«Վերանայեք գործող նախագահին շնորհավորելու Ձեր որոշումը». Ստեփան Սաֆարյանի նամակը`Վիլֆրեդ Մարթենսին

«Վերանայեք գործող նախագահին շնորհավորելու Ձեր որոշումը». Ստեփան Սաֆարյանի նամակը`Վիլֆրեդ Մարթենսին
«Վերանայեք գործող նախագահին շնորհավորելու Ձեր որոշումը». Ստեփան Սաֆարյանի նամակը`Վիլֆրեդ Մարթենսին

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը բաց նամակ է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ

Պարոն Վիլֆրեդ Մարթենսին

Հարգելի պարոն,

Ինչպես գիտեք, ս.թ. փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Դրանցում հիմնական պայքարը ծավալվեց ընդդիմադիր «Ժառանգություն» եւ իշխանական Հանրապետական կուսակցությունների առաջնորդների միջեւ. երկուսն էլ` Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ-անդամ:

Մինչեւ ընտրությունները Դուք երկու թեկնածուներին հաջողություն մաղթեցիք եւ հույս հայտնեցիք, որ կանցկացվեն ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններ: Չնայած գործող նախագահի բազմաթիվ խոստումներին, դրանք ամենեւին ազատ եւ արդար չէին: Իրականում, ընտրությունների արդյունքները համակարգային կեղծման ենթարկվեցին, քանի որ Հանրապետական կուսակցության թեկնածուն փորձեց գողանալ հաղթանակը քվեատուփերի լցոնման, քվեաթերթիկների գողության եւ բազմակի քվեարկությունների միջոցով: Հրաշքի էր նման, որ չնայած քարոզարշավի ընթացքում գործող նախագահի կողմից պետական միջոցների լայնորեն չարաշահմանը, Րաֆֆի Հովհաննիսյանն առկա քվեների մեծամասնություն ստացավ ոչ միայն խոշոր քաղաքներում, այլեւ երկրի զգալի տարածքներում:

Կցված ֆայլերով Ձեզ ենք ներկայացնում ընտրությունների պաշտոնական արդյունքների՝ Policy Forum Armenia հեղինակավոր անկախ կազմակերպության կողմից իրականացված վերլուծությունը (որի հայտնաբերումները հաստատվել են աշխարհի մի քանի վիճակագիրների, այդ թվում` Կոլումբիայի համալսարանից Ֆրեդերիկ Սյոբերգի կողմից), ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ միջանկյալ զեկույցը, ինչպես նաեւ ԵԱՀԿ մի հեղինակավոր դիտորդի կողմից գրված վկայության նամակը: Այդ փաստաթղթերն ինքնին խոսուն են եւ լրացնում են փետրվարի 18-ին տեղի ունեցած ընտրախախտումների մասին մեծաքանակ վկայություններն ու տեսանյութերը: Այդ ամենը ոչ թե արդյունքների վրա էապես չազդող այստեղ կամ այնտեղ տեղի ունեցած պատահական խախտումների, այլեւ Հայաստանի քաղաքացու ժողովրդավարական կամքի կանխամտածված, պրոֆեսիոնալ խեղման ապացույցներ են:

Հակիրճ` Րաֆֆի Հովհաննիսյանը քվեների ճնշող մեծամասնություն է ստացել գրեթե ամեն մի տեղամասում, որտեղ արձանագրվել է ընտրողների միջին մասնակցություն, մինչդեռ Սերժ Սարգսյանը առկա քվեների գրեթե 100% կամ անգամ ավելին է ստացել բոլոր այն տեղամասերում, որտեղ ընտրողների 80-99% անհավանական մասնակցություն է գրանցվել:

Այսօր, երբ դե-ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ընդունում իր կեղծված «հաղթանակի» կապակցությամբ եւ շրջագայում է տարբեր երկրներով, Հայաստանի ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից ընտրված թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, հացադուլ է սկսել՝ պահանջելով ճանաչել ընտրությունների իրական արդյունքները: Նա նաեւ բաց է եղել երկրորդ փուլ հայտարարելու հնարավորության հարցում:

Պարոն Մարթենս,

Հայաստանն առանց ժողովրդավարական եւ ազատ ընտրությունների, լեգիտիմ նախագահի եւ միջազգային չափանիշների ու ՀՀ Սահմանադրության պահպանման ապագա չունի: Հայ ժողովուրդը պարզապես չի կարող այլեւս ապրել այն ղեկավարի ներքո, որին չի ընտրել: Քաղաքացիների իրավազրկումը նրանց գրեթե զրկել է սեփական պետականության նկատմամբ հավատից: Մենք կոչ ենք անում հենց ԵԺԿ սեփական արժեքների ու չափանիշներին համապատասխան՝ վերանայել գործող նախագահին շնորհավորելու Ձեր որոշումը:

Մենք նաեւ հույս ենք տածում, որ ԵԺԿ-ը կճանաչի հայ ժողովրդի օրինական քվեն եւ չի նպաստի քաղաքական ճգնաժամի խորացմանը, որ ծավալվում է Հայաստանում: Այլ հակառակը, կդառնա ժողովրդավարության իրական առաջամարտիկ ոչ թե այս կամ այն կուսակցության, այլ ողջ հայ ժողովրդի համար, որը փետրվարի 18-ին վճռորոշ հույսով ու խիզախությամբ իր իրավազոր որոշումն է կայացրել:

Եթե ձեր նախագահական որոշումը, որը խեղում է օրինականության, քաղաքացիական ազատության եւ ժողովրդավարական արդարության եվրոպական ուղենիշերը, դառնա ԵԺԿ ողջ ընտանիքի պաշտոնական հանրակարգային դիրքորոշումը, մենք ստիպված կլինենք վերանայել այդ հեղինակավոր կազմակերպությանը մեր անդամակցությունը, քանի որ այն ցավալիորեն շեղվել է իր հիմնարար սկզբունքներից, արժեքներից եւ հանձնառությունից, որոնք մենք կիսում էինք ու ընկած էին անդամակցության հիմքում:

Հարգանքներով՝ Ձեր

Ստեփան Սաֆարյան, «Ժառանգություն» կուսակցության միջազգային քարտուղար

13 մարտի 2013թ., Երեւան, Հայաստան

© Medialab.am