Կառավարության ծրագրերի համեմատական․ ի՞նչ չարվեց և ի՞նչ է առաջարկվում․ FIP.am

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված նոր կառավարությունը ներկայացրել է 2021-2026 թվականների հնգամյա ծրագիրը, որն այս օրերին քննարկվում է Ազգային ժողովում։

Օգոստոսի 18-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ կառավարության ներկայիս ծրագիրը հիմնված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների վրա։ 

«Փաստերի ստուգման հարթակը» համեմատել է կառավարության ներկայիս և նախորդ ծրագրերը՝ հասկանալու, թե որքանով է նախորդ կառավարությունը կատարել ծրագրով նախատեսված պարտավորությունները, նաև առանձնացրել ենք, թե ինչ նոր փոփոխություններ են պատրաստվում իրականացվել։

Կառավարության նախորդ ծրագիրը ներկայացվել էր 2019-ին։

Ղարաբաղյան հիմնախնդիր

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մասով նախորդ ծրագրում կառավարությունը նպատակադրվել էր հասնել Արցախի անվտանգության ապահովման, օտարերկրյա ներդրումների ավելացման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման, որի հիմքում պետք է ընկած լիներ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։

Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն էին: Կառավարությունը պնդում էր, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա այս հարցի հանգուցալուծման գործընթացում:

Կառավարության նոր ծրագրում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ կատարվելիք քայլերից դուրս է մնացել Արցախի՝ որպես հակամարտության կարգավորման գործում որոշիչ ձայն ունենալու մասին խոստումը։

Եթե նախորդ ծրագրում Արցախի անվտանգության ապահովման մասին ձևակերպումներում չկար Զինված ուժերի վերաբերյալ որևէ ձևակերպում, ապա նոր ծրագրով արդեն շեշտվում է, որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Բացի այդ, Արցախի անվտանգությունն ապահովելու են Պաշտպանության բանակն ու ՌԴ խաղաղապահ ուժերը, որոնց ներկայությունը «Արցախում անվտանգության կարևորագույն երաշխիք է»։

Պաշտպանություն

Նախորդ ծրագրում կառավարությունը խոստանում էր պետության պաշտպանունակությունը բարձրացնել այնպես, որ այն համարժեք լիներ ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելուն, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողություններն առավելագույնս վաղ փուլում և Հայաստանի համար շահավետ պայմաններով դադարեցնելուն:

Կառավարությունը խոստանում էր նաև էականորեն բարելավել Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը, կարգապահությունը, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը և բացառել ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը։

Նոր ծրագրով կառավարությունը խոստանում է Զինված ուժերը կառուցվածքային և բովանդակային լուրջ փոփոխությունների ենթարկել և առավելագույն ջանքեր գործադրել ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքերը բացառելու ուղղությամբ։

Կառավարությունն իր նոր ծրագրում խոստանում է ձգտել զինծառայության ժամկետների կրճատման՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության, ինչպես նաև անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի, որի կազմում կանանց ներգրավվածությունը շարունակաբար աճելու է։

Կառավարության նոր ծրագրով հայ-ադրբեջանական պետական ողջ սահմանի պահպանությունը Պաշտպանության նախարարությունից փոխանցվելու է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին։

Նոր ծրագրով կառավարությունը էական տեղ է հատկացրել նաև Հայաստան-Ռուսաստան ռազմական փոխգործակցությանը։ Եթե նախորդ ծրագրում ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին որևէ հիշատակում չկար, ապա նոր ծրագրով ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի ներգրավվածությունը Հայաստանի պետական սահմանի պահպանությանը կընդլայնվի, իսկ Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի շրջաններում արդեն իսկ հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր:

Կառավարությունը խոստանում է նաև ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն, որը նախորդ ծրագրով նախատեսված չէր։

Եվ վերջում՝ կառավարության ծրագրում ավելացել է մեկ տող, որով վերջինս հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի: 

