Ես եկել եմ ձեզանից ներողություն խնդրելու. Փաշինյանը՝ Մրգավետ գյուղում

Այսօր Արարատի մարզի Մրգավետ գյուղում բնակչության հետ հանդիպման ժամանակ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել ժողովրդից:

«Ես եկել եմ ձեզանից ներողություն խնդրելու այն հիասթափությունների համար, որ ես ձեզ պատճառել եմ: Ես եկել եմ ձեզ ասելու, որ այո, շատ դժվար ժամանակներ են, և մենք պետք է շատ ուշադիր, զգոն և զգույշ լինենք: Բայց ՀՀ քաղաքացի, դու պետք է հաղթես: Ես եկել եմ ասելու, որ դու պետք է հաղթես», -հայտարարել է Փաշինյանը:

Նա նաև ընդգծել է, որ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դատ են լինելու, և ժողովուրդն էլ դատավոր է լինելու:

«Ես եկել եմ ասեմ՝ ինչ դատավճիռ որ կայացնեք, ես այդ դատավճռին խոնարհաբար կենթարկվեմ, որովհետև դուք ՀՀ տերն ու իշխանությունն եք: Բայց ես հույս ունեմ, որ հայ ժողովուրդը արդար կդատի, և հույս ունեմ, որ ում մենք ի վիճակի չենք եղել դատել, դուք գնացեք, ձեր դատավճիռը կայացրեք», -հայտարարել է Փաշինյանը: