Մեր միակ հույսը մնում է այն, որ եթե ընտրություններից հետո վարչապետը փոխվի, նա հետ կկանչի Մակունցին. Սասունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

– Արդեն իրողություն է դառնում Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու տեղեկությունը: Ձեր կարծիքով՝ ինչ է սպասվում հայ-ամերիկյան հարաբերություններում Մակունցի նշանակմամբ: Ամիսներ առաջ դուք քննադատում էիք իշխանությունների այս քայլը: Հիմա, երբ դա իրողություն է դառնում, ի՞նչ պետք է անել:

– Ես հույս ունեի, որ վարչապետ Փաշինյանը հետ կկանգնի իր որոշումից և չի նշանակի Լիլիթ Մակունցին որպես Ամերիկայում ՀՀ դեսպան, բայց տեսնում ենք, որ նա շարունակում է իր սխալ քայլը և ամենաանփորձ անձին նշանակում է ամենակարևոր պաշտոններից մեկին: 

Ցավում եմ այս որոշման համար, բայց, դժբախտաբար, վարչապետի այս որոշումը նրա միակ սխալ որոշումը չէ: Վերջին 3 տարիներին նա նման հարյուրավոր, եթե ոչ հազարավոր սխալներ է արել: Երկիր ղեկավարելն իր գործը չէ, և չի կարող ճիշտ կողմնորոշվել, ճիշտ որոշումներ կայացնել: 

Շատ ցավալի է, որ մանավանդ հիմա, երբ մենք ունենք Բայդենի ղեկավարությամբ նոր կառավարություն, և նոր կառավարությունն ուզում է լավ հարաբերություններ մշակել Հայաստանի հետ, աշխատում է ամերիկահայության հետ, հենց հիմա էր ճիշտ ժամանակը ունենալու փորձառու, կարող դեսպան: 

Ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը 2 տարի աշխատել է այդ պաշտոնում, և ամերիկահայությունը շատ գոհ է նրա աշխատանքից: Նա բազմաթիվ կապեր է հաստատել Կոնգրեսի անդամների, ԱՄՆ կառավարության հետ, և նրան հաջողվում է ինչ-որ հարցեր լուծել: 

Հիմա նրան հետ են ուղարկելու և փոխարինելու են անփորձ մի անհատով, պարզապես որովհետև վարչապետն ուզում է մի բարի բան անել իր մտերիմին, բայց ստույգ է, որ Հայաստանի համար բարիք չի անում: Ճիշտ հակառակը՝ մեծ վնաս է հասցնում մեր ազգային շահերին: Ինչպես նախապես ասել էի, բոլոր երկրները, որոնք Վաշինգտոն դեսպան են ուղարկում, ընտրում են ամենափորձառու դիվանագետին, որ ուղարկեն Ամերիկայի մայրաքաղաք որպես դեսպան: 

Նույնիսկ ամենահետամնաց երկրների ղեկավարները այդքանը գիտեն: Ես շատ ցավում եմ, որ մեր վարչապետն այս տարրական գիտակցությունը չունի, որ ուղարկի մի փորձառու անհատ, և եթե այսպես շարունակի, շուտով ոչ միայն սխալ դեսպան ենք ունենալու Վաշինգտոնում, այլ նաև զրկվելու ենք ԱԳ նախարարից և ԱԳՆ բազմաթիվ պաշտոնյաներից: 

– Ըստ էության, ԱՄՆ-ում մեր ներկայիս դեսպանը հաջողել է, և անհասկանալի է, թե ինչու են ուզում փոխե՞լ:

– Հենց դա եմ ասում, որ մեծ սխալ է անում: Մի բան էլ ավելացնեմ. ամբողջ ամերիկահայությունը դժգոհ է, որ վարչապետը դեսպան է փոխում, որ կարող դեսպանին հետ է կանչում և անկարող անհատի է բերում: 

ՀՅԴ-ն և Ռամկավար ազատական կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել, որ իրենք խիստ դեմ եմ, որ Մակունցը փոխարինի դեսպան Ներսեսյանին: Հիմա այս պարագայում մի նոր խնդիր է առաջանում. դա այն է, որ եթե նոր դեսպանը հասնի Վաշինգտոն, ո՞նց է աշխատելու ամերիկահայության խոշոր կազմակերպությունների հետ, երբ բոլորը դեմ են իր նշանակմանը: 

Դա հավելյալ մի խնդիր է և վնաս է տալու մեր հայրենիքի շահերին: Ես որևէ ամերիկահայ կազմակերպությունից չեմ լսել, որ համաձայն լինեն, որ Մակունցը փոխարինի դեսպան Ներսեսյանին: 

Անկեղծորեն, ես հուսով էի, որ վարչապետը, իմանալով այս բոլոր բողոքները, դժգոհությունները, հետ կկանգնի իր սխալ որոշումից, բայց տեսնում ենք, որ առաջ է գնում, ոչ մեկին չի լսում, ինչը շատ ցավալի է և, դժբախտաբար, ոչ զարմանալի: 

Եթե ունես մի ղեկավար, որ իր գործը չգիտի, դա բավական վատ է, բայց ավելի վատ է, որ այդ բան չիմացող ղեկավարը նաև մերժում է լսել որևէ մեկին և մերժում է լսել խորհուրդներ: Եթե մի մարդ մի բան չգիտի և նաև խորհուրդ չի լսում, այլևս ոչ մի բան չկա, որ այդ կացությունը փրկի: Չիմանալն ամոթ չէ, չսովորելն է ամոթ: 

Ես պրոբլեմ չունեմ, որ պարոն Փաշինյանը ամեն հարցի վերաբերյալ մասնագետ չլինի: Ոչ մի երկրի նախագահ բոլոր հարցերի մասնագետ չէ, բայց երբ մի բան չգիտես, առնվազն պետք է լսես իմացող մարդկանց խորհուրդը: 

Ինքը ոչ գիտի, ոչ էլ լսում է, այսինքն՝ չենք կարող անգամ նրան օգտակար լինել, որովհետև մենք ուզում ենք նրան օգտակար լինելով՝ օգտակար լինել մեր հայրենիքին ու նրա շահերին:

– Մակունցի տեղափոխվելուց հետո այդտեղ բողոքի մեծ ալի՞ք կբարձրանա:

– Մեր միակ հույսը մնում է այն, որ եթե ընտրություններից հետո կառավարության առաջին դեմքի փոփոխություն լինի, այդ ժամանակ նոր վարչապետը հետ կկանչի Մակունցին և կնշանակի մի նոր դեսպան կամ հետ կբերի դեսպան Ներսեսյանին: Եթե այդպիսի բան պատահի, Հայաստանը դառնալու է ծիծաղի առարկա դիվանագիտական ոլորտի մարդկանց շրջանում: 

Ամերիկացիներն ասում են՝ բանանային հանրապետություն: Դա հավելյալ ցավ է մեզ համար, որովհետև մենք ուզում ենք հպարտ լինել մեր հայրենիքով, մեր հայրենիքը վատ չերևա օտարների առաջ, ամեն ինչ անենք, որ հայրենիքը լավ երևա, մարդիկ ոչ թե չարախոսեն Հայաստանի մասին, այլ հիանան, թե ինչ փայլուն ժողովուրդ է հայ ժողովուրդը, ինչ փայլուն ղեկավարներ ունի: 

Ես վերջին 30 տարիներին միշտ էլ փորձել եմ բոլոր ղեկավարներին իմ լավագույն խորհուրդները տալ, փորձել եմ օգնել, որ իրենք ճիշտ որոշումներ կայացնեն, որովհետև նրանց օգնելով՝ օգնած կլինեմ մեր ժողովրդին ու հայրենիքին: Բայց եթե չեն ուզում լսել, մերժում են լսել, մենք այլևս ոչինչ չենք կարող անել: Դա մեծ ցավ է բոլորիս համար:

Մանե Հարությունյան

MediaLab.am