Արտաքին քաղաքականություն

Եթե նախորդ ծրագրում կառավարության արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությանը, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը, ապա նոր ծրագրում կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են ՀՀ պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը և կայունությունը:

Այսինքն՝ եթե նախորդ ծրագրում կառավարության համար ուղենիշային էր Արցախի անվտանգությունը, ապա նոր ծրագրով Արցախի փոխարեն կառավարության առաջնահերթությունն Արցախի ժողովուրդն է։ Այսինքն՝ կառավարության նոր ծրագրում «Արցախ» բառը փոխարինվել է «Արցախի ժողովուրդ» արտահայտությամբ։

Այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների մասով կառավարության ծրագրերն առանձնակի փոփոխությունների չեն ենթարկվել։

Տնտեսություն

Կառավարությունն իր նախորդ ծրագրով նախատեսել էր մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը և էապես նվազեցնել աղքատությունը, սակայն 2019 թվականի արդյունքներով Հայաստանում աղքատ է բնակչության 26․4 տոկոսը, որից 1․4 տոկոսը համարվում է ծայրահեղ աղքատ։ Կառավարությունը խոստանում էր նաև առաջիկա տարիների համար ապահովել տարեկան միջին 5 տոկոս տնտեսական աճ։

Արդեն նոր ծրագրով կառավարությունը առաջիկա 5 տարիների համար խոստանում է տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, աղքատության կրկնակի կրճատում, գործազրկության 10 տոկոսից ցածր մակարդակ, ինչպես նաև ներդրում/ՀՆԱ մակարդակը հասցնել 25 տոկոսի, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրում/ՀՆԱ-ն՝ 6 տոկոսի։

Ի դեպ, կառավարության արտաքին քաղաքականությունը նախորդ ծրագրով նպատակաուղղված էր դեպի Հայաստան և Արցախ օտարերկրյա ներդրումների ավելացմանը, իսկ արդեն նոր ծրագրում Արցախում կատարվելիք ներդրումների մասին որևէ հիշատակում չկա։ Եվ չնայած նախորդ ծրագրում գրված խոստումներին՝ վերջին 2 տարիներին օտարերկրյա ուղղակի ներդրումները շարունակաբար նվազում էին։

Ինչպես այս, այնպես էլ նախորդ ծրագրերում կառավարությունն էական նշանակություն էր տվել արտահանմանը։ Նախորդ ծրագրով կառավարությունը խոստանում էր 5 տարում ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնել 43-45 տոկոսի: Մինչդեռ 2020 թվականին արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը 2019 թվականի համեմատ աճել էր ընդամենը 0․5 տոկոսով՝ դառնալով 20 տոկոս։

Կառավարության նախորդ ծրագրում հատուկ կարևորություն էր տրվում օտարերկրյա կապիտալի համար Հայաստանի շուկան գրավիչ դարձնելուն, որի շնորհիվ արտասահմանյան ներդրումները պետք է հոսեին Հայաստան, սակայն, ինչպես նշեցինք՝ վերջին տարիներին օտարերկրյա ուղղակի ներդրումները շարունակաբար նվազում են՝ 267 մլն դոլարից դառնալով 47 մլն դոլար։

Բարձր տեխնոլոգիական ոլորտում կառավարությունը նոր ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը աշխատողների թիվը հասցնել 35 հազարի, իսկ ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը պետք է կազմի ՀՆԱ-ի 6-7 տոկոսը։ 

Սակայն այստեղ կառավարության ծրագրում կա էական հակասություն։ Ըստ կառավարության հնգամյա ծրագրի՝ տնտեսական աճը յուրաքանչյուր տարի պետք է կազմի նվազագույնը 7 տոկոս, ինչը նշանակում է, որ 5 տարի անց երկրի ՀՆԱ-ն պետք է կազմի նվազագույնը 8․7 տրլն դրամ, մինչդեռ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը 5 տարի անց ՀՆԱ-ի 6-7 տոկոսը կազմելու դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի առավելագույնը 8․3 տրլն դրամ։

