Արսեն Թորոսյանն անդրադարձել է 4 տարեկան երեխայի երիկամային սոնոգրաֆիայի համար հիվանդանոցում գումար պահանջելու դեպքին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարել է հետևյալ գրառումը․

«Անդրադառնալով 4 տարեկան երեխայի երիկամային սոնոգրաֆիայի համար հիվանդանոցում գումար պահանջելու դեպքին, որի վերաբերյալ սոցիալական ցանցերում գրառումներ են կատարվել, ուզում եմ նշել, որ մինչև 18 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնությունը վերաբերում է հիվանդանոցային ստացիոնար բուժօգնությանը և դժվարամատչելի, թանկարժեք հետազոտություններին:

Տվյալ դեպքով` մինչև 7 տարեկան երեխաների սոնոգրաֆիկ հետազոտությունը և այլ նեղ մասնագիտական խորհրդատվություն ու լաբորատոր-գործիքային հետազոտությունները արտահիվանդանոցային պայմաններում կարող են իրականացվել մասնագիտական կլինիկաներում` երեխայի պոլիկլինիկայի ուղեգրմամբ: Այս դեպքում պետք է ֆիքսել, որ առկա չի եղել ուղեգիրը և չի պահպանվել ընթացակարգը:

Կոչ եմ անում պահպանել գործող ընթացակարգերը և անհարկի չմեղադրել բուժհիմնարկներին»