ՀԱԿ հիմնավորումը Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացման անհրաժեշտության վերաբերյալ

Ներկայացված է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության կողմից
9 օգոստոսի, 2011թ.
Երևան

ՆԱԽԱԲԱՆ

 

Հայաստանում խախտված է սահմանադրական կարգը, գործում է ոչ լեգիտիմ իշխանություն, ինչը ներքաղաքական ճգնաժամի ու դրա ածանցյալ տնտեսական, սոցիալական եւ այլ ճգնաժամերի հիմքն է։ Իշխանության ոչ լեգիտիմությունը կարող է առաջանալ իրավական հիմքով՝ երբ այն ձեռք է բերվում սահմանված օրենքների խախտմամբ, ընտրակեղծիքներով ու բռնություններով։ Իշխանության ոչ լեգիտիմությունը կարող է առաջանալ նաեւ քաղաքական հիմքով՝ իբրեւ արդյունք իշխանության չարաշահման, հանցավորության, իշխանության սահմանադրական գործառույթների խեղման, ապօրինի կառավարման կամ կառավարման անկարողության, որոնք հանգեցնում են տնտեսության զարգացման խոչընդոտների ստեղծման, սոցիալական իրավիճակի սրման, ժողովրդավարության սահմանափակումների, մարդու իրավունքների ոտնահարումների, ժողովրդագրական վիճակի վատթարացման եւ այլն, իշխանության նկատմամբ հարուցում հասարակության դժգոհությունն ու անվստահությունը։ Երկու դեպքում էլ լեգիտիմության առաջացած ճգնաժամը լուծվում է արտահերթ ընտրություններով՝ ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ իշխանության ձեւավորմամբ։

 

Հայաստանի ներկա իշխանական համակարգը բնորոշվում է ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական ոչ լեգիտիմությամբ, լիովին հակաժողովրդավարական եւ կոռումպացված բնույթով։ Այն՝

  • ձեւավորվել է ժողովրդի կամքը ամբողջությամբ աղավաղող համատարած եւ լայնածավալ ընտրակեղծիքների եւ բռնությունների արդյունքում,

  • ժողովրդի կողմից չընտրված իշխանության բռնի պարտադրման ընթացքում չի խորշել սեփական ժողովրդի վրա կրակելուց եւ 10 անմեղ մարդկանց սպանելուց,

  • ժողովրդի խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով ներքաղաքական խնդիրների մեջ է ներքաշել եւ օգտագործել Հայաստանի զինված ուժերը, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում է,

  • իրականացրել է մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պարբերական խախտումներ,

  • ամբողջությամբ, վերից վար կոռումպացված է եւ, չլինելով հաշվետու ժողովրդի առաջ, բացառապես սպասարկում է մի քանի բարձրագույն պաշտոնյաների եւ ապօրինի մենաշնորհային արտոնություններ վայելող օլիգարխների տնտեսական շահերը,

  • երկրի խորհրդարանը` Ազագյին Ժողովը վերածել է մի լոբբիստական կոռուպցիոն կառույցի, որում ընդգրկված պատգամավորների ճնշող մեծամասնությունը, Սահմանադրության խախտումով զուգահեռաբար զբաղվելով գործարար գործունեությամբ, ծառայեցնում է պետության օրենսդիր իշխանությունը սեփական հարստացման գործին,

  • ձախողել է երկրի կառավարումը, արձանագրել տնտեսական աննախադեպ անկում, ստեղծել սոցիալական համատարած դժգոհություն, առաջացրել աղետալի չափերի հասնող արտագաղթ։

 

Ըստ այդմ՝ սահմանադրական կարգի վերականգնումը եւ լեգիտիմ իշխանության հաստատումը հրատապ անհրաժեշտություն է, ինչին կարելի է հասնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Ստորեւ ներկայացվում են Հայաստանում հաստատված հակադեմոկրատական իշխանական համակարգի ոչ լեգիտիմության բաղադրիչները` որպես այդ անհրաժեշտության հիմնավորումներ:

ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2008թ. նախագահական ընտրություններում ընտրական իրավախախտումները, հանցագործությունները և կեղծիքները, լինելով աննախադեպ մասշտաբների, կրել են կազմակերպված բնույթ, և դրանում ներգրավված են եղել իշխանության բոլոր օղակները` գործադիր, օրենսդիր և դատական, ընտրական ինչպես նաև տարաբնույթ այլ գերատեսչություններ: Նախագահական ընտրություններում գործված կեղծիքները բազմիցս փաստվել են նախագահի թեկնածուների, տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների, վստահված անձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և պետական կառույցների կողմից: Այսպես.

