Ես՝ որպես քարտեզագրող, կարող եմ այնպիսի քարտեզ նկարել, որ Բաքուն հայկական տարածք լինի, բայց դա սկզբունք չէ. Շահեն Շահինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԷԼՄԱ քարտեզագրման նախագծի հեղինակ, քարտեզագիր Շահեն Շահինյանը

– Պարո՛ն Շահինյան, վերջին շրջանում, մասնավորապես պատերազմից հետո, ակտիվ են դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման մասին խոսակցությունները: Ի՞նչ կարծիքի եք այդ քննարկումների մասին, արդյոք դրանք պրոֆեսիոնա՞լ հարթության վրա են:

– Փաստացի քարտեզագրման աշխատանքներ չեն իրականացվում, դրանք միայն քննարկումներ են, իսկ այդ քննարկումներն ընթանում են գոյություն ունեցած քարտեզների հիման վրա: Իսկ ի՞նչ է այս պահին կատարվում:

Մայիսի 12-ից, տեղյակ եք, տեղի է ունեցել ՀՀ սահմանի խախտում, և հակառակորդը ներխուժել է ՀՀ սահմանից ներս: Սակայն մինչ այդ, սահմանագծման պրոցեսի վերաբերյալ առաջին տեղեկությունը տարածվեց 2021 թվականի հունվարին, երբ փոխվարչապետ Ավինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ սահմանագծման աշխատանքներում որոշել են հիմք ընդունել 1970-ական թվականների քարտեզները:

Այդ հայտարարությունը հաջորդեց այն բանին, որ մեր զորքերը, իբրև թե գտնվելով Զանգելանի ու Կուբաթլուի շրջաններում, հետ էին քաշվել: Սակայն մենք ոչ մի ապացույց, ոչ մի բանակցային տեղեկություն չունենք, թե ով է որոշել, որ մեր զորքերը գտնվելու են ոչ թե Զանգելանի տարածքում (Ջրական), այլ Սյունիքի մարզի տարածքում:

Այդ ամբողջ պրոցեսը՝ մեր զորքերի հետքաշումից մինչև տարածքները հակառակորդին հանձնելը, մեզ համար թափանցիկ չի իրականացվել, մեզ հայտնի չէ, թե ի՛նչ իրավական հիմքով և ո՛ւմ հրամանով է հայկական զորքերի այդ հետքաշումն իրականացվել:

Ինչ վերաբերում է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, պետք է ասեմ, որ այս գործընթացը միջազգայնորեն կանոնակարգված է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի սահմանած կանոնակարգերով:

Ո՞րն է այս պրոցեսի էությունը. առաջին հերթին կողմերը, ուսումնասիրելով առկա քարտեզագրական, ինչպես նաև արխիվային նյութերը, քարտեզագրական իրավիճակը, կատարում են սահմանագծում: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Դա այն է, երբ կողմը քարտեզի վրա անցկացնում է այն սահմանագիծը, որը համարում է իր տարածքի ավարտը: Յուրաքանչյուր կողմ դա իրականացնում է իր երկրի ներպետական հանձնաժողովի միջոցով:

Հաջորդ փուլում տեղի է ունենում հանձնաժողովների հանդիպում, և յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իր իրականացրած սահմանագծման աշխատանքների արդյունքները: Այսինքն՝ մենք կարող է ներկայացնենք մի քարտեզ, ըստ որի՝ Շուռնուխն ամբողջությամբ մերն է, իսկ հակառակորդը ներկայացնի, որ Շուռնուխը կիսվում է:

– Իսկ այդ հարցի միջինը ինչպե՞ս է որոշվում, ինչպե՞ս է պարզվում:

– Այո՛, շատ լավ հարց է: Տեղի են ունենում բանակցություններ, որը սահմանանշման աշխատանքների ամենաբարդ պրոցեսն է, երբ կողմերը պետք է համաձայնության գան այն սկզբունքների, այն սահմանագծի վերաբերյալ, որն իրենց երկուսի համար ընդունելի է:

