Արա Այվազյանն անդրադարձավ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով:

«Արմենպրես»ի հարցին ի պատասխան այս մասին Այվազյանն ասաց՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Հետպատերազմյան առաջին ապրիլի 24-ը հստակ և հատուկ միջազգային հնչեղություն ունեցավ: Այս տարի այդ օրը նշանավորվեց հայ ժողովրդին միջազգային հանրության կողմից շատ ուժեղ զորակցության արտահայտմամբ: Հայաստան են ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ՝ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին: Եղան ուղերձներ մեր միջազգային բազմաթիվ գործընկերների կողմից, այդ թվում` ամենաբարձր մակարդակով: Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով»,- ասաց Այվազյանը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ամբողջովին կիսում է նախագահ Բայդենի ուղերձում արտահայտված այն միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի` կանխելու նմանօրինակ միջազգային հանցանքների կրկնությունն ապագայի համար:

«Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործում Հայաստանը միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է, և այդ իմաստով նախագահ Բայդենի ուղերձը շատ մեծ ավանդ է»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը: