«Մենք` հայերս, մի քիչ ավելի լավ ճակատագրի ենք արժանի». Ռուբեն Բաբայանը փոփոխություններ սպասում է եկող սերնդից

«Մենք` հայերս, մի քիչ ավելի լավ ճակատագրի ենք արժանի». Ռուբեն Բաբայանը փոփոխություններ սպասում է եկող սերնդից
«Մենք` հայերս, մի քիչ ավելի լավ ճակատագրի ենք արժանի». Ռուբեն Բաբայանը փոփոխություններ սպասում է եկող սերնդից

«Մեդիալաբի» զրուցակիցը Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն Ռուբեն Բաբայանն է:

-Պարոն Բաբայան, այսօր թատրոնից չէ, որ ուզում եմ զրուցենք: Հարցերս հասարակական-քաղաքական դաշտին թերեւս ամենաշատը հուզող խնդրի` Հայաստանի ԵՏՄ անդամակցության մասին ե: Ի՞նչ ենք շահում դրանից կամ արդո՞ք շահում ենք:

-Ես այդ մասին բազմիցս եմ խոսել, կարծում եմ, այդ միությունը մեզ ոչինչ չի տա, ավելին, հույս ունեմ եւ հիմնավորված հույս, որ այդ միությունը չի կայանա, որովհետեւ այն ստեղծվում է արհեստականորեն: Հռչակելով, որ այն զուտ տնտեսական միություն է, փաստորեն, այն չի կառուցվում տնտեսական օրենքների հիման վրա, այլ ավելի շատ զուտ  քաղաքական խնդիրնե է հետապնդում: Հայաստանի համար սա կորսված ժամանակ է, բայց ընտրությունն արդեն կատարված է: Բոլոր նրանք, ովքեր այդքան  եռանդագին քարոզում էին այդ միության համար, հիմա բոլոր հնարավորություններն ունեն ապացուցելու, որ այդ ընտրությունը  ճիշտ է: Մեկ տարի հետո կտեսնենք` կա՞ Հայաստանում զարգացում, կա՞ առաջընթաց: Իձ համար սա շատ պարզ է եւ  բացարձակապես մշուշոտ հարց չէ:

-Պարոն Բաբայան, ԵՏՄ ջատագովները նշում են, որ այդ միության անդամ երկրներն ընդհանուր պատմություն, ավանդույթներ ունեն, նույն տնտեսական ու քաղաքական տիրույթում են գտնվում:

-Նախ, ես չեմ հասկանում, ինչ է նշանակում նույն պատմական ավանդույթներ ունենալը: Պատմական ավանդույթներով որեւէ բան չի որոշվում: Կորեան բաժանված է երկու մասի, կարծես թե նույն ժողովուրդն է` նույն ավանդույթներով: Մեկը  զարգացած երկիր է, կարողանում է հավասարի հարաբերություններ  ունենալ ամենազարգացած երկրների հետ, մյուսը ` հետամնաց, մինչեւ ատամները զինված, սեփական ժողովրդին ստի մատնած մի պետություն է: Այնպես, որ դա բացարձակապես նշանակություն չունի, խոսքը զուտ տնտեսական օրենքների, քաղաքակրթական ընտրության մասին է: Ես  չեմ համարում, որ մենք` հայերս, մեր պատմությամբ ու անցած  ուղով ապացուցել ենք, որ մենք կողմնակից ենք մահմեդական քաղաքակրթության, քան քրիստոնեականին, առավել եւս, այն իրադարձությունների ֆոնին, որ հիմա տեղի են ունենում աշխարհում: Վերանում է արեւելյան  քրիստոնեությունը, ես նկատի ունեմ սիրիական զարգացումները: Այս պայմաններում, մնում են Հայաստանն ու Վրաստանը: Հայաստանը մի փոքրիկ  կղզյակ է, որը կարող է պահպանել քրիստոնեական ավանդույթները:

-Այդ միության առանցքը ուղղափառ Ռուսաստանն է:

Գիտեք, խորը խոսակցության թեմա է, թե ինչպես է անդրադարձել Ռուսաստանի վրա թաթար-մոնղոլական ճնշման տակ երկար տարիներ մնալը: Ինչեւէ, տվյալ դեպքում հարցը  քրիստոնեականի եւ ոչ քրիստոնեականի մեջ չէ: հարցը նրանում է, թե  մենք ընտրում ենք զարգացմա՞ն, թե դրա հակադիր ճանապարհը, մենք ուզում ենք շարժվել նորմալ օրենքնորով, ստեղծել քաղաքակիրթ հասարակությյուն, որտեղ մարդն իրեն պաշտպանված կզգա, որտեղ տնտեսությունը  կաշխատի տնտեսական, այլ ոչ թե այլ օրենքներով կամ մենք ընտրում ենք այս ամենի հակադիր մոտելը, իսկ մենք պետք է համաձայնենք, որ թե Ռուսաստանը, թե Բելառուսը, թե Ղազախստանը այլ մոդել են: Իրենց ժողովուրդների  իրավունքն է` համաձայնվել դրա հետ, ես ինձ իրավունք չեմ վերապահում քննադատել, բայց կարծում եմ, որ մենք` հայերս, մի քիչ ավելի լավ ճակատագրի ենք արժանի: Նույնիսկ այսօր, այդ տեսանկյունից` օրենքի պաշտպանության, մարդու իրավունքների ու մամուլի ազատության տեսանկյունից մենք մի քանի քայլ առաջ ենք այդ պետություններից:

