Ինչո՞ւ է Ռուսաստանն ուշացնում Հայաստանի զենքի մատակարարումը. Երբ ձախողվում է Ղարաբաղի հետ կապված ռուսական պլանը

Ինչո՞ւ է Ռուսաստանն ուշացնում Հայաստանի զենքի մատակարարումը. Երբ ձախողվում է Ղարաբաղի հետ կապված ռուսական պլանը
Ինչո՞ւ է Ռուսաստանն ուշացնում Հայաստանի զենքի մատակարարումը. Երբ ձախողվում է Ղարաբաղի հետ կապված ռուսական պլանը

Մինչ ուշանում է  Հայաստան` ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանից զենքի մատակարարումը, ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են ազդարարել, որ Ռուսաստանը զենքի նոր խմաբաքանակ է սկսել մատակարարել Ադրբեջանին: Ըստ տարբեր աղբյուրների պաշտոնական տեղեկատվության՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում այս օրերին Բաքուն նոր զինտեխնիկա է ձեռք բերում: Ռուսական կողմը նաև զենքի գործածման մասով տեխնիկական աջակցություն է հատկացնում Ադրբեջանին:

Ըստ «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև այս փուլում առկա է խնդիր, ինչի հետևանքով ռուսական կողմը ուշացնում է 200 մլն դոլար վարկի շրջանակներում սպառազինության մատակարարումը Հայաստանին:

«Ակնհայտ  է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև խնդիրներ կան, որոնք պայմանավորված են նրանով, որ Հայաստանը պարզապես հրաժարվում է իրականացնել Ղարաբաղի հետ կապված ռուսական պլանը: Նաև այս վերջին ապրիլյան պատերազմի ժամանակ փաստացի թույլ չտվեցինք որևէ պլանի իրականացում, քանի որ պլանը ենթադրում էր, որ առնվազն որոշ տարածքներ պետք է անցնեին Ադրբեջանին»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:

Ըստ նրա, քանի որ Հայաստանը մերժում է և պատերազմով, և բանակցություններով տարածքների հանձնումը, բնականաբար Ռուսաստանը խնդիրներ է ունենում Ադրբեջանի հետ, քանի որ խոստացել է հանձնել այդ տարածքները: Եվ քանի որ Հայաստանը դիմադրում է Ռուսաստանին, բնականաբար Ռուսաստանն էլ հետձգում է զենքի տրամադրումը:

Տեղեկացնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 200 մլն դոլարի պետական արտահանման վարկի տրամադրման մասին պայմանագիրը կնքվել էր դեռեւս 2015 թվականի հունիսի 26-ի, իսկ Հայաստանի Ազգային ժողովն այն վավերացրել էր անցյալ տարվա հուլիսի 12-ին:

Չնայած բազմաթիվ քննադատություններին, թե ռուսական կողմը խոստացված զենքը չի մատակարարել, պաշտոնյաները համառորեն հակառակն էին պնդում:

Իրավիճակի լրջությունը երեւաց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Ակնհայտ դարձավ, որ ռուսական զենքը չի հասել Հայաստան այն ժամանակ, երբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ Հովիկ Աբարահամյանը խնդրեց արագացնել զենքի մատակարարման գործընթացը:

Դրանից մեկ շաբաթ անց՝ ապրիլի 15-ին, Հայաստանի կառավարությունն այս համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշում ընդունեց՝ ՀՀ պաշտպանության նախարարին  հանձնարարելով հստակեցնել մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

«Բոլորովին վերջերս Սեյրան Օհանյանը Մոսկվայում հայտարարեց, որ պայմանագիրն արդեն պատրաստ է և մնում է ստորագրվի: Ապրիլից առաջ, երբ Ռուսաստանը հրապարակեց զինատեսակների թիվը, որոնք պետք է վաճառեր, ըստ էության Հայաստանը դժգոհություն հայտնեց, որովհետև կարծես թե դրանք այն  զինատեսակները չէր, ինչ Հայաստանը ցանկանում էր ձեռք բերել այդ 200 մլն դոլարով: Ակնհայտորեն հիմա համաձայնեցրել են երկու կողմերը, թե ինչ զինատեսակներ պետք է մատակարարվեն, և Սեյրան Օհանյանը լավատեսություն էր հայտնել, որ կմատակարարվի»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ հայ-ռուսական զենքի վաճառքի հետ կապված բազմաթիվ հարցականներ կան, որոնց պատասխաններնից այսօր իշխանությունները խուսափում են:

«Այս հարցի ճշգրիտ պատասխանը ճշգրիտ ինֆորմացիա է պահանջում: Միայն այն փաստը, որ մենք հստակ պատասխաններ չենք ստանում, դա անուղղակիորեն վկայում է հարցականների մասին»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Նա նկատում է, որ Ռուսաստանը 2010 թվականից վարում է մի քաղաքականություն, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև անհավասարության ստեղծմանը: Հենց այդ թվականից ՌԴ-ն սկսեց Ադրբեջանին զենք մատակարարելու լայնամասշտաբ ծրագիրը:

«Ես ներկայումս չեմ տեսնում որևէ հիմք՝ պնդելու, որ այդ քաղաքականությունը փոխվել է: Չնայած ռուսական կողմից մենք բազմիցս լսել ենք, որ նրանք իբր թե պահպանում են բալանսը, բայց մենք լավ ենք հասկանում, որ բալանսն այնուամենայնիվ խախտված է: Էլ չեմ ասում այն զինատեսակների մասին, որոնց մատակարարմամբ Ռուսաստանը չեզոքացնում էր հայկական կողմի առավելությունները: Ես ուզում եմ հիշեցնել հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումներն Ադրբեջանին»,- ասում է Մեհրաբյանը:

Վերլուծաբանի խոսքով, այսօր մենք գործ ունենք բավական բարդ գործընթացի հետ, որի ելքերն այս պահին պարզ չեն:

Մասնագետները ստեղծված իրավիճակում կարևոր են համարում զենքի գնման այլընտրանքային տարբերակներ փնտրելը: Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ դրա համար պետք է լուրջ դիվանագիտություն վարել:

«Զենքը բանջարեղեն չէ, որ շուկայում դրված է և կարելի է հեշտ գնել: Դրա համար պետք է լուրջ քաղաքականություն վարվի: Պետք է նման քաղաքական խնդիր դրվի, բայց մենք տեսնում ենք, որ չկա նման խնդիր»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Ըստ Մեհրաբյանի, այսօր աշխարհում զենքի մատակարարներ են հանդիսանում շատ երկրներ, որոնց կողմից Հայաստանին զենք մատակարարելու համար որևէ խոչընդոտ կամ մերժման որևէ պատճառ չկա: Այդ երկրների թվին են դասվում Չինաստանը, Արևելյան Եվրոպայի երկրները: Այսինքն, պետք է դիվանագիտական հարթությունում այդ ուղղությամբ լուրջ աշխատանք տարվի:

«Բայց մենք տեսնում ենք, որ այս ամենի խոչընդոտն այսօր Հայաստանի միակողմանի այս կախվածությունն է Ռուսաստանից, ինչ-որ անհասկանալի պարտավորություններ կան, որոնք ստանձնել է հայկական կողմը՝ դիմացը չստանալով ոչինչ: Եվ սա խոչընդոտ է բազմաթիվ հարցերում, ոչ միայն զենքի մատակարարման»,- նշում է Ռուբեն Մեհրաբյանը:

Ստյոպա Սաֆարյանը նույնպես կարևորում է այլընտրանքը: Ըստ նրա, որքան էլ Ռուսաստանը դժգոհ լինի Հայաստանի պահվածքից, միաժամանակ պետք է հասկանա, որ զենքի շուկայում կորցնում է Հայաստանին: Նրա խոսքով՝ Հայաստանը չի կարող նստել ու սպասել, զենք չգնել, հատկապես երբ զենքի գնման համար համահայկական հանգանակություն է կատարվում:

«Եթե նույնիսկ Ռուսաստանը հրաժարվի այդ 200 մլն դոլար վարկով զենք մատակարարելուց, հաստատ Հայաստանը կգտնի այդ 200 մլն դոլարը և այլ երկրներից զենք կգնի»,- ասումէ  Սաֆարյանը:

Նա հավելում է, որ Ռուսաստանը սա գիտի, Ռուսաստանը մշտապես փորձում էր Հայաստանին համոզել, որ Ադրբեջանին ընդամենը բիզնես նպատակներով է զենք վաճառում: Բայց երբ ակնհայտ դարձավ, որ այդքան էլ բիզնես չէ, և դրա տակ նաև քաղաքականություն, նաև ռուսական պլան կա, այդ ժամանակ արդեն հայկական կողմի դիմադրությունն սկսեց աճել:

«Անգամ բարձրագույն մակարդակով դժգոհություն եղավ, Սերժ Սարգսյանը դժգոհեց: Եվ եթե այս տեմպերով ռուսական  զենքի վաճառքն Ադրբեջանին շարունակվի, դա ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին հարված է հասցնում, նաև Հայաստանը զենքի մասով այլ երկրների գնորդ է դառնալու»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Էմմա Մանուկյան

© MediaLab.am