Այս գործընթացում առաջին հարցը, որի շուրջ կողմերը պետք է համաձայնության գան, սահմանազատման սկզբունքներն են, այսինքն՝ ինչ փաստաթղթի ու սկզբունքների հիման վրա պետք է տեղի ունենա սահմանազատումը:

Եթե կողմերը համաձայնեն, որ սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային Միության վարչական քարտեզների հիման վրա, որն այս պահին քննարկվում է, ընդունվում է որպես հիմք ու դրա հիման վրա իրականացվում է մեծ գործընթաց:

Կա այլ մեթոդ, երբ հիմք է ընդունվում ստատուս քվոն, այսինքն՝ այս պահին կողմերի զբաղեցրած դիրքերը վերածվում են պետական սահմանի: Կան այլ սկզբունքներ, որոնք, իհարկե, պետք է կողմերը քննարկեն ու գան վերջնական համաձայնության:

Երբ այդ հարցը լուծվեց, աշխատանքներն անցնում են դեմարկացիայի կամ սահմանագծման փուլ, երբ աշխատանքները տեղափոխվում են դաշտային միջավայր, և տեղում գեոդեզիական գործիքների, քարտեզագրական նյութերի միջոցով կատարվում են չափումներ: Հնարավոր է, որ այդ աշխատանքների ընթացքում հակասություններ առաջանան, որոնք իհարկե պետք է դարձյալ լուծվեն բանակցությունների միջոցով:

Հիմնականում սահմանանշումը կատարում են այնտեղ, որ սահմանագիծն անցնի բարձունքներով կամ ձորակներով, որպեսզի տեղանքի ռելիեֆը հնարավորինս բնական բաժանարար հանդիսանա երկու կողմերի համար, այսինքն՝ գետերը լինեն սահման, ձորակները լինեն սահման:

Երբ կողմերն արդեն համաձայնում են, որ, ա՛յ, այս ձորակը մեր սահմանն է, դրանից հետո կազմվում է փաստաթուղթ, որը գնում է հաստատման երկու կողմերի բարձրագույն մարմինների կողմից, Հայաստանի դեպքում՝ Ազգային ժողովի կողմից: Եթե տեղի ունենա Հայաստանի Հանրապետության տարածքային փոփոխություն, պետք է տեղի ունենա հանրաքվե:

– Երբ վարչապետի պաշտոնակատարը հայտարարում է, թե աշխատանքային քննարկման է դրված Հայաստանի համար 100 տոկոս շահեկան փաստաթուղթ, ի՞նչ նկատի ունի նա: Այդ ի՞նչն է ՀՀ-ի համար շահեկան: Ի դեպ, նա նաև ակնարկում էր, որ Հայաստանը կարող է ունենալ հավելյալ տարածքներ:

– Վարչապետի պաշտոնակատարը ինքը պետք է մեկնաբանի՝ ինչ նկատի ուներ՝ նման հայտարարություն անելով: Բայց նրա հայտարարությունից հետո իմ մեջ մեկ բնական հարց է առաջանում՝ արդյոք Ադրբեջանը կբանակցե՞ր և կքննարկեր մի փաստաթուղթ, որը 100 տոկոս հայկական շահ է հետապնդում: Ես խոր կասկածներ ունեմ դրա վերաբերյալ:

Բացի այդ, ես վարչապետին այդ հայտարարությունից հետո կխնդրեի մեկնաբանել՝ ո՞րն է հայկական շահը: Արդյոք մեր տարածքի մի քանի հեկտարով ավելացումը, բայց դրան հակառակ միջպետական ճանապարհների ու բարձունքների զիջումը կարո՞ղ է հայկական շահ համարվել:

Երբ վարչապետն ասում է, որ մենք հողային կամ տարածքային ավելացում ենք ունենալու, ես կարող եմ միայն ենթադրել, որ նա նկատի ուներ Տավուշի սահմանային հատվածը, քանի որ Տավուշի սահմանին այս պահին մեր և ադրբեջանական զորքերը տեղակայված են ոչ թե համաձայն Խորհրդային Միության վարչական սահմանի, այլ հնարավորինս օպտիմալ ռազմական դիրքեր են զբաղեցրել ռազմական տեսանկյունից: Օրինակ՝ եթե դիտենք Խորհրդային Միության վարչական քարտեզը, կտեսնենք, որ Բերքաբեր գյուղի ջրամբարը այս պահին փաստացի կիսված է երկու կողմերի միջև:

Եթե սահմանազատման պրոցեսում հիմք ընդունվի 1970-ականների քարտեզը, ապա ջրամբարը և դրանից հյուսիս ընկած տարածքը ամբողջությամբ պետք է անցնի մեր վերահսկողության տակ: Բայց դրանք գյուղատնտեսական նշանակության հողեր են, ստրատեգիական նշանակություն չունեն: Փոխարենը՝ այդ քարտեզի հիման վրա առաջնորդվելու դեպքում մենք կկորցնենք Տիգրանաշենը (Քյարքի), Մ2 և Մ16 միջպետական ճանապարհների (Հայաստան-Վրաստան ճանապարհ) մի քանի հատվածներ, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից որոշ տարածքներ:

Սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուրջ բանակցություններում բանակցում է ոչ միայն քարտեզը, այլև` պետության շահը, սահմանամերձ բնակչության իրավունքները: Պետք է հաշվի առնել՝ արդյոք սահմանների 100 մ տեղափոխությունը ի՛նչ էֆեկտ է ունենալու տվյալ տարածքի բնակչության վրա:

– Իշխանության ընդդիմախոսների մոտ կասկածներ կան, որ պարտված կողմը չի կարող այս բանակցություններում առաջնորդվել պետության շահով և անընդհատ զիջողի դիրքերում է լինելու: Ի՞նչ կասեք այդ մասին, նման բան կարո՞ղ է լինել:

– Պարտված կողմը ոչ միայն կարող է, այլ նաև պարտավոր է պահել իր երկրի շահը: Պատերազմում մեկ պարտությունը չի նշանակում պետության կորուստ: Մյուս կողմից՝ կա խնդիր՝ Ադրբեջանը, ինչպես տեսնում ենք, ցանկություն չունի բանակցելու, ավելին, խախտում է սահմանազատման շատ կարևոր երկու սկզբունք՝ բացառել ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը:

Իսկ Ադրբեջանը խախտել է մեր սահմանը, ներխուժել է հայկական տարածք և հայտարարում է, որ այդ տարածքները ադրբեջանական են: Հիշում եք՝ տարվա վերջին էլ ադրբեջանցիները մտան Սյունիքի Շուռնուխ գյուղ, և հայ բնակիչները ստիպված դուրս եկան իրենց տներից: Հետո պաշտոնապես հայտարարվեց, որ հայկական կողմը հետ է քաշվել ինչ-որ բանավոր պայմանավորվածության հիման վրա:

Սակայն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները չեն կարող ընթանալ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, պետք է սկզբից սկզբունքները համաձայնեցվեին: Բայց ի՞նչ է անում Ադրբեջանը. նրանք բերել են մի թղթի վրա գծած քարտեզ, որը կնքված չէ: Օրինակ՝ հայ քարտեզագրողները կարող են մի քանի ժամում նմանատիպ մի քարտեզ գծել:

– Ձեր նշած տրամաբանությամբ՝ Շուռնուխի մի հատվա՞ծն էլ չպետք է հանձնվեր:

– Միանշանակ: Ես՝ որպես քարտեզագրող, կարող եմ այնպիսի քարտեզ նկարել, որ Բաքուն հայկական տարածք լինի: Դա սկզբունք չէ, դա թշնամական արարք է: Հիմա այդպես է արել Ադրբեջանը. բերել է մի գծած քարտեզ ու ասում է՝ Սև լիճը ադրբեջանական է: Դա թշնամական մոտեցում է, դա ցույց է տալիս, որ հակառակորդը պատրաստ չէ բանակցության:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab