Երբ ինձ հարցնում էին՝ երբ է ավարտվելու պատերազմը, ես միանշանակ ասում էի՝ երբ ադրբեջանցիները գրավեն Շուշին. Սերժ Սարգսյան

Ներողություն բառիս համար, Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի ջեբը: Այդ մասին «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով պատերազմից հետո Սեյրան Օհանյանին ուղղված քննադատություններն առ այն, թե իբր Օհանյանը չի կարողացել պահել Շուշին:

«Բայց նա այնտեղ ընդամենը խորհրդատուի դերում էր, ինչի՞ մասին է խոսքը: Կամ Լևոն Մնացականյանին ի՞նչ ստորաբաժանումներ էին տվել, հրամանատարը հրամանատար է ենթակա ստորաբաժանումներով, եթե նա չունի ենթակա ստորաբաժանումներ, եթե նա ուժ չունի կռվելու, ի՞նքն է ավտոմատը վերցնելու ու գնա կռվի, հո դասակի հրամանատար չէ, ոչ  էլ վաշտի: Եվ հետո հեքիաթներ են պատմում, թե ինչու Շուշին այդպես եղավ: Տեսեք, ես ունենալով այդքան կապեր, ծանոթ լինելով հարյուրավոր սպաների հետ,  տասնյակ գեներալների հետ, մինչև այսօր չեմ կարող պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը, ով է եղել Հադրութի պաշտպանության հրամանատարը, և ընդհանրապես, այդ ճակատը ով է ղեկավարել: Լավ, այն ժամանակ, ենթադրենք, գաղտնիք էր, բա հիմա ինչո՞ւ չգիտենք, թե ով է եղել հրամանատարը», -ասել է Սարգսյանը:

Հարցին, թե Շուշին ընկե՞լ է, թե հանձնվել, Սերժ Սարգսյանը պատասխանել է.

«Իհարկե, Շուշին հանձնվել է, ես չեմ ասում միտումնավոր տվել են, կոպիտ ասած: Շուշին հանձնվել է, որովհետև արդեն ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու: Դեռևս հոկտեմբերի 19-ից հետո, երբ իմ ծանոթները, գործընկերները, ում հետ շփվում էի, ինձ հարցնում էին, թե իմ կարծիքով՝ երբ է ավարտվելու պատերազմը, ես միանշանակ ասում էի, որ երբ ադրբեջանցիները գրավեն Շուշին: Վստահ եմ, վաղ թե ուշ, մարդիկ, ում հետ ես զրույց եմ ունեցել, հաստատելու են այդ փաստերը: Մինչև հիմա այդ մասին ոչ ոք չի խոսել»: