Հայաստանի Հանրապետությունում բռնարարքների վերաբերյալ. ՀՔԱՎ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում բռնարարքների վերաբերյալ. ՀՔԱՎ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետությունում բռնարարքների վերաբերյալ. ՀՔԱՎ հայտարարությունը

«Նախախորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի, ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանի, Մանվել Եղիազարյանի ու Ռազմիկ Պետրոսյանի, ՀԱԿ Հայ ազգային Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունները, «Նախախորհրդարանի» անդամների անձնական ավտոմեքենաների հրկիզումները հանդիսանում են ՀՀ-ում կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ հրապարակային և ցինիկ, անպատժելի ահաբեկության փաստեր, որոնք ուղղված են վախի մթնոլորտի, ներքին գրաքննության համակարգի ձևավորմանը: Բռնությունների թիրախ դարձած անձինք ունեն մեկ ընդհանրություն. նրանք բոլորն էլ հանրությանը հայտնի են ՀՀ-ում իշխող ռեժիմի,  անձամբ Սերժ Սարգսյանի գործունեության սուր քննադատությամբ:

Բռնությունների հերթական շարանը հանդիսանում է մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունում ոչ լեգիտիմ իշխանության և նրա առանձին ներկայացուցիչների գործունեությունը քննադատողների նկատմամբ բռնություն կատարած անձանց և նրանց պատվիրատուների անպատժելիության հետևանքը:

Դրա ամենաթարմ ապացույցն է ՀՀ փոխոստիկանապետ, ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի հրապարակային մեկնաբանությունները, որոնց համար նա ընդամենը ստացավ նկատողություն: Սերժ Սարգսյանի և նրա ներկայացուցիչների կարծիքին չհամապատասխանող քաղաքական հայացքների, դիրքորոշումների, կարծիքների համար ՀՀ քաղաքացիների նկատմամբ  բռնությունների, ծեծի, ճնշումների, հետապնդումների կիրառումը, ավելին դրանց հրապարակավ չդատապարտումը իշխանությունների կողմից,  համարում ենք ուղղակի հովանավորչություն, որը նպաստում է  դրանց շարունակմանը:

Բռնությունների անմիջական կատարողներին բացահայտելուց և նրանց պատասխանատավության ենթարկելուց բացի, առավել կարևոր է հրապարակային քաղաքական գնահատական տալ դրանց հանգեցնող գործոններին, որոնց թվում որոշիչ նշանակություն ունեն  իշխող կուսակցության ներկայացուցիչների,  պետական մարմինների, հատկապես իրավապահ կառույցների  ղեկավարների, նաև ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր հանդիսացողների կողմից լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների, քաղաքական գործիչների նկատմամբ հրապարակային բռնության դեպքերը, կոչերը, որոնք չեն դատապարտվել և կանխվել, չեն ստացել իրավական և, քաղաքական գնահատականներ:

Նշված բռնությունները հետևանք են նաև բռնությունների ընտրողական դատապարտման պրակտիկայի, որի դրսևորումներին բազմիցս ականատես ենք եղել ՀՀ անկախության ողջ ժամանակաշրջանում: Բռնության որևէ դեպք չի կարող երբևէ անտեսվել, անուշադրության մատնվել կամ չդատապարտվել՝ ելնելով քաղաքական, խմբային որևէ շահից, բռնության ենթարկվողի քաղաքական, կրոնական, սեռային, սոցիալական, կրթական, ազգային կամ որևէ այլ հատկանիշներից, կամ առաջնորդվելով նպատակահարմարությամբ:

Բռնության նկատմամբ անտարբերությունը կհանգեցնի նրա տարածմանը` ինչպես ժանտախտի, որը կհանգեցնի և մարդկային, և սոցիալական, և քաղաքական, և քաղաքացիական, և հոգևոր-մշակութային անդառնալի կորուստների: Սույն հայտարարությամբ ահազանգում ենք. վտանգվում է ՀՀ-ում ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության սկզբունքները, ավելի է նվազեցվում պետական ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների առանց այն էլ ցածր մակարդակում գտնվող վստահությունը: Խստիվ դատապարտելով բռնությունների նշված դեպքերը, դրանց կատարման և բացահայտման անմիջական պատասխանատու ենք համարում ՀՀ քաղաքական իշխանությանը, պահանջելով բացահայտել ոչ միայն այն անմիջական կատարողներին, այլև բոլոր այդ դեպքերով իրականացնել հրապարակային քննություն:

 

Վանաձոր, 15 դեկտեմբերի, 2014թ.

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