Կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր մեկ պացիենտ ունենք․ Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնովիրուսից բուժվող 12 պացիենտ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա տեղեկացրել է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ պացիենտ կա, որը գտնվում է Օրթոպեդիայի ինստիտուտում։

Նախարարը նաև ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում հանրապետական մի քանի բուժկենտրոններ երկու շաբաթվա ընթացքում վերապրոֆիլավորվել են ու ընդունել են կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին։

«Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին ընդունել է Արտաշատի բժշկական կենտրոնը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը այժմ վերապրոֆիլավորվում է, որտեղ երկու օրից պացիենտներ կընդունենք, ոստիկանության հոսպիտալում արդեն պացիենտներ կան, այդ թվում՝ բուժված ու դուրս գրված։ Դրական դինամիկայով՝ թոքաբորբ ունեցող քաղաքացիները արդեն այսօր բուժված էին։ Ընդհանուր կունենանք 1400 մահճակալ։ Ամեն ինչ անում ենք, որ պացիենտների թիվը չշատանա կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ», -նշել է Թորոսյանը։