«Մեդիալաբի» հարցերին պատասխանում «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը
– Պարո՛ն Նորիկյան, ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ կաշառք ստանալու ու տալու մեղադրանքով, հրապարակվել է Ղուկասյանի մասնակցությամբ ձայնագրություն: Կատարվողն ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Այս պահին ձեռնպահ կմնամ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ կոնկրետ բան ասելուց, բնականաբար, եթե հիմնավորվի, որ որևէ անձ, ով ուզում է լինի, եթե կատարել է նման արարք, ապա ինձ համար դա դատապարտելի ու անընդունելի երևույթ է, ու նա պետք է պատասխանատվություն կրի:
Այլ հարց է, որ այս ամենն ունի քաղաքական շտրիխ. ակնհայտ է, որ այս տարվա գարնանից սկսած, Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքով պայմանավորված, իշխանությունն արեց հնարավորը, որ տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ: Այս ամենն ունենալու է քաղաքական հետևանք, որովհետև համայնքի ղեկավարի լիկվիդացիայից հետո, բնականաբար, նոր ղեկավար է ընտրվելու, ու իշխանությունն ամեն ինչ կանի, որպեսզի համայնքի ղեկավար դառնա իր ներկայացուցիչը: Եթե դա հաջողվի ՔՊ-ին, ապա կնշանակի, որ ՔՊ-ն հասավ իր ուզածին, լիկվիդացրեց ընտրությունների արդյունքով ձևավորված համայնքի իշխանությանը ու ձևավորեց իր քիմքին հաճո իշխանություն:
– Իսկ բերման ենթարկելու մեթոդը օրինաչա՞փ եք համարում:
– Դա ուղղված է հասարակության մեջ վախի մթնոլորտ սերմանելուն, հոգեբանական ազդեցություն գործելուն, ուժային կառույցների գործողություններում դա կիրառվող, ընդունված պրակտիկա է երբեմն: Մեր Քրեադատավարական օրենսգիրքը տալիս է հնարավորություն կասկածվող, մեղադրվող կամ հարցաքննվող անձին ծանուցել ու հրավիրել համապատասխան քննչական ստորաբաժանում ու հարցաքննել: Սրանից դուրս գործողություններն արվում են տպավորություն թողնելու, ինչու չէ՝ վախի մթնոլորտ սերմանելու համար, դա ակնհայտ է, երկրորդ կարծիք լինել չի կարող:
– Պարո՛ն Նորիկյան, իսկ այս գաղտնալսումների, հետո դրանց արտահոսքերի մասին ի՞նչ գնահատական ունեք:
– Բնականաբար, դա քարոզչական ուղեկցող ֆոն է, որպեսզի հանրության մեջ համոզմունք կամ տեսակետ ձևավորվի իրականացվող գործողության ռեալությունը ապահովելու համար: Ես չեմ կարող ասել, թե դրանք ինչ ձայնագրություններ են, մոնտաժվա՞ծ են, թե՞ ոչ, իրակա՞ն են, թե՞ ոչ, այդ մարդկանց ձայնե՞րն են, թե՞ ոչ, որովհետև իսկապես դժվար է այս պահին միանշանակ գնահատական տալ: Բայց, ընդհանուր առմամբ, ինձ համար այլևս պարզ է, որ այս իշխանությունն անելու է ամեն ինչ, բոլոր հնարավոր օպոնենտներին լիկվիդացնելու է՝ 2026 թվականի ընտրություններում իր «ջախջախիչ» հաղթանակն ապահովելու համար:
– Նկատի ունեք, որ դեռ նոր ձերբակալություննե՞ր են լինելու:
– Այո՛, սա վերջին ձերբակալությունը չէ, վստահ եմ: Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը կգնա սեփական թիմակիցներից որոշ մասի գլխատմանը՝ փիար կամպանիայի համատեքստում ու կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, որ հանրությանը ցույց տա, թե ինքը պողպատե մանդատը կիրառելու ռեսուրս, վճռականություն ու ներուժ ունի, բայց ակնհայտ է, որ այդ ամենը միտված է բացառապես 2026-ի ընտրություններում սեփական հաղթանակն ապահովելուն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















