«Օպերատիվ շտաբի աշխատանքի վերաբերյալ վերապահումներ ունեմ. կան խնդիրներ, որոնք չեն լուծվում». Կարեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, այս 25 օրվա ընթացքում շրջափակված Արցախում ի՞նչ նոր խնդիրներ են առաջացել, եղածներն ի՞նչ փուլում են:

– Հիմնական խնդիրը միանշանակ սննդամթերքի ու բուժոլորտի հետ է կապված: Ճիշտ է, առաջին անհրաժեշտության սնունդը կա, բայց կան սննդամթերքի որոշ տեսակներ, որոնք արդեն սպառվել են, որովհետև այդ ամբողջը ներկրվում է Հայաստանից, ու քանի որ ճանապարհն արդեն 25 օր փակ է, բնական է, որ ներկրում չի իրականացվում: 

Երկրորդը բենզինի ու դիզվառելիքի խնդիրն է, որը համակարգված է ու խիստ անհրաժեշտության դեպքում է միայն համապատասխան ծառայություններին հատկացվում: Էլեկտրականությունը կա, ու գազը՝ որպես այդպիսին, կա, դեղորայքային բավարարվածության ակնհայտ պակաս այսօր չկա, կա որոշ դեղորայքի պակաս, բայց դա էլ համապատասխան բժշկական ծառայությունները ստանում են, և առաջին օգնության անհրաժեշտության պարագայում օգտագործվում է: 

Արցախում տիրում է շրջափակմանը բնորոշ տրամադրություն. տոնական որևէ շքեղություն ու տրամադրություն չկան, մարդիկ սկսել են խնդիրներին ավելի սթափ նայել ու ավելի ռեալ գնահատական տալ, ինչը, իմ գնահատմամբ, արդեն իսկ շատ լավ է, որովհետև երբ դու կարողանում ես ճիշտ ախտորոշում տալ, վաղ թե ուշ կգտնես նաև բուժման ճիշտ եղանակը: Ընդհանուր առմամբ՝ որպես այդպիսին ընկճվածություն չկա, բայց մտահոգություն իհարկե կա:

– Իշխանության աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, օպերատիվ շտաբի աշխատանքներից քաղաքացիները գո՞հ են:

– Օպերատիվ շտաբի աշխատանքի վերաբերյալ որոշակի վերապահումներ ես ինքս ունեմ, ճիշտ է, օպերատիվ շտաբը և՛ սոցիալական հարթակներով, և՛ հեռուստատեսությամբ անընդհատ բարձրաձայնում է առկա խնդիրների մասին, բայց հասարակության մեջ կան որոշակի շերտեր, որոնց խնդիրները չեն լուծվում: 

Ամենամեծ խնդիրն այն մարդկանցն է, որոնք աշխատանքի, ծառայության կամ հանգամանքի բերումով Հայաստանից եկել են Արցախ ու ճանապարհը փակվելու հետևանքով մնացել են Արցախում: Նրանց թիվը բավական մեծ է: Տրամաբանորեն հասկանալի է, որ այդ մարդիկ հուզական դաշտում են, նրանց մեծ մասը տղամարդիկ են, որոնք ընտանիքի միակ աշխատողներն են ու հիմա փաստացի այդ աշխատանքից զրկված են ու եկամտի որևէ աղբյուր չունեն: Սրան էլ գումարվում է ընտանիքից կտրված լինելը, որն էլ նպաստում է, որ այդ մարդկանց էմոցիոնալ դաշտը լարվի, ու որքան էլ սթափության կոչ ես անում, միևնույն է, հասկանում ես, որ մարդիկ նեղված են, ու կան հարցեր, որոնք իրենց ուզածով լուծում չեն ստանում: Բայց քանի որ բոլորս գտնվում ենք նույն ափսեի մեջ, խնդիրները բոլորիս համար կարծես թե նույնն են:

– Այնուամենայնիվ, այդ մարդկանց խնդիրներին լուծում տրվո՞ւմ է:

– Այո՛, որոշ չափով լուծում տրվում է, ապահովում են կեցության վայրով: Սննդի հետ կապված հարցերի կարգավորումն է արդեն կազմակերպվել, որպեսզի մարդիկ կարողանան սնվել, քանի որ աշխատանք չունեն ու գումար չեն վաստակում:

Այդ հարցն օպերատիվ շտաբը կարծես թե կարողացել է կարգավորել այս պահի դրությամբ: Բայց ամեն օրը նոր փորձություն է բերում, ինչն էլ նոր բացահայտումներ ու որակներ է առաջ բերում պետական կառավարման համակարգում: Հուսամ, որ օր օրի շատ ավելի արդյունավետ միջոցներ կարձանագրենք՝ նմանատիպ խնդիրները լուծելու համար:

