«Պատերազմի տերը թաղեմ, գյոզալ երեխան ձեռիցս գնաց». Որդու զոհվելուց հետո մայրն ասում է՝ մի րոպե, մի վայրկյան էլ չեմ ուզում ապրել

«Ասեց՝ մա՛մ ջան, մի՛ նեղվի, կգամ, կտեսնես ինձ, պատերազմը կպրծնի, կգամ… բայց չեկավ։ Պատերազմի տերը թաղեմ, գյոզալ երեխան ձեռիցս գնաց»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է 41-ամյա Սոնա Մանուկյանը, որի որդին՝ 19-ամյա Գագիկ Կարապետյանը, պատերազմում զոհվել է «Բայրաքթարի» հարվածից։

Մայրը պատմում է, որ տղայի հետ ամեն օր կապի մեջ է եղել, նոյեմբերի 9-ին նույնպես խոսել է որդու հետ, Գագիկն ասել է՝ ավելի ուշ կզանգի, բայց զանգն այդպես էլ չի հնչել․ «Ամսի 9-ի առավոտը խոսաց շատ ուրախ-զվարթ, ասեց՝ մամ ջան, ժամը 1-ն անց կես WhatsApp-ով կզանգեմ, բայց 1 անց կես էր, չզանգեց, մտածեցի՝ լավ, ոչինչ, երևի զբաղված ա։

Ժամը 4 անց կես շատ վատ էի, ինձ ոչ ոք չի ասել, որ իմ տղային խփել են, զանգեցի՝ անհասանելի էր, մինչև մյուս օրը ժամը 6-ը, որ կարդացի՝ հրադադար, մի հատ էլ զանգեցի տղայիս, զանգ չգնաց, նենց եմ գոռացել, ասեցի՝ տղայիս խփել են, զանգեցի իրանց կոմբատին, ասեց՝ Գագիկը չկա»,- կսկիծով պատմում է որդեկորույս մայրը։

Սոնան ասում է՝ երբեք չի մտածել, որ տղայի հետ ինչ-որ բան կլինի, ասում է՝ հանգիստ էր, քանի որ որդին միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է, իրեն բան չի պատահի․ «Ասում էր՝ արխային եղի, ես չեմ իմացել, որ սեպտեմբերից 27-ից մինչև նոյեմբերի 9-ը իմ տղան առաջնագծում ա եղե: Հարցնում էի՝ ձեր մոտ չե՞ն կրակում, ասում էր՝ չէ՛, մա՛մ ջան, մեր մոտ շատ հանգիստ ա, ես էլ հավատում էի։ Ինքը շատ ուժեղ էր, պատերազմի ժամանակ կոմբատի մեքենան էր քշում։ Տղերքին ասել էր՝ ձեզ լավ նայեք, ինձ բան չի լինի, ես էլ վստահ էի, որ իրան բան չի լինի»,- ասում է Սոնան։

Մայրը պատմում է, որ անգամ չի իմացել, որ հոկտեմբերի 17-ին տղան միջին ծանրության վիրավորում է ստացել, հիվանդանոց պառկել, հետո ինքնակամ որոշել է դուրս գրվել, որպեսզի միանա մարտական ընկերներին:

«Նախարարությունից ասեցին, որ հոկտեմբերի 17-ին Գագիկս միջին ծանրության վնասվածք ա ստացել, իր կամքով հոկտեմբերի 27-ին դուրս ա գրվել, բայց ես չեմ իմացել, մենակ էդ օրն ասեց՝ մա՛մ ջան, կարող ա մի քանի օր չզանգեմ, ասեցի՝ հո չե՞ս վիրավորվել, ասեց՝ չէ՛, մա՛մ ջան, տեղ եմ գնալու»,- հուզմունքով պատմում է Սոնան ու ասում, որ երբ իր հայրը մահացել էր, որդուն թույլ էին տվել գալ, բայց տղան չէր համաձայնել, ասել էր՝ չի կարող զինակից ընկերներին մենակ թողնել։

«Ասեց՝ մա՛մ ջան, տղերքը պոստում են, չես պատկերացնի՝ ստեղ ինչ ա կատարվում, գոնե հաց, ջուր կտանեմ տղերքին»,- հիշում է մայրը: 

Գագիկը Սոնայի միակ տղան էր, որդու զոհվելու մասին իմանալուց հետո Սոնայի կյանքը տակնուվրա է եղել։ Ասում է՝ առողջական խնդիրներ են առաջացել, հոգեբանի է այցելում, քանի որ չի կարողանում վիշտը հաղթահարել։

«Սկի մի րոպե, մի վայրկյան էլ չեմ ուզում ապրեմ»,- հուզմունքով ասում է Սոնան ու նշում, որ միակ սփոփանքը աղջկա երեխան է, որ ուժ է տալիս։

«Թոռնիկովս եմ ապրում, թոռնիկս էլ սաղ օրը ասում ա՝ տատի՛կ, բա Գագոն բանակից չի՞ գալիս»,- պատմում է Սոնան ու լռում։

Գագիկը հավասարակշռված էր, լուրջ, աշխատասեր, գյուղում բոլորի կողմից սիրված՝ պատմում է մայրը։

Ցանկանում էր զորացրվելուց հետո սովորել Հայաստանի ագրարային համալսարանում, մինչև բանակ գնալը արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստան, տուն, մեքենա գնել։ Մայրն ասում է՝ տղան նաև սիրահարված էր․ «Բոլոր երազանքները կիսատ մնացին»,- ասում է Սոնան ու կրկին հուզվում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am