 

  1. Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածը սահմանում է. «Գրանցման պահից ՀՀ նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց եւ իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունները։ Հանրապետության նախագահը կամ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնակատարը՝ ԱԺ նախագահը կամ վարչապետը հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը»։ Օրենքի պահանջը իմպերատիվ է եւ որեւէ մեկնաբանության չի ենթարկվում։ Գործող նախագահը 2008թ. նախագահական ընտրություններում առաջադրվեց եւ նախընտրական արշավը վարեց այդ պահանջի կոպիտ խախտմամբ. Սերժ Սարգսյանը միայն մի դեպքում կարող էր մասնակցել նախընտրական արշավին եւ քվեարկվեր՝ պահպանելով վարչապետի պաշտոնը եւ գործառույթը՝ եթե ունենար ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակ։ Այդպիսի կարգավիճակ նա չուներ եւ ընտրություններին մասնակցեց որպես գործող վարչապետ եւ նախագահի թեկնածու։ Միայն այս փաստը բավարար է նրա ընտրությունը անօրինական, ոչ լեգիտիմ ճանաչելու համար։

  2. Սահմանադրության 53.1 հոդվածը սահմանում է. «Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում, եւ հանրապետության նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը»։ Նախագահի ընտրություն նշանակում է ընտրական ողջ գործընթացը՝ սկսած առաջադրումից, մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է՝ ՍԴ որոշումը։ Մինչդեռ ընտրական գործընթացի մաս հանդիսացող բողոքարկման քննարկումը Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ մարտի 5-ին՝ արտակարգ դրության պայմաններում։ Նման ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել։

  3. Սահմանադրական դատարանում խախտված էր կողմերի հավասարության սկզբունքը։ Արտակարգ դրությամբ մտցված լրատվական սահմանափակումները կողմերից մեկին՝ ընդդիմությանը իսպառ զրկել էին ՍԴ-ում հայցի քննարկման գործընթացի լուսաբանման հնարավորությունից։ Հավասարության սկզբունքը խատված էր նաեւ ՍԴ դատաքննության ընթացքում, քանի որ նույն՝ ընդդիմադիր կողմի ամենակարեւոր վկաները ձերբակալված էին կամ գտնվում էին հետախուզման մեջ։ Իսկ ընդդիմության նախագահի թեկնածուն մարտի 1-ից գտնվում էր փաստական տնային կալանքի տակ։

Վերոնշյալ հարցերը ընդդիմադիր թեկնածուի կողմից բարձրացվեցին Սահմանադրական դատարանում (5 մարտի, 2008թ.) որոնցից եւ ոչ մեկին դատարանը չանդրադարձավ իր որոշման մեջ։ Խուսափելով անդրադառնալ ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնող անառարկելի փաստերին ու դրանք շրջանցելով՝ Սահմանադրական դատարանն, ըստ էության, արձանագրեց դրանց անհերքելիությունը՝ դրանով իսկ լռելյայն անվավեր ճանաչեց ընտրությունները։ Մյուս կողմից՝ նա ցուցաբերեց իր անզորությունը արտակարգ դրության պայմաններում։ Նման պայմաններում ՍԴ կայացրած որոշումը չի կարող օրինական եւ իրավազոր համարվել եւ ճանաչվել նախագահի լեգիտիմության հիմք։

  1. Ընտրական օրենսգրքի 4-րդ հոդվածը սահմանում է. «Պետությունը հավասար պայմաններ է ստեղծում քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման համար»։ Ողջ ընտրարշավի ընթացքում խախտվել է նախագահի թեկնածուների հավասար քարոզչական հնարավորությունների սկզբունքը։ Այսպես՝ «Երեւանի մամուլի ակումբի» անցկացրած անկախ դիտարկման տվյալներով՝ Հայաստանի յոթ գլխավոր հեռուստակայանները եւ հանրային ռադիոն հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին արձակել են Սերժ Սարգսյանին վերաբերող 218 դրական, 16 բացասական եւ 1504 չեզոք, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին հիշատակող՝ 16 դրական, 404 բացասական եւ 468 չեզոք հաղորդագրություն։1 Բուն քարոզարշավի շրջանում (հունվարի21- փետրվարի 17) այդ թվերն ունեն այսպիսի պատկեր. Ս. Սարգսյանը հիշատակվել է 1384 անգամ, որից 264 անգամ դրական, 60 անգամ բացասական, 1066 անգամ չեզոք։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշատակվել է 1232 անգամ, որից 22 դեպքում դրական, 406 անգամ բացասական, 804 անգամ չեզոք։ Բացի դա, որպես գործող վարչապետ, Ս. Սարգսյանն ունեցել է 17.045 վրկ. Լրացուցիչ խմբագրական լուսաբանում, Լեւոն Տեր-պետրոսյանը, բնականաբար՝ 0։ Պաշտոնական քարոզարշավի ընթացքում քարոզչական անհավասար հնարավորությունների մասին արձանագրվել է նաեւ ԵԽԽՎ/ԺՀՄԻԳ Վերջնական զեկույցում (30.05.2008թ). «ԿԸՀ-ն եւ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) չեն ապահովել, որպեսզի լրատվամիջոցները համապատասխանեն իրենց պարտավորություններին, եւ լրատվամիջոցների կողմնակալությունն ակներեւ է եղել։ Վարչապետ Սարգսյանի, այդ թվում նաեւ նրա պաշտոնական պարտականությունների լուսաբանումը բարենպաստ լույսի ներքո, նրան ոչ տեղին առավելություն շնորհեց։ Ընդդիմության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ունեցել է բացասական լուսաբանման մեծ ծավալ, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով»։ Նույն առիթով՝ «Վարչապետ Սարգսյանին շնորհված նպաստավոր վերաբերմունքը անհամատեղելի է պետության իրավական պահանջների հետ, համաձայն որոնց՝ պետք է ստեղծվեն քարոզչության հավասար պայմաններ, եւ պաշտոնյաները պետք է զերծ մնան քաղաքացիների ազատ կամքի վրա ազդելու իրենց իշխանության օգտագործումից»։ Այդ մասին խոսվում է ԵԽԽՎ 1609 բանաձեւում՝ արձանագրելով, որ «թեկնածուների համար քարոզարշավի իրականացման պայմաններն անհավասար էին», իսկ ԱՄՆ պետքարտուղարության 2008թ. տարեկան զեկույցը, որպես ընտրությունների կեղծման մի ատրիբուտ, համարում է «իշխանական թեկնածուի բարենպաստ լուսաբանումը» լրատվամիջոցներով ։

