Ryanair-ի ղեկավարը կոչ է արել սահմանափակել ալկոհոլի վաճառքը օդանավակայաններում

Ryanair-ի ղեկավար Մայքլ Օ’Լիրին The Times-ին տված հարցազրույցում կոչ է արել դադարեցնել օդանավակայաններում ուղևորներին ալկոհոլ վաճառելու պրակտիկան։

Նրա խոսքով՝ ավիաընկերությունը գրեթե ամեն օր ստիպված է լինում փոխել չվերթների երթուղիները հարբած կամ ագրեսիվ ուղևորների պատճառով։ Օ’Լիրին նշել է, որ չի հասկանում, թե ինչու օդանավակայանների բարերում ալկոհոլ են մատուցում արդեն առավոտյան «հինգից կամ վեցից»։

Որպես հնարավոր լուծում՝ նա առաջարկել է սահմանափակել օդանավակայաններում ալկոհոլի վաճառքը՝ յուրաքանչյուր անձի համար առավելագույնը երկու չափաբաժնով՝ անկախ օրվա ժամից։ Նրա կարծիքով՝ այդ սահմանափակումը հնարավոր կլինի վերահսկել ուղևորների նստեցման կտրոնների միջոցով։

2025 թվականին Ryanair-ը հայտարարել էր նաև, որ 500 եվրո տուգանք կսահմանի այն ուղևորների նկատմամբ, որոնց ոչ պատշաճ վարքի պատճառով ստիպված կլինեն իջեցնել ինքնաթիռից։ Ավիաընկերությունը որոշ ուղղություններով և չվերթներում պարբերաբար սահմանափակում է նաև ալկոհոլի վաճառքը։

«Մենք մեզ պահում ենք խելամիտ և պատասխանատու, իսկ նրանք, ովքեր անպատասխանատու վարքից շահույթ են ստանում, օդանավակայաններն են»,- ասել է Օ’Լիրին։