Էներգետիկա

Նախորդ ծրագրով էներգետիկ ոլորտում կառավարությունը խոստանում էր մինչև 2022 թվականը արևային համակարգային կայանների կշիռը ներքին սպառման կառուցվածքում հասցնել առնվազն 10 տոկոսի, ինչպես նաև Հայաստան-Իրան և  Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի գործարկմամբ Հայաստանը դարձնել տարածաշրջանում էլեկտրաէներգետիկ հանգույց՝ կապելով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը։

2020 թվականի վերջի տվյալներով Հայաստանում արևային էլեկտրակայանների կողմից արտադրվել է 21 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը կազմում է ներքին սպառման ընդամենը 0․3 տոկոսը։

Ինչ վերաբերում է նոր ծրագրին, ապա այստեղ ևս կառավարությունը խոստանում է Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի գործարկմամբ Հայաստանը դարձնել տարածաշրջանում էլեկտրաէներգետիկ հանգույց՝ կապելով Իրանի, Վրաստանի և ԵԱՏՄ շուկաները, կառուցել մինչև 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ՝ մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնելով  առնվազն 15 տոկոսի։

Սոցիալական պաշտպանություն

Այս ոլորտում ևս կառավարության նոր ծրագիրը բովանդակային առումով էականորեն տարբերվում է նախորդ ծրագրից։ Նախորդ ծրագրում այս ոլորտի հետ կապված ևս չափելի կամ շոշափելի քայլերը բավական աղքատ էին։ Մասնավորապես, կարելի է հիշատակել այն, որ մինչև 2023 թվականը կառավարությունը խոստանում էր կիսով չափ կրճատել աղքատությունը, իսպառ վերացնել ծայրահեղ աղքատությունը, պարբերաբար բարձրացնել կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ։

Նոր ծրագրում արդեն այս ոլորտում կառավարության նպատակները բավական հստակ են՝ մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, նվազագույն աշխատավարձը սահմանել 85,000 դրամ։

Ինչ վերաբերում է ծայրահեղ աղքատության վերացմանը, ապա նոր ծրագրով կառավարությունը 2023 թվականի փոխարեն այս նպատակին հասնելու համար նախանշել է 2026 թվականը։

Կրթություն և գիտություն

Նախորդ ծրագրում կառավարությունը խոստացել էր բոլոր համայնքներում 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի, ապահովել բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով, ինչպես նաև անցնել համընդհանուր ներառական հանրակրթության մինչև 2023 թվականը։ Նոր ծրագրով արդեն համընդհանուր ներառական հանրակրթությանն անցնելու ժամկետները երկարացվել են՝ ոչ թե մինչև 2023, այլ 2024 թվականը։ Կառավարությունը խոստանում է նաև զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմի ներդրման միջոցով ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել 30-50 տոկոսով։

Եթե նախորդ ծրագրում կառավարությունը հստակ ոչինչ չէր խոստացել դպրոցաշինության մասով, ապա նոր ծրագրով խոստանում է մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ և  նախակրթարան՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և  սարքավորումներով, և նախադպրոցական հաստատություններում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը հասցնել առնվազն 85 տոկոսի։

Ինչ վերաբերում է գիտությանը, ապա նախորդ ծրագրում կառավարությունն այս ոլորտում ևս հստակ կամ չափելի որևէ խոստում չէր տվել, իսկ արդեն նոր ծրագրով, ի թիվս ոչ չափելի խոստումների, նախատեսվում է մինչև 2026 թվականը սփյուռքից Հայաստան վերադարձնել 60 գիտնական, ինչպես նաև ունենալ շուրջ 60 հեռավար ղեկավարվող գիտական խմբեր։ 

