2010 թվականի ամռանը Ֆրանսիայում բազմահազարանոց ցույցեր էին անցկացվում: Կառավարությունը (այն ժամանակ իշխանության գլխին էին Սարկոզիի գլխավորաած աջ ուժերը) օրինագիծ էր ներկայացրել, ըստ որի՝ 2018 թվականին թոշակային տարիքը բարձրացվելու էր 60-ից մինչեւ 62 տարեկան: Ֆրանսիացիները, պարզվում է, չէին ուզում հավելյալ երկու տարի աշխատել եւ ակտիվորեն բողոքում էին արհմիությունների եւ ձախ կուսակցությունների կոչով:
Հայաստանում գազի գինը պատրաստվում են բարձրացնել 67 տոկոսով եւ ոչ թե 5 տարի հետո, այլ հենց հիմա, բայց փողոցներում զանգվածային բողոքի նշաններ առայժմ չեն նկատվել: Պատճառը թերեւս այն է, որ մեզ մոտ չկան արհմիություններ, մեր մեջ ասած՝ չկան նաեւ աջ կամ ձախ կամ որեւէ այլ քաղաքական ուժեր: Կան հղփացած, չափը կորցրած, այսպես կոչված, «քրեաօլիգարխներ»՝ իրենց արբանյակներով, ինչպես նաեւ մի քանի տասնյակ գործիչներ, որոնք անկեղծության այս կամ այն աստիճանով քննադատում են իշխանավորներին: Անվանել այդ խմբերը «իշխանություն», «ընդդիմությունե», «կուսակցություններ» հնչեղ անուններով՝ չափազանցություն է: Այդ քննադատող գործիչները կարողանում են ժամանակ առ ժամանակ Ազատության հրապարակում հավաքել մի քանի հազար դժգոհ մարդու (մի քանի հարյուր հազար դժգոհներից), հավաքվածները մեծագույն հաճույքով լսում են «քրեաօլիգարխների» հասցեին թունդ խոսքերը, վանկարկում են, սուլում են, ցանկանում են գնալ Բաղրամյան 26 եւ… գնում են իրենց տներով: Բայց ուշադրություն դարձրեք՝ մարդիկ Ազատության հրապարակում հավաքվում են գլխավորապես այն միջոցառումից հետո, որը դարձյալ պայմանականորեն կոչվում է «նախագահական ընտրություններ»: Պայմանականորեն՝ որովհետեւ եթե չկա իշխանություն եւ ընդդիմություն, ապա ո՞ր հրաշքով պիտի անցկացվեն իսկական ընտրություններ՝ դա իրականում տեխնիկական գործընթաց է, որը պաշտոնականացնում է իշխանության վերարտադրությունը: Բայց մարդիկ փողոց են դուրս գալիս հենց նման միջոցառումների ժամանակ: Ինչո՞ւ: Որովհետեւ նրանք հույս ունեն, որ «չար թագավորին» կփոխարինի «բարի թագավորը», որի արդյունքում նրանք կսկսեն լավ ապրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/16/243852/