«Ցավալի է, որ մենք կողմնորոշվում ենք Ռուսաստանի սեքսուալ ցանկություններով, խանդով…». Անուշ Սեդրակյան

«Ցավալի է, որ մենք կողմնորոշվում ենք Ռուսաստանի սեքսուալ ցանկություններով, խանդով…». Անուշ Սեդրակյան
«Ցավալի է, որ մենք կողմնորոշվում ենք Ռուսաստանի սեքսուալ ցանկություններով, խանդով…». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

– Տիկի՛ն Սեդրակյան, իշխանությունը պնդում է, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կյանքի կոչելու համար որևէ խոչընդոտ չկա։ Կարծում եք՝ ամեն ինչ հա՞րթ է համաձայնագրի կյանքի կոչման ճանապարհին, թե՞ վերջին րոպեին հնարավոր է ինչ-որ բան փոխվի։

– Չէ´, ամեն ինչ հարթ չէ, և առաջին տագնապալի ազդանշանը ՆԱՏՕ-ի զորավարժություններից հրաժարվելն էր էլի ինչ-որ թյուր պատրվակով։ Գլխից էլ գիտեին, որ Ադրբեջանն է մասնակցելու, ամեն ինչ էլ գիտեին, բայց դարձյալ մարդկանց հիմարացնելու միտում է գնում։ Բնական է, որ դա Մոսկվայից հրահանգ էր, և էլի անսացել են Մոսկվայի հրահանգին։ Եվ Պուտինի թուլացող դիրքերի համատեքստում դեռ հայտնի չէ, թե նա իրեն ինչպե´ս կպահի, և թե մերոնք ինչպե´ս կարձագանքեն։ Դրա համար մինչև այդ պայմանագիրը չտեսնեմ սեղանին, շարունակելու եմ կրկնել, որ ես խիստ կասկածում եմ, որ այդ պայմանագիրը կստորագրվի։

– Իշխանությունը հիմնավորում է, որ արդեն իսկ պայմանագիրը նախաստորագրվել է, և իրավիճակը նման չէ 2013-ի իրավիճակին։

– Չեմ հավատում և ունեմ դրա համար բոլոր հիմքերը։ Նախ` չի դրվել քննարկման, երկրորդ՝ չափից դուրս շատ են մեր այրերը հավաստիացնում։ ԵԱՏՄ-ի մասին որևէ բան չէին հավաստիացնում, բայց գնացին և մեկ գիշերում իրականացրին: Այստեղ չափից դուրս շատ է աղմուկն այդ գործընթացի շուրջ, իսկ որտեղ աղմուկ` այնտեղ պրոբլեմ, այլապես ավելի խաղաղ կլիներ ամեն ինչ։

– Նշվում է, որ համաձայնագրում չկա տնտեսական բաղադրիչ, ուստի չի շարժի Ռուսաստանի խանդը։

– Ցավալի է, որ մենք կողմնորոշվում ենք Ռուսաստանի սեքսուալ ցանկություններով, խանդով…

