«Չի կարելի ամբողջ կյանքը նվիրել ինչ-որ մեկի, ինչ-որ մի գաղափարի, ինչ-որ մի խավի, ինչ-որ մի կուսակցության դեմ պայքարելուն». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, հայտարարվել է, որ  հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու: Ձեր կարծիքով՝ այդ ընտրությունները կկարողանա՞ն մեղմել հասարակական լարված տրամադրությունները, ատելության մթնոլորտը, առկա ճգնաժամը:

– Նայած թե քաղաքական ուժերն ինչպես կտանեն իրենց քարոզարշավը: Կարծում եմ, եթե նրանք հասարակական տրամադրությունները լավ մոնիթորինգ անեն, կհասկանան, որ ատելությունն անարդյունավետ է նաև քաղաքական տեսանկյունից: Անկախ գնահատականներից, կարելի է տալ ընդհանուր գնահատական, որ այդ 17 ուժերի ձեռնարկած ուղեցույցը հաջողության չբերեց նախևառաջ այն պատճառով, որովհետև հիմքում դրված էին ատելությունը, անհանդուրժողականությունը: 

Հասարակությունը հաստատ այլ բան էր սպասում: Սա պետք է օրինակ լինի ոչ միայն նրանց, այլ նաև բոլոր այն քաղաքական ուժերի համար, որոնք հավակնում են Ազգային ժողով անցնել, դառնալ իշխող կուսակցություն կամ որևէ հաջողության հասնել ընտրությունների արդյունքում: 

Ես կարծում եմ, որ իր ամբողջ ողբերգական բնույթով, այս 44 օրվա պատերազմը նաև ուներ մի շատ դրական կողմ՝ մարդկային տեսանկյունից: 

Մեր հասարակությունը համախմբվեց այդ օրերին, անկախ քաղաքական հայացքներից, անկախ նրանից, թե ով որտեղ է ապրում: Դա շատ կարևոր է, և պետք է կարողանալ դա պահպանել: 

Ես կարծում եմ, որ եթե ընդդիմությունը գնար ոչ թե առճակատման, այլ համախմբման, առավել ևս դեպի ապագա գնացող ճանապարհով՝ կոնկրետ առաջարկելով, թե ինչպիսին ենք տեսնում Հայաստանը, ինչպիսին ենք տեսնում մեր հասարակությունը, այլ ոչ թե ինչպիսին չենք ուզում տեսնել, արդյունքը կարող էր նաև ուրիշ լինել: 

Ես հիմա չեմ ուզում բարոյախոսություն կարդալ, կոչ անել՝ լինել հանդուրժող, բարի, այլ զուտ պրակտիկ տեսանկյունից՝ ուզո՞ւմ եք հաջողության հասնել, պետք է հասկանաք, որ ատելությամբ դրան չեք հասնի: Եթե դա հասկանան, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կլինի: 

– Ձեր կարծիքով` այսօր հանրությանն այլընտրանք կա՞ առաջարկված: 

– Ես կարծում եմ, որ երբ սկսվի քարոզարշավը, հուսով եմ, կգան նաև այլընտրանքներ: Մենք ունենք մի շարք հարցեր, որոնց պատասխանը քաղաքական ուժերը պետք է տան, ուզեն, թե չուզեն: 

Մասնավորապես, ինչպիսի՞ քաղաքակրթական դաշտում են տեսնում Հայաստանը, ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի ապագան, ո՞րն է լինելու Արցախի հարցի լուծումը, ո՞րն է լինելու մեր արժեքային համակարգը: 

Այստեղ կարևոր է հանրության մոտեցումը, որովհետև որքան հանրությունը կոնկրետ ձևակերպի հարցերը, այնքան էլ քաղաքական ուժերը ստիպված կլինեն ավելի կոնկրետ պատասխաններ տալ, ոչ թե զբաղվել դեմագոգիայով, թե ով է փրկիչ, ով՝ կործանիչ, ի՛նչ ժառանգություն ենք ստացել և այլն: 

Կարևոր հարցերն են՝ ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը վաղը: Ընդ որում, կարծում եմ, որ երևի թե եկավ այն պահը, երբ ընտրողը պետք է հարցեր ձևակերպի յուրաքանչյուրն իր ոլորտում: Ասենք՝ ես պետք է հարցեր ձևակերպեմ մշակույթի ոլորտում, տնտեսությամբ զբաղվողները պետք է հարցեր ձևակերպեն տնտեսության ոլորտում և այլն: 