Զբոսաշրջության մասով կառավարության նոր ծրագրում ավելացել են մի քանի չափելի խոստումներ։ Եթե նախորդ ծրագրում կառավարությունը անհրաժեշտ էր համարում զբոսաշրջիկների համար ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ և սպասարկման բարձր մակարդակ, որը ոչ մի կերպ չափելի չէ, ապա նոր ծրագրով, ի թիվս այլ ոչ չափելի խոստումների, կառավարությունը խոստանում է բարեկարգել առնվազն 20 զբոսաշրջային վայրեր, մինչև 2025 թվականը ապահովել առնվազն 25 նոր ուղղություններով չվերթներ և մինչև 2026 թվականը միջազգային այցելությունների թիվը հասցնել  2․5 միլիոնի։

Տրանսպորտ և ճանապարհաշինություն

Եթե նախորդ ծրագրում կառավարությունը ճանապարհաշինության ոլորտի մասով խոստանում էր կամուրջների և թունելների կառավարման համակարգի ներդրում, ճանապարհների պետական գրանցում, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման շարունակություն, ապա նոր ծրագրում այս ոլորտում կատարվելիք աշխատանքները շատ ավելի հստակ են՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին (42 կմ), Թալին-Գյումրի (46.2 կմ) ճանապարհահատվածների վերակառուցման աշխատանքների իրականացում և ծրագրի ավարտ, Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածի, ինչպես նաև Արտաշատ-Սիսիան 175 կմ ճանապարհահատվածի նախագծման և փուլային իրականացման աշխատանքներ։ Կառավարությունը խոստանում է նաև վերակառուցել Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական նշանակության 52 կմ ճանապարհը։

Ինչ վերաբերում է տրանսպորտային համակարգին, ապա կառավարությունը նոր ծրագրով պատրաստվում է ստեղծել հարթակ, որտեղից հնարավորություն է լինելու ամբողջական տեղեկություններ ստանալ երթուղիների վերաբերյալ, այդ թվում՝ մեկնման ժամերի, սկզբնակետերի/վերջնակետերի, ուղեգծերի և  այլնի մասին։ Ըստ նոր ծրագրի, կառավարությունն ամբողջությամբ փոխելու է տրանսպորտային համակարգը։ Կանոնավոր ուղևորափոխադրումներում կիրառվելու են նորագույն տեխնոլոգիաներ՝ ներդրվելու է միասնական տոմսային համակարգ, ինտերակտիվ քարտեզ, վճարների գանձման և վթարների դեպքում արագ արձագանքման միասնական արդյունավետ էլեկտրոնային համակարգեր։

Ջրային համակարգ

Ի տարբերություն նախորդ ծրագրի, որտեղ կառավարությունը գրեթե ոչ մի հստակ ծրագիր և ժամկետներ չէր նշել՝ նոր ծրագրով գործադիրը խոստանում է նախագծել 15 ջրամբար և սկսել դրանց կառուցումը, իրականացնել Սևանա լճի ավազանում ներկայում գործող կեղտաջրերի մաքրման 3 կայաններից արտանետվող կեղտաջրերի ամբողջական մաքրում, ավելացնել ոռոգելի հողատարածքները և այլն։

ՔՊ ծրագիրը և կառավարության ծրագիրը

Ինչպես նշված է կառավարության ծրագրի նախաբանում և ինչպես ասաց Նիկոլ Փաշինյանը, գործադիրի նոր ծրագիրը կազմված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի հիման վրա։ FIP.am-ը համեմատել է ՔՊ ծրագիրն ու կառավարության ծրագիրը՝ հասկանալու, թե արդյո՞ք այդտեղ կան անհամապատասխանություններ։ Այդ անհամապատասխանություններն ու շեղումները հիմնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության և տնտեսության բաժիններում էին։

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

Նախընտրական ծրագրում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը» Արցախի հիմնախնդիրին առանձին՝ 7 կետից բաղկացած բաժին էր հատկացրել:

Կուսակցությունը նշում էր, որ իրենց գլխավոր խնդիրը լինելու է պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա:

«Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»,- շեշտվում էր ծրագրում:

Հստակորեն նշվում էր, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։

«Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով»,- նշվում էր ծրագրում։

Կուսակցությունը շեշտում էր, որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ․ «Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում»:

ՔՊ-ն Արցախի անվտանգության ապահովման կարևորագույն գործոն էր համարում հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ ուժերի երկարաժամկետ ներկայությունը, իսկ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափը համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:

Կառավարության ծրագրում Արցախին վերաբերող հատվածը բաղկացած է ընդամենը 4 կետից: Եթե նախընտրական ծրագրում շեշտվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով, ապա կառավարության ծրագրում արդեն նշվում է, որ մի քանի տարրերի հիման վրա պետք է հարցը լուծվի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի: Այլ մանրամասներ այս մասին չեն նշվում, և չի հստակեցվում, թե ինչ տարրերի մասին է խոսքը:

Կառավարության ծրագրում չի նշվում, որ իշխանությունները աշխատելու են նախկին ԼՂԻՄ տարածքների հետբերման ուղղությամբ, ինչը ՔՊ-ն առաջնահերթություն էր համարում:

Ի տարբերություն ՔՊ ծրագրի՝ կառավարությունը  չի խոստանում նաև Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում օժանդակություն ցուցաբերել:

Հատկանշական է նաև, որ կառավարությունը խուսափել է օգտագործել Արցախի Հանրապետություն եզրույթը ծրագրի ողջ տեքստում, թեև ՔՊ-ի ծրագրում այն մի քանի անգամ հանդիպում էր:  

Ի դեպ, օգոստոսի 24-ին կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Արցախի մասով կուսակցության և գործադիրի ծրագրերի տարբերություններին՝ նշելով, որ իրենք կառավարության ծրագիրը ձևակերպել են այնպես, որ այն մաքսիմալ համապատասխան լինի բանակցային գործընթացի համար պատշաճ միջավայր ձևավորելուն։ «Ես ուզում եմ հիշեցնել, որ հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ստեղծել պատշաճ միջավայր բանակցությունների գործընթացի համար:… Եվ մենք, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության այդ հայտարարությունը: Եթե մենք ասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունները պետք ա վերականգնվեն, չենք կարող այդ ուղղությամբ քայլեր չանենք»,- նշել է Փաշինյանը:

Տնտեսություն

Տնտեսության վերաբերյալ մոտեցումները հիմնականում չեն տարբերվում երկու փաստաթղթերում: Կան աննշան փոփոխություններ: 

Կառավարության ծրագրից բացակայում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 4269 ԱՄՆ դոլարից նվազագույնը 5900 ԱՄՆ դոլար դարձնելու խոստումը: 

Եթե կառավարության ծրագրում նշվում է, որ նվազագույն կենսաթոշակի և  կենսաթոշակի միջին չափերը հավասարեցվելու են համապատասխանաբար` պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, ապա ՔՊ ծրագիրն ավելի կոնկրետ է՝ կենսաթոշակի միջին չափը 43,500 դրամից դարձնել առնվազն 61,000 դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակը 26,500 դրամից դարձնել 37,000 դրամ:

Միջին աշխատավարձը 190,000 դրամից 300 հազար դրամ դարձնելու նպատակը նույնպես նշված չէ կառավարության ծրագրում:

ՔՊ ծրագրում նշվում էր, որ հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները 26,500 դրամից դարձնելու են 33,000-52,000 դրամ՝ ըստ ծանրության աստիճանի, զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը 1-ին խմբի համար դարձնելու են 55,000 դրամ, 2-րդ խմբի համար՝ 42,000 դրամ, 3-րդ խմբի համար՝ 37,000 դրամ։

Կառավարության ծրագրում թեև նշվում է, որ այս ուղղությամբ քայլերը շարունակվելու են, սակայն՝ առանց մանրամասների:

Փաստերի ստուգման հարթակ