաղորդում է ուղարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին մանրամասն հաղորդում է ուղարկել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները:

Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը և քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը: Դրանով մեր հասարակակությանն ու առաջին հերթին` գերիների ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն:

Հ.Գ. Հաղորդումը նոր է ներկայացված` հաշվի առնելով խորհրդի նստաշրջանի ժամկետները: