«Գաֆէսճեան» քանդակների պուրակում տեղադրված կոլումբացի հայտնի քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի «Ծխող կինը» քանդակը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների փոթորիկ է բարձրացրել` առիթ տալով բազմաթիվ մեկնաբանությունների` կնոջ բարոյական կերպարի, մարմնի չափերի, ծավալապաշտության, ամոթի, աբուռի ու նամուսի մասին:
Օրերս Երեւան ժամանած աշխարհահռչակ քանդակագործի ՝ «Ծխող կինը» միանգամից բացասական տարափի տակ հայտնվեց` արժանանալով «ապազգային», «ոչ հայեցի», «չարաբաստիկ», «չաղ ու լկտի », «հակաէսթետիկ» ու նույնիսկ «մամա Ռոզա» որակումներին:
Արվեստագետները եւս տարբեր կերպ արձագանքեցին պուրակում ինքնվստահորեն Երեւանի ջերմ արեւի տակ պառկած «Ծխող կնոջ» ներկայությանը:
Գյումրու «Վարդան Աճեմյանի» անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր եւ Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի դասախոս Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ ամեն ինչ չէ, «որ պետք է բերեն, փաթաթեն հայերի վզին»:
«Ի՞նչ է, հայերի մեջ չկա՞ն չաղ, ծխող կանայք, կան,- «Մեդիալաբին» ասում է Ծատուրյանը,-բայց մեր արվեստը ուրիշ է, այդ արձանը կապ չունի ոչ մեր մենթալիտետի հետ, ոչ ճաշակի, ոչ ազգի, դրա համար էլ չեն ընդունում: Դա մեզ խորթ է: Դա տուրիստների համար ավելի շատ հետաքրքիր
կլինի»:
Սակայն, ի տարբերություն Ծատուրյանի միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների ներկայացած եւ արտերկրում մեծ ճանաչում ունեցող գեղանկարիչ Տիգրան Մատուլյանն ասում է, որ շատ ուրախ է Երեւանում տեսնելու Բոտերոյի աշխատանքներից եւս մեկը:
Հիշեցնենք, որ «Հռոմեկան զինվորի» ու «Կատվի» արձաններից հետո մերկ անծանոթուհին երրորդն է Բոտերոյի քանդակներից, որ ցուցադրվում է Կասկադում:
«Սա հոյակապ աշխատանք է գնահատված ամբողջ աշխարհում, Փարիզում են դրվում Բոտերոյի քանդակները: Այսպես մեր քաղաքի էթիկան է բարձրանում, պարզապես մեր ազգը նատուրալիստ է դարձել եւ ցեղի կարգավիճակից չի ուզում դուրս գալ: Խոսում են թե ինչու՞ է մերկ պառկած, կամ ինչու՞ է ծխում»,-«Մեդիալաբին» ասում է Մատուլյանը:
Նա նշում է, որ ցենզուրայի հարցերը մասնագետների որոշելիքն է:
«Կիսագրագետ քաղաքում Բոտերո, սա պարզապես հոյակապ է: Ես կուզեի 10 քանդակ էլ նվիրեին մեր քաղաքին ու ժողովուրդը կփոխվեր, կհասկանար, այլ մշակույթ կտեսներ: Ավելի լավ է այդ չգնահատողները լուսատուի տակով ճիշտ անցնեն, փոխարենը նման գնահատականներ տալու »,-ասում է Մատուլյանը:
«Ծխող կինը» Բոտերոյի ամենահայտնի քանդակներից է, որը մեծ ճանաչում է վայելում ամբողջ աշխարհում: Կոլումբացի նկարիչ եւ քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն ծնվել է 1932 թվականի ապրիլի 19-ին եւ աշխատում է ֆիգուրատիվիզմի ոճում:
Նրա բոլոր աշխատանքները չափազանցվածության եւ անհամաչափության մեջ են, ուղեկցված գրոտեսկի, քննադատության, հեգնանքի, հումորի ու սրամտության դետալներով:
Լիլիթ Առաքելյան
© Medialab.am