– Պարո՛ն Հովհաննիսյան, Արցախի ապաշրջափակման մասով մարդիկ ումի՞ց ու ի՞նչ սպասելիքներ ունեն:

– Քանի որ մարդկանց մեծ մասն ակտիվ հետևում է սոցցանցերին և ունի մեդիագրագիտության որոշակի պակաս, ինչին տեղյակ են Ադրբեջանի հատուկ ծառայությունները, մերթընդմերթ սոցիալական հարթակներով որոշակի կեղծ ինֆորմացիա են տարածում, ինչը մտահոգություն է առաջացնում, ու հասկանում ես, որ բնակչությունը շատ հաճախ թշնամու այդ խայծը կուլ է տալիս: Որոշակի էմոցիաներ են գեներացվում, ինչը օպերատիվ շտաբը կամ առհասարակ պատկան մարմինները փորձում են միանգամից հերքել, որպեսզի հասարակությունը կարողանա այս փորձությունն առանց ավելորդ լարվածության հաղթահարել: 

Սպասելիքները միջազգային հանրությունից են, որպեսզի նրանք ու, իհարկե, առաջինը՝ եռակողմ հայտարարության կողմերը իրենց ստանձնած պարտավորությունները կարողանան կատարել, իսկ եթե անտեսվում են այդ կետերն ու պարտավորությունները, հույսը մնում է միջազգային հանրությունը, որպեսզի լուրջ ճնշումներ գործադրի ադրբեջանական կողմի վրա՝ ստիպելով բացել կյանքի ճանապարհը: 

Այդ աշխատանքների արդյունավետությունն էլ արդեն կախված է համակարգողներից: Հայաստանն ունի բոլոր գործիքակազմերը՝ միջազգային հարթակներում բարձրաձայնել խնդիրը, կիրառել իրեն հասու բոլոր միջոցներն ու պարտավոր է կիրառել դրանք, որպեսզի հասնենք ապաշրջափակման: 

– Մինչև հիմա այդ գործիքակազմերն արդյունավետ կիրառվե՞լ են:

– Եթե արդյունավետ կիրառվեին, ապա այսօր արդեն միջանցքը բացված կլիներ, ինձ թվում է՝ լրացուցիչ վճռականություն, ավելի կոշտ կեցվածք են պետք, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ հետևանքներն անսպասելի ու ծանր լինեն, բայց ժողովրդի ցանկությունը և՛ Արցախում, և՛ Հայաստանում, կարծում եմ՝ միանման է: 

Հայաստանը՝ որպես միջազգային սուբյեկտ, պետք է իր չոր դիրքորոշումն օգտագործի ու հասնի նրան, որ Ադրբեջանն ապաշրջափակի Արցախը, որովհետև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանն ընդունել է, որ կա՛ Արցախ, կա՛ Արցախի շփման գիծ, կա՛ն ռուս խաղաղապահներ, և Ադրբեջանը պարտավոր է հարգել իր ստորագրությունը, եթե չի հարգում՝ պետք է ստիպեն, որ հարգի:

– Ըստ ձեզ՝ Արցախը դեռ երկա՞ր է շրջափակված մնալու:

– Ամեն ինչ կախված է մեր միասնականությունից: Միասնականություն ասելով՝ հասկանում եմ հայ ժողովրդի միասնական աշխատանքը, որովհետև ոչ մի գերտերություն, ոչ մի ռազմավարական գործընկեր, վստահ եմ, ավելի խոր ցավ չեն ապրելու կատարվածի համար, քան հայ ժողովուրդը:

Հայ ժողովրդի միասնականության ու միահամուռ աշխատանքի արդյունքում հաստատ հնարավոր է լինելու ապաշրջափակման հասնել: Ուղղակի անհրաժեշտ է, որ հայ ժողովրդի աշխատանքը կոորդինացվի, իսկ այդ գործիքակազմը գտնվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ձեռքին: Ինչու դրան լավ չի արձագանքում ժողովուրդը՝ իր պատմությունն ունի, ուրեմն ինչ-որ բան այն չէ:

– Այդ միասնականության նախադրյալները տեսանելի՞ են, պարո՛ն Հովհաննիսյան:

– Հաճախ նաև կեցությունն է որոշում գիտակցությունը, և եթե այս իրավիճակն այսպես շարունակվի, ու խնդիրները շատ ավելի խորանան ու ցավոտ դառնան, չեմ կարծում, թե աշխարհի տարբեր ծայրերում հայ ժողովրդի զավակները չեն արձագանքի: Միասնականությունն առաջին հերթին նաև անհրաժեշտ է ներքաղաքական կյանքում, որպեսզի առաջացած անդունդը կարողանանք լցնել ու, սուր եզրերը հարթելով, անդունդը փակել ու լծվել համահայկական նպատակների իրագործմանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am