  2. 2008թ. փետրվարի 19-ի երեկոյան ժամը 7-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկությանը մասնակցածների թիվը՝ շուրջ 1.100000։ Մեկ ժամ անց՝ ժամը 20-ին, քվերկաության ավարտին, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը դարձավ 1.671000 մարդ։ Այսինքն՝ նախորդ տասնմեկ ժամերից յուրաքանչուրում միջին հաշվով քվեարկել էր 100.000 մարդ, վերջին մեկ ժամում՝ գրեթե 6 անգամ ավելի՝ 571.100։ Իսկ եթե նկատի ունենանք, որ գյուղական շուրջ 900 համայնքներում քվեարկությունն ըստ էության ավարտվում է արդեն իսկ օրվա առաջին կեսին, ապա 1000 տեղամասը (ժամում 571 մարդ) ոչ մի հաշվարկով չէր կարող սպասարկել 571.000 մարդուն ։ (Հիշեցնենք, որ հենց ընտրական տեղամասերի թողունակությունը նկատի ունենալով է, որ ընտրական տեղամասերում ընտրողների թիվը նախկին 3000-ից իջեցվեց 2000-ի՝ մեկ ժամի հաշվարկով նրանց թողունակությունը գնահատելով առավելագույնը 165 մարդ)։ Տվյալ դեպքում առեղծվածն այլ բան չէ, քան մոտ 500.000 այն մարդկանց ձայների կեղծումը, որոնք մշտապես բացակայում են երկրից, բայց, հաշվառումից դուրս եկած չլինելով, արտահայտված են ընտրացուցակներում։ Միայն այս հանգամանքը, չհաշված այլ տիպի օրինախախտումները, իշխանական թեկնածուի համար ապահովել է մինչեւ 40% կեղծված ձայն՝ քվեարկության մասնակիցների արձանագրված թվից։ ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում արձանագրված դիտարկումը, թե այս ընտրությունն ունեցել է «մասնակցության կասկածելիորեն բարձր թիվ»՝ մեկնաբանելի է հենց այս կոնտեքստում։

  3. Նախագահի ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների, ընտրական թիմի ակտիվիստների նկատմամբ քարոզարշավի ընթացքում, ընտրության օրը եւ դրանց հետո, մասնավորապես՝ մարտի 1-ի իրադարձությունների առիթով իշխանության կողմից իրականացվել են ահաբեկումներ եւ բռնություններ։ Ընտրության օրը շատ տեղամասերից դուրս են քշվել վստահված անձինք, նույնիսկ՝ հանձնաժողովի ընդդիմադիր անդամներ, դիտորդներ, լրագրողներ կամ խոչընդոտվել, խափանվել է նրանց աշխատանքը։ 150-ից ավելի մարդ ձերբակալվել է, հարյուրավորներ ենթարկվել են հալածանքների, հազարավոր մարդիկ ենթարկվել են խուզարկությունների եւ տարաբնույթ հետապնդումների։ Այս ամենն ունեցել է զուտ քաղաքական դրդապատճառ՝ նպատակաուղղված իշխանության թեկնածուի հաղթանակի ապահովմանը եւ պահպանմանը։

