«Կառավարությունը պետք է հիմնավորի՝ որ ոլորտներում և որ չափի ընկերություններում են ավելացել աշխատատեղերը». Գագիկ Մակարյանը կասկածելի է համարում թվերը

Կառավարությունը պետք է հիմնավորի աշխատատեղերի աճի մասին թվերը, թե որ ոլորտներում են դրանք արձանագրվել, որ չափի ընկերություններում։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ պաշտոնական թվերը հավատ չեն ներշնչում։

«Հնարավոր է՝ ավելացած աշխատատեղերի մի մասն այն բանի հաշվին է, որ մարդիկ համավարակի պատճառով չեն կարողացել արտագնա աշխատանքի մեկնել, ինչ-որ գործունեություն են ծավալել Հայաստանում։

Մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսն ազատվել է հարկերից։ Չի բացառվում, որ դա էլ է ազդեցություն ունեցել աշխատատեղերի աճի վրա։ Բայց պետք է նայել զուտ տնտեսական արդյունքով, քանի որ նմանօրինակ թվերը մի քիչ խաբուսիկ են»,- ասում է Մակարյանը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարության նիստին ներկայացրել է, որ նախորդ տարվա հետ համեմատած՝ հարկման բազա ունեցող, այսինքն՝ 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերն այս տարվա մարտին ավելացել են 2500-ով: 2019 թվականի մարտ ամսվա համեմատ նույն աշխատատեղերի քանակն ավելի է 38000-ով: Հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ դրամ, և այդ ցուցանիշը 2020 թվականի համեմատ ավելի է 7.5 մլրդ դրամով, իսկ 2019 թվականի համեմատ՝ 24 մլրդ դրամով:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ ավելացած աշխատատեղերը և՛ ստվերի կրճատման արդյունք են, և՛ նոր աշխատատեղեր են բացվել։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ իրենց վերլուծությունները ցույց են տալիս, որ սա իսկապես տնտեսական աճի արդյունք է։ «Եվ եթե համեմատենք՝ ստացվում է, որ եթե այս տեմպերով գնանք, մյուս ամիս արդեն ապրիլ ամսվա համար կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ ընդհանուր Հայաստանի պատմության մեջ:

Կարծում եմ՝ այս ցուցանիշները խոսում են նրա մասին, որ աշխատատեղերի շուկան, կարելի է ասել, ամբողջությամբ վերականգնվել է»,- կառավարության նիստին ասել է Քերոբյանը։

Այն, որ ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ 2019 թվականի մարտ ամսվա համեմատ այս տարվա նույն ամսին աշխատատեղերի քանակն 38000-ով ավելի է, Գագիկ Մակարյանն ասում է, որ թող այդ դեպքում հիմնավորեն, թե որ ոլորտներում, որ չափի ընկերություններում են ավելացել այդ աշխատատեղերը։

«Նույն ՊԵԿ-ի տվյալներով՝ 22000 ընկերություն է փակվել, որոնցից 2020-ին մոտ 5000-ն ընդհանրապես լուծարվել են։ Եթե այդ ընկերությունների աշխատակիցների թիվը գումարենք, կտեսնենք, որ հսկայական թվով գործազրկություն է գրանցվել»,- ասում է Մակարյանը։

Ինչ վերաբերում է 2020 թվականի հետ համեմատություններին, Մակարյանն ասում է՝ 2020-ը ստանդարտ տարի չէր։ Կորոնավիրուսի համավարակի հետևանքով բիզնեսը մեծ վնասներ է կրել, շատ ոլորտներում աշխատատեղեր են փակվել։

Մակարյանը հակադարձում է Վահան Քերոբյանին՝ աշխատաշուկան չի վերականգնվում, վաղ է այդ մասին խոսել։ Հակառակը՝ համավարակի հետևանքով աշխատատեղեր են փակվել, նաև աշխատուժի խնդիր կա այսօր աշխատաշուկայում։

«2020 թվականին ահագին աշխատատեղեր փակվեցին, եթե հիմա դրանց մի մասը վերաբացվել է կամ սկսել վերականգնվել, դա չի նշանակում, թե տեղի է ունեցել հեղափոխական փոփոխություն։ Հանրային սննդի կամ տուրիզմի ոլորտում կարող է չնչին աշխուժություն է առաջացել, բայց դա չի նշանակում, որ աշխատատեղերը համալրվել են։ Պետք է նայենք, թե նախորդ տարի ինչքան ենք կորցրել»,- ասում է նա։

Ըստ Մակարյանի՝ աշխատաշուկայում կա աշխատողների լուրջ դեֆիցիտ բազմաթիվ մասնագիտությունների գծով։

«Այսօր Հայաստանի համայնքներում կա մասնագետների դեֆիցիտ միայն այն պատճառով, որ պատերազմում զոհվել կամ վիրավորվել են տարբեր մասնագետներ, օրինակ՝ տրակտորիստ, անասնաբույժ, գյուղատնտես։ Այդ դեֆիցիտն առկա է նաև շինարարության ոլորտում։

Աշխատաշուկան ունի կադրերի կարիք, որոնք տարիներով չեն համալրվում, բայց հիմա էլ գումարվեց այս գործոնը։ Սրան զուգահեռ, բիզնեսներ են փակվել։ Ես ԿԳՄՍ նախարարությունում մեկ շաբաթ առաջ հարց բարձրացրեցի, որ մենք արագ մեթոդներով, կարճաժամկետ ուսուցման ծրագրերով մասնագետներ ուսուցանենք, որպեսզի այդ դեֆիցիտը համալրենք»,- նշում է նա։ 

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում 2020-ին 42000 մարդ է աշխատանքի տեղավորվել։ Գագիկ Մակարյանի խոսքով՝ դա մեծ թիվ է, և վիճակագրական այս ցուցանիշները հավաստի չեն։ «Կարող է ինչ-որ թիվ լինել, բայց 42000 հնարավոր չէ, որովհետև մեզ մոտ ամեն տարի աշխատանքի է տեղավորվում ընդամենը 15000 մարդ»,- ասում է նա։

«Ինչ-որ մեթոդաբանությամբ է հաշվառվում, այնտեղ ցուցանիշներ կան, որ հարցնում են՝ դուք վերջին քանի՞ օրվա ընթացքում եք աշխատանք որոնել։ Եվ եթե մարդը մեկ կամ երկու շաբաթ աշխատանք է որոնել, ապա համարվում է գործազուրկ։

Քաղաքացիների շրջանում հարցումներ են անցկացրել, այնքան մարդ կա, որ ո՛չ հասկանում է այդ հարցերի իմաստը, ո՛չ էլ տրամադրություն է ունենում ճիշտ պատասխանելու, կարող է ասել՝ աշխատանք չեմ որոնել։ Դա չի նշանակում, որ ինքը գործազուրկ չէ։ Եվ այդ մեթոդաբանությամբ մարդը չի համարվում գործազուրկ»,- ասում է Մակարյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am