«Զիջումը մեր հայրենիքի կորուստ է և մեր զորքի ոչնչացում, չի՛ կարող զիջում լինել, պատրանքներ չպետք է ունենալ պետք է ռեալ հաշվել ու քայլեր անել». Շիրինյան

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարո՛ն Շիրինյան, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե պատրաստ է Մոսկվայում առանց նախապայմանների բանակցելու Հայաստանի հետ։ Ի՞նչն է ստիպել նրան նման հայտարարություն անել, թե՞ հերթական սուտ հայտարարությունն է։

– Երկու հանգամանք է նրան ստիպել նման հայտարարություն անել։ Առաջինը՝ իրենց բանակի կորուստներն են, այսինքն՝ զինված ուժերում տեխնիկայի կորուստը, իսկ մարդկային կորուստների վրա թքած ունեն։

Երկրորդ՝ այս քայլով փորձում են վիժեցնել հոկտեմբերի 29-ին կայանալիք հանդիպումը։ Իսկ մենք պետք է անպայման գնանք այդ հանդիպման։

– Ի՞նչ նպատակով են ուզում վիժեցնել այդ հանդիպումը, որպեսզի բանակցություն չլինի՞։

– Նկատի ունեցեք, որ Թուրքիան Անդրկովկաս է մտել Ռուսաստանի թույլտվությամբ։ Հետևաբար, մեր ռազմավարական դաշնակիցը նաև Ադրբեջանի՞ հետ է։

Հոկտեմբերի 29-ի հանդիպումից հետո շատ բան կպարզվի։ Մոսկվային ձեռնտու չէ, որ 29-ի հանդիպումը կայանա, որպեսզի այս ամենը մնա իր վերահսկողության տակ։ Երեկ էլ տեղեկություն եղավ, որ Պուտինն ու Էրդողանը իրար հետ խոսել են։ Գիրկ գրկի զրուցել են, հավանաբար, նրանք են հուշել Ալիևին։

Իսկ մենք նախապայման պետք է ունենանք անպայման, այն է՝ ռադ ես լինում մտածս տարածքներից, ճանաչում ես Արցախի անկախությունը։ Հիմա մենք պայման ունենք արդեն, ասել ենք, որ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը։ Հիմա մենք այլևս չենք կարող հանդիպել այդ պահանջից դուրս։ Ճանաչում եք Արցախի անկախությունը, վերականգնում եք սեպտեմբերի 27-ից առաջ եղած շփման գիծը՝ մնացած հարցերի շուրջ խոսում ենք։

– Սպասումներ պե՞տք է ունենանք Ժնևի հանդիպումից։

– Ո՛չ, Մոսկվան չի ուզում, որ այդ հանդիպումը կայանա։ Իսկ մեզ դա ձեռնտու է, մենք չպետք է այդ ամբողջը թողնենք մեր դաշնակցի ձեռքին, թե ինչ դաշնակից է՝ տեսնում ենք։ Հոկտեմբերի 29-ը թող կայանա, կտեսնենք՝ ինչ կլինի։ Բոլոր դեպքերում, գործընթացը չպետք է միայն Ռուսաստանի ձեռքին մնա։

– Թուրքիայի ու ՌԴ նախագահների զրույցի ժամանակ տեսակետ է հնչել, որ պետք է լուծել խնդիրը, կանգնեցնել պատերազմը Արցախում։ Ի՞նչ տողատակեր ունի այս հայտարարությունը։

– Դա նշանակում է, որ իրար մեջ առևտուր կա։ Նրանք իրար հետ հարաբերվում են Լիբիայում, Սիրիայում, Ղրիմի հարցով։ Հիմա թե որտեղ ինչ առևտուր է գնում՝ դժվար է ասել։ 

– Այսօր Ռուսաստանն ունի՞ Թուրքիային զսպելու ռեսուրսներ: Շատ է հնչում տեսակետ, թե ՌԴ-ն թուլացել է։

– Իհարկե ունի։ Հայաստանում Ռուսաստանի գործակալներն են տարածում, թե ռեսուրս չունի։ Միջուկային տերության հետ ո՞վ է ոտք մեկնում։ Թող մի քանի հրթիռային համակարգ տա, ջնջխենք, հասնենք Բաքու։

Մե՛նք կանենք, ինքը թող չանի։ Եթե դաշնակից է, թող իրեն կարգին դրսևորի՝ որպես դաշնակից։ Այո՛, Ամերիկայի համեմատ Ռուսաստանը թույլ է, դա մեզ վերաբերո՞ւմ է, բայց մեզ ու Ադրբեջանի համար հզոր է։ 

– Ներկայումս մենք ի՞նչ փուլում ենք, ի՞նչ սպասել։

– Մեր բանակի հերոսական դիմադրության, որը պետք է վերածվի հակահարձակման, և դիվանագիտական խարդավանքների փուլում ենք։ Այս հայկական հարցը հենց այնպես չի առաջացել, առաջացել է, երբ թուրքը Հայաստան է եկել, սաստկացել է, երբ Ռուսաստանը Կովկաս է եկել։

Մենք պետք է դիմանանք ու աշխատենք։ Այս անգամ բոլոր զրկանքներին պետք է դիմանանք, որպեսզի այս մղձավանջից դուրս գանք։ Եվ իշխանության ոչ մի փոփոխություն չպետք է լինի։

Իշխանությունը պետք է ռազմական դրության մասին օրենսդրությունը խստագույնս կիրառի բոլորի հանդեպ։ Իշխանությունը թույլ է, այսօր պատերազմ է մղում, բայց ռազմական դրության մասին օրենսդրությունը լավ չի կիրառում։

– Ընդդիմախոսները իշխանության հրաժարականի մասին սկսեցին խոսել հատկապես Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո։

– Դե, նա թույլ խոսեց, սրանք ոգևորվեցին, պահն օգտագործեցին։ Եթե նկատել եք, հենց Հայաստանում մի թույլ վիճակ է առաջանում, ոհմակը դուրս է գալիս։

– Վարչապետը խոսեց Արցախի հարցում ցավոտ զիջումներին պատրաստ լինելու մասին։ Իրոք պատրա՞ստ ենք դրան։

– Չէ՛, ոչ մի զիջում։ Ես պայմանն ասացի՝ պետք է ճանաչեն Արցախի անկախությունն ու վերականգնեն մինչև սեպտեմբերի 27-ը եղած շփման գիծը։ Զիջումը մեր հայրենիքի կորուստ է և մեր զորքի ոչնչացում, չի՛ կարող զիջում լինել։ Պատրանքներ չպետք է ունենալ ո՛չ բարեկամների, ո՛չ էլ չարակամների հանդեպ։ Պետք է ռեալ հաշվել ու քայլեր անել։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am