-ԵՏՄ անդամակցության որոշումը անակնկալ կայացվեց` բոլորի եւ անգամ իշխող քաղաքական ուժի համար անսպասելի: Ձեր կարծիքով, ինչո՞ւ դրա դեմ հանրային ընդվզում, բողոքի ալիք  չտեսանք, թեկուզ հենց այն բանի համար, թե ինչու այս ամենը ծածուկ արվեց, ինչո՞ւ  հանրությունը չպատրաստվեց քաղաքական կուրսի նման շրջադարձի: Մենք  առանձին քաղաքական կազմակերպությունների ու անհատների ըմբոստության ականատեսը եղանք, բայց մեծ շարժում այդպես էլ չձեւավորվեց:

-Լավ հարց է, ես կարծում եմ սա շատ խորը խնդիր է` չի կարելի հասարակությունից պահանջել որոշակի գիտակցական մոտեցում` մատը մատին չխփելով այդ հասարակությանը կրթելու  համար: Եթե մենք այսօր հարցնենք մեր հասարակության  մեծամասնությանը, թե ինչ է իրենից ներկայացնում Սովետական միությունը, մեծամասնության պատասխանի փոխարեն գովեստի խոսքեր կլսենք: Սա գալիս է նրանից, որ չկատարվեց այն կարեւոր լուսավորչական աշխատանքը, որպեսզի մարդիկ տեսնեին, թե ինչպես էր ապրում ոչ միայն Հայաստանը, այլեւ մյուս երկրները մի կառույցի մեջ, որը կտրված էր ամբողջ աշխարհից, որը հակադրվում էր ամբողջ աշխարհում կատարվող պրոցեսներին, որտեղ մարդու կյանքը բացարձակապես նշանակություն չուներ: Այնպես, որ չի կարելի մեղադրել հասարակությանը, այդ մեղադրանքը ես վերապահում եմ մեզ`մտավորականներիս, որոնք հոյակապ դա հասկանում էին եւ մատը մատին չխփեցին հասարակությանը կրթելու հարցում: Մեղքն առաջին հերթին իմն է: Գուցե անսպասելի թվա Ձեզ այս պատասխանը, բայց կարծում եմ, որ Հայաստանի եվրոպական ընտրությունը ավելի շատ արհեստական էր, քանի որ  չէր բխում մեծամասնության էությունից, դրա համար էլ այսքան հեշտ ստացվեց փոխելը: Ընդհանրապես, արտաքին երեւույթները  հեշտ են փոխվում, երբ չկա ներքին համոզվածություն, ներքին հավատ, շատ հեշտ է փոխել  կողմնորոշումը: Մենք ունենք շատ մեծ խնդիր` վերադարձնել այդ ներքին հավատը, քաղաքակրթության   մեջ մեր տեղը գտնել, որովհետեւ հիմա հասարակությունը շատ պարզ է մտածում ` նրա մեծ մասը   գնում է Ռուսաստան փող աշխատելու, այնտեղից փող է ուղարկում ընտանիքը պահելու համար, ուստի դա են ճիշտ համարում, բայց եթե վաղը նույն պայմանները  եվրոպական երկրները ստեղծեն հայ միգրանտների համար, հավատացեք բոլորը կկարծեն, որ որեւէ այլ ընտրություն Հայաստանը չի կարող անել: Ես եվրոպական երկրներին էլ եմ մեղադրում այս տեսանկյունից, որովհետե շատ վատ պայմաններ էին դրված մեր առջեւ:

-Եթե դիտարկենք Հայաստանի քաղաքական  դաշտը, ընդդիմադիր կամ իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերը, թերեւս բացառությամբ մեկ-երկուսի, որոնց կշիռը դաշտում էական չէ, արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում, կարծես թե համաձայն են իշխանության հետ կամ, եթե անգամ ներքուստ համաձայն էլ չեն, լռում են: Այս պայմաններում ումի՞ց պետք է ակնկալել փոփոխություն եւ կարելի՞ է արդյոք ակնկալել:

-Այո, փոփոխության միշտ կարելի է սպասել: Ես կարծում եմ փոփոխություն կարելի է սպասել եկող սերնդից, որովհետեւ պետք է գան  իսկապես ազատ մարդիկ: Ես կարծում եմ նոր սերունդը, որը ծնվել է անկախ Հայաստանում  շատ ավելի լավն է, քան իմ սերունդը: Որքան էլ կիսատ-պռատ լինի մեր անկախությունը, մեր պետությունը, անկախությունն իր դրական արդյունքները տվեց: Ես կարծում եմ մեր ամենամեծ սխալն այն է, որ արդեն մաշված, իրենց դարն ապրած գործիչները շարունակում են երկու ձեռքով պահել իրենց դիրքն ու մնալ քաղաքականության մեջ:  Ճանապարհը պետք է տալ երիտասարդներին եւ բոլոր ոլորտներում: Վրաստանում մտնում ես որեւէ նախարարություն, նախարարը երեսունհինգ տարեկան է, օգնականը` երեսուներեք, քեֆդ գալիս է: Թատրոնում ես ինքս էլ երիտասարդությանը մեծ նշանակություն ու հնարավորույթուն եմ տալիս, դրա արդյունքը շատ ավելին է: Ես բացարձակապես հույսս չեմ կտրում, ինձ համար անհետաքրքիր են եւ դիմադիր եւ ընդդիմադիր  ուժերը: Ես հավատում եմ մեր ժողովրդին եւ համոզված եմ, որ մեր գենը չի կտրվել, մեր արմատը լավ պտուղներ տալիս է, պարզապես պետք չէ դրան խանգարել:

Լուսանկարը`www.aravot.am 

Էմմա Քալաշյան

© Medialab.am