  4. Բացի ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից, նրան պաշտպանող երկու տասնյակ քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից, հարյուրհազարավոր քաղաքացիներից, ընտրությունները եւ դրանց արդյունքները կեղծված ճանաչեցին նաեւ Հայ հեղափոխական դաշնակցություն եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների թեկնածուները։ Դա արձանագրված է, մասնավորապես, միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում։ ՕԵԿ-ի ներկայացուցիչն այդ մասին հայտարարեց Համաժողովրդական շարժման տասնօրյա հետընտրական հանրահավաքներից մեկում (փետրվարի 21-ին)։ Դաշնակցության թեկնածու Վ. Հովհաննիսյանը, որպես բողոքի նշան, հրաժարական ներկայացրեց ԱԺ փոխնախագահի իր զբաղեցրած պաշտոնից 2008թ. փետրվարի 22-ին, իսկ ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչը փետրվարի 24-ին հրաժարվեց ստորագրել ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը՝ դրա տվյալները համարելով կեղծված։ Այսպիսով, անգամ համաձայն պաշտոնական տվյալների` մոտ 45% ձայն հավաքած ուժերը չեն ճանաչել ընտրությունների արդյունքները:

  5. Եւրոպական դիտորդական առաքելությունների զեկույցներում մանրամասնորեն արձանագրվել են ընտրական օրենսգրքի խախտումների, անհավասար քարոզչական հնարավորությունների, լցոնումների, ընտրակաշառքի, կրկնակի քվեարկությունների, իշխանությունների կողմից կիրառված բռնությունների, ձայների ամփոփման ժամանակ տեղի ունեցած զեղծարարությունների, վստահված անձանց աշխատանքի խափանման, վարչական ռեսուրսների օգտագործման բազմաթիվ դեպքեր։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության Վերջնական զեկույցում2 արձանագրված է մասնավորապես.

  • «Գործող կառավարությունը, այդ թվում նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն, եւ նախագահ Ռ. Քոչարյանը, զգալի առավելություն ունեին ընտրական հանձնաժողովների ղեկավար պաշտոնների նշանակումների թվի մեջ, ինչը մտահոգություն է առաջացնում ընտրական վարչարարության անկախության եւ անկողմնակալության վերաբերյալ»։

  • «Պարոն Սարգսյանը լրացուցիչ հասարակայնություն եւ քարոզչական առավելություն ստացավ իր պաշտոնական դիրքի միջոցով»։

  • «Որոշ տեղերում ակնառու են եղել ահաբեկման դեպքեր, գործընթացը մանիպուլյացիայի ենթարկելու փորձեր, եւ իշխանությունները համարժեք կերպով չեն արձագանքել ընտրությունների օրը եւ դրանից հետո հայտնված այս խնդիրներին։ Որոշ տեղամասային ընտրական հանձնաժողովներ չեն ցանկացել գրանցել պաշտոնական բողոքները»։

  • «Հակասություններ են եղել քվեաթերթիկների վավերության որոշման մեջ, դժկամություն նշված քվեաթերթիկները ցույց տալու գործում, մի թեկնածուի քվեաթերթիկի վերագրում մի այլ թեկնածուի, արձանագրությունների ստորագրում մինչ հաշվարկի ավարտը, չլրացված արձանագրությունների ստորագրում, արձանագրությունների մեջ տվյալների փոփոխում, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով արձանագրությունների հանրային ցուցադրման ձախողման դեպքեր»։

  • «Ընտրական նյութերի առաքումը չկնքված փաթեթներում, թեկնածուների վստահված անձանց կողմից հանձնաժողովի անդամի գործառույթի իրականացում, ամփոփման սխալների նկատմամբ ոչ հետեւողական մոտեցում, ինչպես նաեւ դիտորդներին արձանագրությունները ցույց չտալը։ ՏԸՀ արդյունքների վերահաշվարկի բազմաթիվ պահանջներ են եղել, որոնց մի մասը մերժվել է ԸԸՀ-ի կողմից առանց հիմնավոր պատճառի»։

  • «ԿԸՀ-ի կողմից բողոքների վարումը թափանցիկ չի եղել։ Հիմնականում բողոքների քննարկումը ԿԸՀ-ը կազմակերպել է ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ, որոնց վստահված անձինք, դիտորդները եւ լրատվամիջոցները հրավիրված չեն եղել եւ մերժել է դրանք առանց համապատասխան քննության»։

  • «Թեեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին նախընտրական շրջանում եւ քվեարկության ժամերին, որոշ պարտավորությունների նկատմամբ ի հայտ եկան լուրջ մարտահրավերներ՝ հատկապես ընտրությունների օրվանից հետո։ Սա ժողովրդավարական ընտրությունների համար էական չափանիշների նկատմամբ ցուցաբերեց անբավարար հարգանք եւ արժեզրկեց ամբողջ ընտրական գործընթացը»։

Դիտորդական առաքելության Վերջնական զեկույցն արձանագրում է, որ իրենց կողմից վերահսկված ընտրական տեղամասերի 16%-ում ընտրություններն անցել են «վատ» կամ «շատ վատ»։ Հասկանալի է, անշուշտ, որ արտասահմանյան դիտորդների վերահսկած ընտրատեղամասերում ընտրակեղծարարները շատ ավելի կաշկանդված են եղել։ Բայց եթե անգամ այս 16%-ը տարածենք ողջ հանրապետության վրա (պայմանականորեն համարելով, որ մնացած 84%-ում ընտրություններն իդեալական են անցել) իսկ «վատ» եւ «շատ վատ» գնահատականների տակ դնենք նվազագույն՝ 100-150 կեղծված ձայն, ապա սա միայն բավարար է Ս. Սարգսյանի ընտրված չլինելը թվաբանորեն փաստելու համար։ Մինչդեռ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի՝ խախտումներն «արժեզրկեցին ամբողջ ընտրական գործընթացը» գնահատականը կեղծված ձայների շատ ավելի մեծ քանակ է ենթադրում, եւ անհեթեթ կլիներ, եթե դրա տակ ձայների ընդամենը 2,5% կեղծիք ենթադրվեր։ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից վերահաշվարկ պահանջող դիմումներից մեկը բավարարվեց 9-րդ ընտրատարածքի տեղամասերից մեկում։ Վերահաշվարկով պարզվեց, որ Ս. Սարգսյանի օգտին առանձնացված 709 քվեաթերթիկներից միայն 376-ն են նրա օգտին քվեարկված, 333-ը նրա տրցակի մեջ դրվել էր տարբեր թեկնածուների, մեծագույն մասը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները։ Վերահաշվարկի այս ճշգրտված տվյալներով պաշտոնական արձանագրությունը հրապարակվեց փետրվարյան հանրահավաքներից մեկում։ Վերահաշվարկի երկրորդ փորձը կատարվեց Շիրվանզադեի անվան դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում, որտեղ սակայն վերահաշվարկը դեռ չսկսված, նրանց առջեւից սեղանի վրայից հափշտակվեց եւ առեւանգվեց փաստաթղթերի պարկը։ Այլեւս որեւէ տեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց վերահաշվարկի հնարավորություն չտրվեց։ Մյուս թեկնածուների վստահված անձանց դիմումների հիման վրա կատարված ստուգումները կրել են ձեւական բնույթ։

  1. Ընտրակեղծիքների մասին փաստագրումները տեղ են գտել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության 2008 Հայաստանին վերաբերող զեկույցներում։ Մասնավորապես՝ Մարդու իրավունքների 2008թ. զեկույցում արձանագրված է.

«2008թ. նախագահական ընտրությունները նշանակալիորեն կեղծված էին։ Խնդիրները ներառում էին իշխանական թեկնածուի բարենպաստ լուսաբանումը, լցոնումների դեպքերը, փողով ձայների գնումը, բազմակի քվեարկությունը, ընտրողների ահաբեկումը, ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր անդամների եւ վստահված անձանց նկատմամբ բռնությունը եւ քվեարկության մասնակիցների չափազանց մեծ թիվը»։ Իսկ ընտրությունները գնահատվում են ոչ այլ կերպ, քան «նշանակալիորեն արատավոր» (significantly flawed)։

Այս դեպքում եւս՝ նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանն, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել է ընդամենը անհրաժեշտ ձայներից 2.5% ավելի, ապա «նշանակալիորեն կեղծված», «նշանակալիորեն արատավոր» կոշտ որակումները եւ արտահայտած տարակուսանքը «քվեարկության մասնակիցների չափազանց մեծ թվի» վերաբերյալ ամենեւին համարժեք չեն ընդամենը 2,5% խախտումների։ Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահն այդպես էլ շնորհավորական ուղերձ չհղեց Սերժ Սարգսյանին՝ նկատի ունենալով, անշուշտ, նրա, ըստ էության, ընտրված չլինելու հանգամանքը։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի 2010թ. զեկույց. «Ս. Սարգսյանն ստանձնեց նախագահի պաշտոնը նշանակալիորեն կեղծված ընտրություններից հետո։ Քաղաքացիների իրավունքը՝ փոխել իշխանություններին խաղաղ ընտրություններով, սահմանափակված է շարունակական, նշանակալի ընտրակեղծիքներով ուղեկցվող ընտրություններով, ներառյալ՝ հունվարին տեղի ունեցած վերընտրությունները խորհրդարանական թափուր տեղի համար»։

  1. Ընտրությունների կեծված լինելը հիմնավորվում է նաեւ ընտրությունների պաշտոնական արդյունքների գիտական վերլուծությամբ։ Policy Forum Armenia կազմակերպության հրապարակած զեկույցը ուշադրություն է հրավիրում 2008թ. ընտրությունների պաշտոնական արդյունքների չորս աղաղակող վիճակագրական անոմալիաների վրա։3

 

– Ընտրատեղամասերում ընտրողների մասնակցության վիճակագրական ստանդարտ ակնկալիքն ունենում է մաթեմատիկայում հայտնի, այսպես կոչված, «գաուսյան բաշխման» տեսք։ 2008թ. նախագահական ընտրությունների պարագայում գաուսյան կորի համապատասխան հատվածում անձանագրվել է անբնական շեղում վիճակագրական նորմայից՝ ցույց տալով ընտրողների շատ բարձր մասնակցությամբ ընտրատեղամասերի անհավանականորեն բարձր թիվ, ինչը կարող է բացատրվել միայն լայնածավալ, նպատակաուղղված արհեստական միջամտությամբ, այսինքն՝ կեղծարարությամբ։ Մասնավորապես, անհավանան է այն հանգամանքը, որ 129 տեղամասերում ընտրողների քանակը գերազանցել է 90%-ը, իսկ 6 տեղամասերում գրանցվել է 100% մասնակցություն։