Ինչպիսին կլինի հանրության պահանջարկը, այդպիսին էլ կլինի քաղաքական ուժերի առաջարկը: Եթե պահանջարկ գոյություն չունենա կամ գոյություն ունենա զուտ էմոցիոնալ դաշտում, քաղաքական ուժերը կսահմանափակվեն դրանով: Ես այդ առումով ավելի մեծ հույսեր եմ կապում հասարակության հետ: 

– Այսօր հանրության մեջ առկա անհանդուրժողականությունը, ատելության մթնոլորտը ի՞նչ վտանգներ ունի իր մեջ: Ի վերջո, ինչո՞ւ հասարակության մեջ ատելության այսքան մեծ չափաբաժին առաջացավ, թեև խոսում էինք սիրո և համերաշխության մասին:

– Խոսելը քիչ է, յուրաքանչյուր խոսք պետք է հաստատվի գործողություններով: Հենց այնպես հնչեցրած խոսքը դատարկություն է: 

Խոսքեր նույնիսկ կարող են նաև չլինել, գործողություններն արդեն ինքնըստինքյան խոսում են իրենց փոխարեն: Մենք պետք է բոլորս հասկանանք, որ այդ ատելությունը, անհանդուրժողականությունը ինքնաոչնչացման ճանապարհ է: 

Այստեղ ավելի պրագմատիկ էգոիզմի կողմնակից եմ ես. եթե դու ուզում ես ունենալ որոշակի ապագա, պետք է հասկանաս, որ դա երբեք չես կարող կառուցել ուրիշների դժբախտության վրա: 

Մարդկությունը, համենայնդեպս, այն մասը, որն իրեն համարում է առաջադեմ, շատ վաղուց հասկացել է, որ հնարավոր չէ առանձին սոցիալական խմբում կամ կուսակցական խմբում կառուցել երջանկություն: Մենք բոլորս փոխկապակցված ենք իրար հետ: 

Փորձը ցույց է տալիս, որ երբ շահագրգռված ենք, որ մեր դիմացինը ևս հասնի ինչ-որ հաջողությունների, դրանով մենք ինքներս ենք հասնում հաջողության: 

Չի կարելի ամբողջ կյանքը նվիրել ինչ-որ մեկի դեմ, ինչ-որ մի գաղափարի դեմ, ինչ-որ մի խավի դեմ, ինչ-որ մի կուսակցության դեմ պայքարելուն: Պայքարել կարելի է հանուն ինչ-որ բանի, ոչ թե ընդդեմ ինչ-որ բանի: 

– Վերջին հարցումները ցույց էին տալիս, որ 42 տոկոսն ընդհանրապես որևէ քաղաքական ուժի չի վստահում և չի մասնակցի ընտրություններին: Դա մտահոգի՞չ է:

– Այո՛, մտահոգիչ է, բայց կարծում եմ՝ այստեղ կա մեծ դաշտ բացատրական աշխատանք կատարելու համար: Եթե դու չես վստահում ոչ մեկին և հրաժարվում ես մասնակցել քո երկրի ճակատագիրը որոշելու հարցին, այլևս որևէ բողոք ներկայացնելու իրավունք չունես, որովհետև դու քեզ կամավոր զրկել ես այդ հնարավորությունից: 

Եվ ուզում եմ, որ այդ վստահելը տեղափոխվի, այսպես ասած, Աստվածաշնչյան դաշտից դեպի ռեալիստական դաշտ: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում վստահել. պետք է վստահել, երբ կա ծրագիր, կա այդ ծրագիրն իրականացնելու ժամկետ, կան մարդիկ, որոնք կարող են դա իրագործել: 

Վստահությունը պետք է շատ ամուր հենարան ունենա: Հենց այնպես վստահել գեղեցիկ խոսքերի կամ գեղեցիկ աչքերի համար, իհարկե, չի կարելի: Այդ վիճակից պետք է դուրս գանք: 

Կարծում եմ՝ որքան շուտ դուրս գանք փրկիչ փնտրելու վիճակից, այնքան լավ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ երբ դու փրկիչ են ման գալիս, այդ փրկիչ հասկացությունը չի սահմանափակվում մեկ անձով կամ մեկ կուսակցությունով: 

Դա սկսում է տեղափոխվել ավելի լայն շրջանակներ՝ փրկիչ-պետություն, փրկիչ-ազգ, ինչը շատ վտանգավոր է: Դա բոլոր դեպքերում նշանակում է միայն մի բան՝ հրաժարում սեփական ուժերից, սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից ու պարտավորությունից: 

– Եթե այս ընտրությունների արդյունքում նորից ԱԺ անցնեն այն քաղաքական ուժերը, որոնք այսօր ներկայացված են, կարո՞ղ ենք արձանագրել, որ որակական փոփոխություն չենք ունենա:

– Դժվարանում եմ ասել: Կարծում եմ, որ եթե խաղի կանոնները մնան նույնը, և, ասեն՝ քանի որ մենք մեծամասնություն ենք, ամեն ինչ որոշվում է դրանով, իհարկե շատ բան չի փոխվի: 

Բայց ես շատ մեծ հույս ունեմ, որ մենք, ի վերջո, կգանք նորմալ կառավարման համակարգի: Ո՞րն է դա. դա իշխանության բալանսավորումն է, վերահսկողությունն է: Հաճախ վերահսկողությունն ընկալվում է զուտ որպես անվստահություն, բայց այդպես չի: Դա պարզապես բնականոն քաղաքական կյանք է: 

Պետական մարմինները հենց դրան են կոչված, երբ յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով, բայց նաև իր լիազորությունների շրջանակում վերահսկում է մյուս պետական մարմնի գործողությունները: 

Մենք հաճախակի հիմա խոսում ենք, թե արդյոք արդար կլինե՞ն ընտրությունները, թե՞ ոչ: Դրանով մենք էլի ոնց որ հարցը մեզնից դուրս ենք դնում: Վստահո՞ւմ ենք, որ այս ուժը կանցկացնի արդար ընտրություններ, թե՞ չենք վստահում: 

Ես մի թեթև փորձ եմ ունեցել ընտրական գործընթացում աշխատելու և կարող եմ շատ վստահ ասել, որ կեղծել պատրաստ ենք բոլորս, բայց իրար հանդեպ վերահսկողությունը թույլ չի տալիս դա անել: 

Ավելին, մեր վիճակն ավելի բարդ է, քանի որ գտնվում ենք քաղաքակրթական այն դաշտում, որտեղ ընտրություններ կեղծելը համարվում է նորմալ երևույթ: Այն բոլորն երկրները, որոնք մեզ հետ գտնվում են նույն դաշտում, այնտեղ արդար, ազատ ընտրությունները արժեք չեն: 

Դա է ինձ ավելի շատ մտահոգում, որովհետև եթե դու շարունակում ես մնալ այդ դաշտում, դու կարող ես անցկացնել մեկ անգամ, երկու անգամ արդար ընտրություններ, բայց շատ հավանական է, որ հաջորդ ընտրությունները կանցկացնեն ոչ ազատ և ոչ արդար, որովհետև քո արժեքային դաշտն այդպիսին չէ: Արդար ընտրությունները չեն թելադրվում այդ երկրների գաղափարախոսությամբ: 

Մի դեպք պատմեմ. 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես օկրուգային հանձնաժողովի նախագահն էի: Այն ժամանակ օկրուգային հանձնաժողովներն իրենք էին որոշում ամեն ինչ, թե ով է ընտրվել: Դա համարվում էր սուպերօկրուգ, չորս գործող պատգամավորներ էին առաջադրված: 

Բազմաթիվ կուսակցությունների ներկայացուցիչներ էին ներկա, և ես հասկացա, որ բոլորը պատրաստ են կեղծելու: Որպեսզի դա տեղի չունենա, ես կիրառեցի այսպիսի մոդել. այն տեղամասային հանձնաժողովում, որտեղ նախագահը իշխանության ներկայացուցիչ էր, տեղակալը ընդդիմություն պետք է լիներ և հակառակը: 

Արդյունքում՝ հոյակապ մթնոլորտ ստեղծվեց, և հիմա էլ այդ մարդիկ բոլորը կասեն, որ այդտեղ եղավ ամենաարդար ընտրությունը: Մենք ունեինք շատ լավ հարաբերություններ իրար հետ, բայց վերահսկում էինք իրար: 

Այսինքն՝ վերահսկողական մեխանիզմը շատ ավելի կարևոր է, քան պարզապես ասել՝ սրան հավատում եմ, նրան չեմ հավատում: Պետք չի հավատալ կամ չհավատալ, պետք է ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա կեղծիք:

Մանե Հարությունյան

MediaLab.am