«Զգացվեց, որ եկեղեցին բավական երկար ժամանակ ծառայում է որպես գոմ». 12-րդ դարում հիմնադրված Քոբայրավանքը՝ վտանգի տակ

Քոբայրի վանքում։ Լուսանկարը տրամադրել է Հովհաննես Ավետյանը։

«Քոբայրավանքի մասին լսել էի, գիտեի, որ չգործող եկեղեցի է, ու քանի որ Լոռիում էի, մտածեցի այցելեմ: Դեռ եկեղեցու բակում նկատեցի կովեր: Զանգակատան հատվածում տեսա, որ դուռ կա, մտածեցի՝ դրել են, որ կովերը ներս չմտնեն, բայց փաստորեն սխալվեցի, կովերն արդեն ներսում էին»,- «Մեդիալաբին» պատմում է Երևան քաղաքի բնակիչ Հովհաննես Ավետյանը։ 

Նա նշում է, որ արձակուրդին որոշել էր մեքենայով Հայաստանով շրջագայել, այցելել Սանահին, ճանապարհին գտնվող այլ եկեղեցիներ։ Եվ քանի որ սեպտեմբերի սկզբին նախատեսում էր երկու օրով Լոռիում կանգ առնել, որոշել է նաև Քոբայրի վանք այցելել, որի մասին լսել էր։ 

Հովհաննեսի խոսքով՝ եկեղեցու տարածքում մարդ չի տեսել, փոխարենը գոմի վերածված եկեղեցու ներսում ու բակում բազմաթիվ անասուններ է նկատել:

«Զգացվեց, որ եկեղեցին բավականին երկար ժամանակ ծառայում է որպես գոմ, մեկ-երկու օրվա բան չէր: Ինձ ավելի շատ երևույթն է զայրացնում, ո՞նց կարելի է, էլի, նման կերպ վերաբերվել վանքերին ու հետո թուրքերից դժգոհել, լացակումած տեքստեր գրել»,- ասում է Հովհաննես Ավետյանը:

qobayr

12-րդ դարում հիմնադրված Քոբայրի վանք կամ Քոբայրավանք միջնադարյան կառույցը գտնվում է Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Քոբայր համայնքում: Վանքն այսօր չի գործում որպես հուշարձան, գրանցված է պետական ցուցակում և գտնվում է Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության հսկողության ներքո:

Ծառայության պետի տեղակալ Արփինե Առաքելյանը «Մեդիալաբին» ասում է, սակայն, որ դա իրենց իրավունք չի տալիս այնտեղ շինարարություն, վերականգնողական աշխատանքներ իրականացնել, պարզապես պետք է հետևեն, որ տարածքում մաքրություն լինի, ու չվնասեն վանքն ու հարակից խաչքարերը:

«Քոբայրավանքում պահպանություն իրականացվում է, մեր պահապանները շրջում են այնտեղ, ու այն գործառույթները, որոնք անգամ դրված չեն մեր պահապանների վրա, դա էլ են անում: Բայց մեր պահապանը չի կարող օրը 24 ժամ այնտեղ կանգնել, որ անասուն չմտնի, միայն Քոբայրավանքը չէ իր պահպանության ներքո, շատ տարածքներում է պտտվում: 

Պետք է մեր հասարակությունը գիտակցի, որ հուշարձանների տարածք անասուն չեն տանում»,- ասում է Արփինե Առաքելյանն ու ընդգծում, որ այդ ուղղությամբ բավական շատ աշխատանք են տարել տարբեր համայնքներում, բայց մարդիկ, ինչպես ասում է տիկին Առաքելյանը, չեն հասկանում:

Նրա խոսքով՝ չեն կարող այնտեղ ցանկապատ դնել, որ անասուն չմտնի, դրա համար պետք է ԿԳՄՍ նախարարության թույլտվությունը լինի:

«Նմանատիպ շատ-շատ դեպքեր կան: Տարբեր համայնքներում ունենք փոքրիկ մատուռներ, որոնք ունեն դռնակ, մենք դա փակում ենք, որ անասուն չմտնի, գյուղացին, հովիվը գալիս են, բացում, անասունին ներս անում, դռնակը փակում է, որ անասունը չկորչի, իրենք գնում»,- պատմում է Արփինե Առաքելյանը:

Առաքելյանի խոսքով՝ Քոբայրավանքում պատնեշ կառուցելու համար, որը կխանգարի անասուններին մտնել վանքի բակ, դիմել են նախարարություն, անգամ նախատեսված է եղել վանքում վերականգնողական աշխատանքներ կատարել, բայց մինչ օրս ո՛չ մեկն է արվել, ո՛չ մյուսը:

«Այդ ամենի համար գումար է պետք, պատնեշ կառուցելու համար էլ հատուկ նախագիծ պետք է լինի, որը հաստատվի, այդքան հեշտ բան չէ, ավելի հեշտ է, որ մարդիկ իրենց գլխի մեջ մտցնեն, որ տարածքը պետք է պահպանել ու չկեղտոտել»,- ասում է Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության պետի տեղակալը:

«Մեդիալաբի» բոլոր ջանքերը խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀԱԵ Գուգարաց թեմից, որն ընդգրկում է Լոռու մարզի տարածքը, հաջողությամբ չպսակվեցին։ Գուգարաց թեմից խոստացան ճշտումներից հետ կապ հաստատել մեզ հետ, սակայն կապ չհաստատեցին, և մեր զանգերն էլ անպատասխան թողեցին։ 

ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն էլ «Մեդիալաբից» ժամանակ խնդրեց խնդրին ու խնդրի իսկությանը ծանոթանալու համար՝ հավելելով, որ եթե իրոք Քոբայրավանքը վերածվել է գոմի, այդտեղ նաև անելիք ունի մարզպետարանը, ոչ միայն նախարարությունը:

«Գիտե՞ք նման քանի հուշարձան կա, այդքանի դիմաց նախարարությունը կարո՞ղ է ոստիկան կանգնեցնել: Հասարակության գիտակցությունից է կախված, դուք էլ ձեր հերթին պետք է բարձրացնեք այդ գիտակցությունը, որ մարդիկ ի վերջո հասկանան, որ պետք է պահպանել այդ կառույցները, որ դրանք սրբավայր են: Հետո էլ ադրբեջանցիներից ենք դժգոհում, իսկ մենք մեր հողում ավերում ենք մեր սրբությունները: Ինչ խոսք, դատապարտելի երևույթ է»,- «Մեդիալաբին» ասաց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am