– Գաուսյան բաշխման տեսք պետք է ունենա նաեւ թեկնածուների ստացած ձայների բաշխումը, այնինչ 2008թ. ընտրություններում չափազանց մեծ թվով ընտրատեղամասերում Ս. Սարգսյանի ստացած ձայների տոկոսը եղել է խիստ բարձր եւ գաուսյան բաշխումից տարբեր։ Մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում եղել են չափազանց մեծ թվով ընտրատեղամասեր, որտեղ նա ստացել է շատ փոքր թվով ձայներ (իսկ 45 ընտրատեղամասում նա ստացել է 0 ձայն), ինչը նույնպես չափազանց տարբեր է վիճակագրական ակնկալիքից։ Այստեղ հետաքրքիր է նշել, որ Արթուր Բաղդասարյանի եւ Վահան Հովհաննիսյանի ստացած ձայների բաշխումը ունի գաուսյան բաշխման տեսք առանց նմանօրինակ որեւէ շեղման, ինչը ցույց է տալիս, որ այլ թեկնածուների քվեներից ՝ գլխավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված քվեների հաշվին են կատարվել կեղծիքները հօգուտ Ս. Սարգսյանի։

– Ըստ վիճակագրական ստանդարտ ակնկալիքի՝ թեկնածուների ստացած ձայների տոկոսը որեւէ կախվածություն չպետք է ունենա տվյալ տեղամասում ընտրողների մասնակցության թվից. 2008թ. ընտրությունների վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ բարձր մասնակցության ընտրատեղամասերում մեծանում է Սերժ Սարգսյանի ստացած ձայների տոկոսը եւ փոքրանում Լեւոն Տեր-Պետրոսյանի ստացած ձայների տոկոսը։ Այս դեպքում եւս Ա. Բաղդասարյանի եւ Վ. Հովհաննիսյանի ստացած ձայների տոկոսը ընտրողների մասնակցության թվից որեւէ կախվածություն չունի եւ բավարարում է գիտական այս մեթոդաբանության պահանջներին։

– Որեւէ վիճակագրական փոխկապվածություն (կոռելյացիա) չպետք է լինի նաեւ անվավեր ընտրաթերթիկների քանակի եւ թեկնածուների ստացած ձայների տոկոսների միջեւ։ Վիճակագրական վերլուծությունը, սակայն, բացահատում է, որ այն տեղամասերում, որտեղ շատ քիչ են եղել անվավեր թերթիկներ, շատ բարձր է եղել Ս. Սարգսյանի օգտին քվեարկածների տոկոսը, ինչը նույնպես ապացուցում է արհեստական, ապօրինի միջամտությունները հօգուտ Սերժ Սարգսյանի։

 

Այսպիսով, արձանագրված փաստերը և վերլուծությունները միանշանակ կերպով վկայում են, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ` համաձայն Սահմանադրության և օրինական ընթացակարգերի, ուստի Հայաստանում այս պահին գոյություն չունի ընտրված և լեգիտիմ նախագահական իշխանություն:

ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ՍՊԱՆԴ, ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿՈՒՄ

 

Որևէ իշխանություն դադարում է լեգիտիմ լինել, երբ կրակում է սեփական ժողովրդի վրա: Արյան, ոճրագործության, բռնության վրա հիմնված իշխանությունը անմիջապես օտարվում է սեփական ժողովրդից: Մարտիմեկյան սպանդը այս ամենի դասական օրինակ է: Այսպես.

 

