ՕԵԿ-ը՝ մահացած, Ժառանգությունը՝ լղոզված, իշխանությունից՝ առանց սպասելիքների. միօրինակ ու անհետաքրքիր քարոզարշավի մասին

ՕԵԿ-ը՝ մահացած, Ժառանգությունը՝ լղոզված, իշխանությունից՝ առանց սպասելիքների. միօրինակ ու անհետաքրքիր քարոզարշավի մասին
ՕԵԿ-ը՝ մահացած, Ժառանգությունը՝ լղոզված, իշխանությունից՝ առանց սպասելիքների. միօրինակ ու անհետաքրքիր քարոզարշավի մասին

Ամենուր նույն ձեռագրով ու բովանդակությամբ հանդիպումներ, քաղաքական նույն, նվազագույն թվով տեխնոլոգիաների կիրառում, ընտրազանգվածի կորցրած վստահությունը շահելու պարզունակ, սակավաթիվ մեթոդներ՝ այսպես են քաղաքագետները բնորոշում Ազգային ժողովի 2012-ի նախընտրական քարոզարշավը:
Մեկամսյա միօրինակ հանդիպումներն ու հավաքները փորձագետների գնահատմամբ ընտրողի ու ընտրվողի միջեւ համագործակցության բացակայության մասին են խոսում:
«Բոլոր քաղաքական ուժերը կիրառեցին քարոզարշավային տեխնոլոգիաների մեկ ձեւը՝ հանդիպումներ մարզերում, Երեւանի բակերում, հանրահավաքներ կամ փակ հանդիպումներ: Գովազդի տեսանկյունից նույնպես թույլ էր, քանի որ հիմնականում մի քանի թերթեր ու առցանց լրատվական կայքեր էին պարբերաբար ներկայացնում քարոզարշավը»,- ասում է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը :
Այնպիսի գործիքներ չկիրառելը, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, գիտաժողովները, լուրջ քննարկումները, ինչպես նաեւ ծրագրերի ոչ լիարժեք, պրակտիկ ներկայացումն, ըստ մեկ այլ քաղաքագետի՝ Երվանդ Բոզոյանի, խոսում է Հայաստանում քաղաքացիական հասարակության բացակայության մասին:

«Համեմատելով 2007-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հետ՝ քաղաքացիական հասարակության դերն այժմ նվազել է: Միջին դասը վերացել է եւ հասարակության մոտ չկա հետաքրքրություն պրակտիկորեն ընկալելու քաղաքական դաշտում որեւէ ծրագիր: Մարդիկ ինչ որ միֆերի պատկերացումներով են կողմնորոշվում ընտրություններին գնալիս»,- ասում է Բոզոյանը:

Քաղաքագետի խոսքերով՝ հասարակությունն անընդհատ ենթարկվում է մանիպուլյացիաների, քանի որ առողջ քաղաքացիական հասարակություն իր արժեհամակարգով Հայաստանում գոյություն չունի:

Փորձագետները նշում են, որ իշխող կուսակցությունից ընտրազանգվածն ակընկալիքներ չունի, ՕԵԿ-ը համարվում է մահացած քաղաքական ուժ, ՀԱԿ-ը՝ ռադիկալ ընդդիմադիր, իսկ Ժառանգությունը՝ լղոզված ու անորոշ, որը փորձում է խաղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը:

Ծրագրի պատրաստվածության առումով Երվանդ Բոզոյանն առանձնացնում է ՀՅԴ-ին, որն այս ընթացքում փորձել է ձեւավորել հստակ մոդել:

«Դա պայմանավորված է նրանով, որ Դաշնակցությունը կազմված է միջին կլասի բյուրոկրատներից, ովքեր ռեալ տիրապետում են իրավիճակին, բայց կրկին հասարակության կողմից պահանջարկ չկար ծրագրերը ընկալելու»,- ասում է Բոզոյանը:

Արմեն Բադալյանն իր հերթին առանաձնացնում է ԲՀԿ-ին. «Քաղաքական ուժերի կոնֆիգուրացիայում ԲՀԿ-ն առաջատարն է եւ պետք է, որ մեծ ձայներ հավաքի, քանի որ այս քարոզարշավի ընթացքում այն հանդես եկավ որպես քաղաքական նոր ուժ, որից մարդիկ ունեն ակընկալիքներ»:

Համեմատելով նախորդ խորհրդարանական ընտրությունների հետ՝ Բոզոյանը դրական աճ է համարում վերահսկողական, դիտորդական նախաձեռնությունների եւ քաղաքական 3 ուժերի ձեւավորված միասնական շտաբի առկայությունը, որոնք նոր երեւույթներ են Հայաստանում:

«Դա կարող է լինել հակակշիռ եւ քիչ թե շատ ճնշող մեխանիզմ պետական կեղծիքի մեքենային: Եվ եթե դա եղավ, ապա կարող ենք ասել, որ Հայաստանում անցկացվեցին քիչ թե շատ արդար, թափանցիկ ընտրություններ, իսկ եթե ոչ, ուրեմն կլինի այնպես ինչպես վերջին 20 տարիներին է եղել»,- նկատում է փորձագետը:

 

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը՝ Փիրուզա Խալափյանի

© Medialab.am