Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին տեղն է գրավել աշխարհի գավաթի հենացատկերի վարժությունում

Մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում առաջին հորիզոնականն է զբաղեցրել հենացատկեր վարժությունում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Դավթյանը 14.983 միավոր է վաստակել ու դարձել ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինայի ներկայացուցիչ Նազար Չեպուրնին՝ 14,600 միավորով:

Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանն ավելի վաղ նժույգթափերում կատարել էր նոր տարր, որը կգրանցվի իր անունով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ արծաթե մեդալ է նվաճել օղակներ վարժությունում:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել են նաև Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը, ովքեր, սակայն, անմասն են մնացել մեդալներից:

Առանձին գործիքներից լավագույն եռյակում ընդգրկված մարզիկները կմասնակցեն աշնանը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ երկու փուլերը տեղի կունենան համապատասխանաբար Դոհայում և Կահիրեում: Երկրորդ մրցմանը թիմին կմիանա նաև Հարություն Մերդինյանը:

Դոհայում աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի փետրվարի 28-ից մարտի 6-ը: