Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունը

Կառա­վա­րության այսօրվա նիստում հավանության են արժանացել «Հայաստա­նի Հան­րա­պե­տու­թյան դրոշի մասին» ՀՀ օրեն­քում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավա­խախ­տումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենք­­ների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կա­­ռա­վա­րու­թյան առաջար­կու­թյունները, որոնք սահ­ման­ված կարգով ներկայացվել են Ազգային ժողովի աշխատակազմ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Առաջարկությունների նպատակը պետական խորհրդանիշի՝ ՀՀ դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես երեխաների և երիտասարդների շրջանում հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է:

Օրենք­ների նախագծե­­րով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրո­ցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջ ամրագրել: Առաջարկվում է նաև օրենքով կանոնակարգել պետական խորհրդանիշերի հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը:

Առաջարկվում է նաև նոր խմբագրությամբ շարադրել դրոշի բարձրացման և իջեցման վերաբերյալ դրույթները, ինչպես նաև այդ դրույթների հիման վրա և դրանց համապատասխան պատասխանատվություն սահմանել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: