Իշխանությունները ժամանա՞կ են շահում. Էդգար Վարդանյան

Հեղինակ MediaLab

Ներկայացնում ենք Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանի հոդվածը` ներքաղաքական զարգացումների  մասին:

«Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել վարչախմբի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի եւ, ընդհանուր առմամբ, ընդդիմադիր հանրության նկատմամբ ցուցաբերվող այսօրվա պահվածքից եւ, մասնավորապես, Հովհաննիսյանին հասցեագրված՝ Սարգսյանի մարտի 25-ի նամակից։ Եզրակացություններս հետեւյալն են՝

1) Իշխանությունները մտածում են, որ «Բարեւի» շարժումը լուրջ երեւույթ է կամ առնվազն մոտ ապագայում կարող է այդպիսին դառնալ, եւ չեն կարողանում անտեսել այն։ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անլուրջ կամ անվտանգ երեւույթին այդքան ժամանակ չէր տրամադրի, չէր փորձի ամեն կերպ վարկաբեկել այն եւ հետո էլ կրկին անձամբ երկխոսության եզրեր փնտրեր Հովհաննիսյանի հետ։ Իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ ամեն օր չէին քննադատի շարժումը, եթե այն չմտահոգեր նրանց։

2) Իշխանություններն այս պահին «Բարեւի» շարժումից եկող ճնշումը դեռ չեն գնահատում այնքան ուժեղ, որը կստիպեր նրանց գնալ լուրջ զիջումների կամ, առավել եւս, ընդունել սեփական պարտությունը։ Հակառակ դեպքում, նրանք կամ կհամաձայնվեին եթե ոչ Հովհաննիսյանի օրակարգով, ապա առնվազն բաց օրակարգով բանակցություններին, կամ էլ «կփակվեին» ու կանցնեին համատարած բռնաճնշումների, եթե, իհարկե, դրա ռեսուրսն ունենային։

3) Իշխանությունները մեծ ցանկություն ունեն Հովհաննիսյանին ներքաշել երկխոսության մեջ: Ի պատասխան Հովհաննիսյանի նամակի` Սերժ Սարգսյանը կարող էր ընդամենը գրել, որ իր դիրքորոշումը հայտնել է արդեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւ պատրաստ է երկխոսել Րաֆֆու հետ, եթե նա վերանայի իր մոտեցումները` եւս մեկ անգամ նշելով, որ ինքը քաղաքակիրթ երկխոսության կողմնակից է: Սակայն Հովհաննիսյանի պատասխան նամակում, նա այլ կերպ է վարվում. առաջարկում է միասին աշխատել` անգամ հիմք ընդունելով Հովհաննիսյանի առաջարկները:

4) Երկխոսության գործընթաց նախաձեռնելով` իշխանությունները ցանկանում են Հովհաննիսյանին հանել հաց չուտելով զուգորդվող շուրջօրյա բողոքի ցույցից եւ, ընդհանուր առմամբ, թուլացնել Ազատության հրապարակի ճնշումը: Հայտնի նամակում Սերժ Սարգսյանը Հովհաննիսյանին հորդորում է դադարեցնել հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվել եւ դրանից հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սարգսյանը, փաստորեն, գտնում է, որ ցույցի մեջ գտնվող Հովհաննիսյանը մեծ առավելություն ունի այդ բողոքից դուրս գտնվող Հովհաննիսյանի նկատմամբ: Նամակում նաեւ Սարգսյանն առաջարկում է, սկսել աշխատել առանց շոուների, ինչը, հաշվի առնելով Հովհաննիսյանի հայտարարությունը, որ այսուհետ Սարգսյանի հետ կմտնի միայն հրապարակային երկխոսության մեջ, կարող է նշանակել, որ հնարավոր բանակցային գործընթացի հրապարակայնությունը շահեկան չէ Սարգսյանի համար: Ընդհանրապես, ինչպես ցույց է տվել համաշխարհային փորձը, բանակցային գործընթացի հրապարակայնությունը մեծ առավելություն է տալիս ընդդիմությանը:

5) Իշխանությունները ցանկանում են կանխարգելել շարժման հզորացումը` փորձ անելով իրենց ձեռնտու օրակարգով երկխոսության մեջ քաշել Հովհաննիսյանին: Վերոնշյալ նամակում Սարգսյանը գրում է, որ իրեն հասցեագրված գրավոր նյութը «հեռու է պետության եւ պետական իշխանության ձեւավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից եւ ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին»: Սա, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ Սարգսյանը մերժում է Հովհաննիսյանի առաջարկի հիմնարար դրույթները: Մասնավորապես, իշխանությունները բազմիցս են նշել, որ խորհրդարանը ցրելու համար գոյություն չունի ո՛չ իրավական եւ ո՛չ էլ քաղաքական ճանապարհ, իսկ դա Հովհաննիսյանի երկրորդ պահանջի առաջին հիմնական կետն է:

6) Իշխանություններն ուրվագծել են իրենց հնարավոր զիջումները: Սարգսյանը գրում է, որ իրեն ուրախացնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի «ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն»: Սա կարող է նշանակել, որ իշխանությունները պատրաստակամ են զիջել ընդդիմությանը Հովհաննիսյանի պահանջների 5-րդ կետի «զ», հնարավոր է «է» եւ «ը» ենթակետերը, այսինքն` ԱԺ վերահսկիչ պալատը, Արդարադատության խորհուրդը եւ Հակակոռուպցիոն հանձնաժողովը: Հնարավոր է նաեւ ընդունվեն համամասնական ընտրակարգի եւ այլ նմանատիպ սահմանադրական փոփոխություններ պահանջող առաջարկները:

7) Իշխանություններն ուղղակի ժամանակ են ձգում՝ հույս ունենալով, որ բանակցությունների թեմայի արծարծումը կհիասթափեցնի շատերին, կթուլացնի ճնշումը եւ ժամանակի հետ շարժումն ընդհանրապես կմարի»:

© Medialab.am