  1. 2008 թ. փետրվարի 20-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները սկսեցին անցկացնել ամենօրյա ցույցեր նախագահական ընտրություններում աղաղակող կեղծիքներով արձանագրված արդյունքների բողոքարկման նպատակով: Տասնօրյա ցույցերը եւ երթերը, որոնց մասնակցեցին հարյուր հազարավոր մարդիկ, աչքի ընկան բարձր կազմակերպվածությամբ եւ բացառապես խաղաղ բնույթով: Հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ ցույցերի եւ երթերի ընթացքում չի արձանագրվել բռնության, անկարգություն կամ հասարակական կարգի խախտման որեւէ դեպք: Այդ մասին համապատասխան գնահատականներով հանդես եկան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Գերդտ Արենսը («Մենք տեսել ենք, որ մարդիկ իսկապես օրինապահ են այդ հրապարակում, եւ չեմ կարծում, որ այնտեղ խուլիգաններ կան: Ու հատկապես երիտասարդները մտահոգված են ժողովրդավարական ընտրություններով: Սա մի շարժում է, որին պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն այս երկրի քաղաքական գործիչները: Նաեւ կարծում եմ, որ ճիշտ ձեւով պետք է վարվել այս շարժման հետ», «Ազատություն» ռադիոկայան, 29.02.2008) եւ ԵԱՀԿ-ում ԱՄՆ պատվիրակությունը («Հավաքների ազատության խաղաղ դրսեւորումը, գումարած՝ բազմության արդյունավետ եւ ոչ բռնի կառավարումը, նշանակալի ձեռքբերում են եւ ժողովրդավարության առաջընթացի նշան», 2008թ. փետրվարի 29): Պատահական չէ, որ հետագայում ոչ մի ընդդիմադիր առաջնորդի կամ ակտիվիստի նկատմամբ չի առաջադրվել ապօրինի հավաքներ կազմակերպելու մեղադրանք: Չնայած ցույցերի բացառապես օրինական եւ խաղաղ բնույթին, Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը ընդդիմության հետ քաղաքական երկխոսությամբ եւ խաղաղ բանակցություններով կարգավորելուց եւ որոշում ընդունեցին ժողովրդի օրինական բողոքը բռնի ուժով ճնշելու մասին: Ուժային մեթոդների ապօրինի գործադրման հիմնական պատճառը ընտրության արդյունքներն իրավական ճանապարհով հիմնավորելու եւ վավերացնելու հարցում՝ իշխանություն մտավախությունն էր ։ Մարտի 1-ի վաղ առավոտյան, առանց նախազգուշացման, Ազատության հրապարակում բողոքի խաղաղ նստացույցը ենթարկվեց ոստիկանական ուժերի գրոհի եւ ջարդի։ Նույն օրը երեկոյան այլ տեղում հավաքված խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեց հրազեն, ինչի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 10 մարդ։

  2. Իշխանությունները, մինչ ոստիկանական գործողություններ ծավալելը, ոչ մի քայլ չեն արել ընդդիմության հետ շփման մեջ մտնելու եւ լուրջ քաղաքական բանակցություններ սկսելու համար: Իսկ երբ ավելի ուշ, Մարտի 1-ին, ժամը 14:00-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նման բանակցությունների առաջարկ արվեց ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաներին, այն անմիջապես մերժվեց: Հետագայում, օրվա ընթացքում, երբ բազմության քանակն արագորեն աճում էր, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ եւ մի շարք արեւմտյան դիվանագետների միջնորդությամբ վերջապես տեղի ունեցան նման բանակցություններ` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ՝ իրենց անվտանգության ծառայությունների պետերի միջոցով: Այնուամենայնիվ, ժամը 21:00-ին, երբ բանակցությունները դեռ շարունակվում էին, կառավարական անվտանգության ուժերը, առանց որեւէ զգուշացման, կրկին հարձակվեցին ցուցարարների վրա: Դա վկայում է, որ, բանակցություն վարելով, կառավարությունը ժամանակ էր շահում վերախմբավորելու, նախապատրաստելու իր անվտանգության ուժերը եւ ոստիկանությանը կցված հրոսակների խմբերը՝ նոր հարձակումների համար:

  3. Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման եւ սպանությունների մեղավորներին պատժելու նպատակով Հայ ազգային կոնգրեսը իր հիմնադիր հռչակագրում, որպես ամենակարեւոր նպատակներից մեկը հայտարարեց «Միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ Մարտի 1-ի ոճրագործության իրապես անկախ քննության իրականացումը»: Կոնգրեսը այժմ էլ վստահ է, որ իրապես անկախ, անկողմնակալ եւ թափանցիկ քննություն կարող է կատարել միայն իշխանության եւ ընդդիմության հավասար ներկայացվածությամբ, ինչպես նաեւ` միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ կազմված իրավասու մի մարմին:

  4. Հայ ազգային կոնգրեսը եւ Ազգային Ժողովում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը համաձայնեցին մասնակցել 2008թ. հոկտեմբերի 23-ի նախագահական որոշմամբ ստեղծված Փաստահավաք խմբի (այսուհետեւ՝ ՓՀԽ) աշխատանքներին: ՓՀԽ-ն ստեղծվեց իշխող կոալիցիայի եւ ընդդիմության հավասար ներկայացվածության սկզբունքի հիման վրա, թեեւ այդ որոշումը չէր ապահովում ո՛չ ՓՀԽ-ի աշխատանքների թափանցիկությունը, ո՛չ էլ միջազգային փորձագետների ներկայությունը:

  5. ՓՀԽ-ն բավականին արդյունավետ գործեց 2008թ. նոյեմբերից մինչեւ 2009թ. մայիսն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում ՓՀԽ կողմից շուրջ 160 գրավոր հարցում է ուղարկվել տարբեր պետական կառույցների, որոնք առնչվում էին Մարտի 1-ի դեպքերին: Հարցաքննվել են ոստիկանության եւ բանակի 70 սպաներ: ՓՀԽ-ի կողմից ներկայացված քննության նյութերը բաղկացած են հարցաքննությունների 80-ժամյա տեսանյութերից, վկաներից հավաքված, դեպքերին առնչվող ավելի քան 100 տեսաձայնագրություններց, 2600 էջանոց փաստաթղթերից, ներառյալ` հարցումները եւ պաշտոնական պատասխանները:

  6. Իշխանություններն, այնուամենայնիվ, տարբեր ձեւերով խոչընդոտեցին ՓՀԽ-ի աշխատանքները, մասնավորապես, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարվեցին ՓՀԽ-ին վկայություններ տալուց (ամենակարեւորը` Պետական ապահովության ծառայության ներկայիս պետ Հայկ Հարությունյանը, ով ՀՀ ոստիկանապետն էր Մարտի 1-ի դեպքերի ժամանակ), թույլ չտրվեց ստուգում անցկացնել ռազմական պահեստներում, թեեւ հիմնավոր կասկածներ կային, որ 2008թ. մարտի 1-ին այդ պահեստներից համազգեստ է բաժանվել ապօրինի խմբավորումներին: Պաշտպանության նախարարությունը հրաժարվեց պատասխանել այն հարցումներին, որոնք վերաբերում էին բանակային ստորաբաժանումների մասնակցությանը մարտիմեկյան դեպքերին, Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվեց ներկայացնել իր տրամադրության տակ գտնվող, Մարտի 1-ին վերաբերող տեսանյութերը, հրաժարվեց նաեւ տրամադրել փետրվարի 28-29-ին վերաբերող այն օպերատիվ տեղեկատվությունը, որն, ըստ ոստիկանության պնդումների, Մարտի 1-ի ոստիկանության գործողությունների ծավալման հիմք էր հանդիսացել: ՓՀԽ-ին թույլ չտրվեց հետազոտել այն փաստական ապացույցները, որ ոստիկանությունը ձեռք էր բերել 2008թ. մարտի 1-ին, ՓՀԽ-ին հրաժարվեցին տրամադրել Մարտի 1-ին ոստիկանության կողմից օգտագործված հրաձգային (բալիստիկ) զենքի քննության հաշվետվությունը: Սկսած 2009 թ. ապրիլի 22-ից՝ բոլոր պետական մարմինները հրաժարվեցին գրավոր պատասխան տալ կատարվող հարցումներին, իսկ մայիսի 5-ից մինչեւ մայիսի 18-ը թույլ չտրվեց ՓՀԽ-ի ընդդիմադիր անդամների մուտքը իրենց աշխատավայր:

  7. Տարբեր պատճառաբանություններով ընդհատվեցին ՓՀԽ-ի աշխատանքներն անմիջապես այն բանից հետո, երբ վերջինս 2009թ. ապրիլի 22-ին հրապարակեց իր առաջին զեկույցը, իսկ Խումբը վերջնականապես լուծարվեց 2009թ. հունիսի 6-ի նախագահական որոշումով: Զեկույցը հետաքննել էր 2008թ. մարտի 1-ին ոստիկանության կապիտան Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքները: Հայտնաբերվել էր, որ մահվան հանգամանքների լուրջ իրավական եւ գործընթացային խախտումներով վարած պաշտոնական հետաքննության նպատակն է եղել պաշտպանել մահվան հանգամանքների պաշտոնապես ներկայացված տարբերակը, համաձայն որի՝ կապիտանը, իբր, մահացել էր ցուցարարների կողմից նետված նռնակի պայթյունի հետեւանքով:

  8. Խմբի աշխատանքներն արդյունավետ են եղել մինչեւ այն պահը, քանի դեռ չէր հրապարակվել վերը նշված առաջին զեկույցը, որով կասկածի տակ էր դրվում դեպքերի պաշտոնական վարկածը: Այդ պահից ի վեր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, ով ընդդիմության ներկայացուցիչ անդամների հետ միասին ստորագրել էր այդ զեկույցը, դարձավ իշխանությունների կողմից ճնշումների առարկա, ինչի հետեւանքով նա վերջնականապես հրաժարվեց մասնակցել ՓՀԽ աշխատանքներին: Չնայած այն բանին, որ դրան հաջորդեցին նաեւ իշխող կոալիցիայի երկու ներկայացուցիչների հրաժարականները, ընդդիմության երկու ներկայացուցիչները շարունակեցին իրենց աշխատանքները եւ 2009թ. հունիսի 4-ին, նախագահական որոշմամբ Խմբի լուծարումից ճիշտ երկու օր առաջ, հրապարակեցին մեկ այլ զեկույց՝ հիմնված ՓՀԽ-ի ձեռք բերած փաստերի վրա:

  9. Երկրորդ զեկույցն ամփոփում էր Ոստիկանության Ներքին զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների պաշտոնական քննության նյութերի հետազոտությունը: Այն ընդգրկում է անհերքելի փաստեր, որոնք ապացուցում են, որ Տիգրան Աբգարյանին սկզբում ենթարկել են դաժան ծեծի եւ հետո սպանել ընդհուպ