– Մե՞նք, թե՞ իշխանությունը։

– Ցավալիորեն, Հայաստանում իշխանությունը որոշումներ ընդունում է առանց հանրության մասնակցության, դրա համար մենք կամա թե ակամա ընդգրկվում ենք այդ պրոցեսում և քանի որ դրա դեմ չենք պայքարում, ապա ուզած-չուզած դառնում ենք այդ ամենի մաս։ Եվ եթե գործընթացում ներգրավված ես, չեն հարցնում կամա թե ակամա։ Դրա համար կարող եմ ասել, որ Հայաստանում չկա ԵՄ-ի հետ թեկուզ այդ փոքրիկ համաձայնագիրը կնքելու լավ նախապայման։ Մենք Եվրամությանը շատ ենք պետք, բայց մենք պետք չենք ԵՄ-ին մեր այս կարգավիճակով։ Իրոք, «կամ…կամ»-ի հարց կա, բայց այդ «կամ…կամ»-ը հանրության կողմնորոշումն է։ Իսկ հանրության հետ ի՞նչ են արել. հանրության գլուխը մտցրել են, որ Թուրքիան կհարձակվի, եթե Ռուսաստանը չլինի, և այդ ապակոդավորումը տևում է տարիներ, և թեև որոշակի հաջողության է հասել, բայց տեսնում ենք, թե Ռուսաստանը որքան մտահոգ է, որ այդ ապակոդավորւմը ժողովրդի վրայից չվերանա։ Եվ ռուսերենն են ուզում մտցնել, և ամեն կերպ աշխատեցնում են հայկական տխրահռչակ սպուտնիկը։ Այսինքն՝ ամեն ինչ անում են, որ մենք մնանք այդ բեռան տակ։ Արդյունքը դա է։ Եվ մշակութային հանրային կոնտեքստում շատ դժվար է պայքարել անկախության համար, ավելի դժվար, քան 25 տարի առաջ։ Կտեսնեք, վաղը-մյուս օրը կասեն` թող անկախության տոնն էլ չլինի։ Եվ նախկինում անկախության տոները տոնվում էին շատ ավելի մեծ շուքով։ Ընդ որում, խոսքը գումարային ներդրումների մասին չէ, այլ բարոյահոգեբանական մթնոլորտի։

– Հայաստանի իշխանությունը չի՞ կարևորում ինքնիշխանությունը։

– Ցավոք, սա այն սերունդն է և իրենից սերած այն երիտասարդների սերունդն է, որին դաստիարակել են պետականության վնասակարության թյուր կոնցեպցիայի մեջ, որովհետև պետականության սուվերենությունը պահանջում է պատասխան տալ քո քայլերի համար, իսկ սյուզերենությունը, այսինքն՝ ինչ-որ մեկի վասալ լինելը, քեզ ազատում է այդ պատասխանատվությունից։ Դու կարող ես անընդհատ մեղքը բարդել Ռուսաստանի, Թուրքիայի, քեռու վրա, ում վրա ասես, կարող ես գցել նույնիսկ հանգուցյալ պապիդ վրա:

– ԵՄ դեսպանը, ԱՄՆ դեսպանը մի քանի ամիս առաջ խոսեցին եվրոպական ներդրումների մասին, իշխանությունն այդպես էլ անարձագանք թողեց։ Ինչո՞ւ։

– Հիմա պատճառաբանում են, թե լուրջ չեն քննարկել, թղթեր ներկայացրել։ Տա Աստված, որ Միացյալ Նահանգների դեսպանին հասցնեն դա, և նա այս անգամ լուրջ թղթերով հանդես գա։ Խորհուրդ կտամ, որ նա այդ առաջարկը և թղթերը հրապարակի հայկական որևէ կայքում կամ թերթում, տեսնենք` այդ ժամանակ ի´նչ են հնարելու։

– Նախորդ շաբաթ ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովում հավանության արժանացավ վիզաների ազատականացման կարևոր փուլերից մեկը՝ «Հայաստանի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը։ Արդյոք մենք մո՞տ ենք վիզաների ազատականացմանն առհասարակ։

– 1987-ին բոլորին թվում էր, թե Սովետական Միության փլուզվելը աստիճանական, առնվազն տասնամյա գործընթաց է։ Դա կատարվեց մեկ գիշերվա մեջ։ Դրա համար, կարծում եմ, որ այս պարագայում փուլերի մասին խոսելը այնքան էլ իմաստալից չէ, որովհետև այն ամենը, ինչ կա, արդեն փլուզված է, քամու մի հևք է պետք, որ այդ ամենը փլուզվի։ Հիմա ուղղակի այդ քամու հևքն է պակասում, և դեռ հայտնի չէ, թե ինչ է լինելու այդ քամու հևքի իրական բնույթը։ Դա կարող է լինել էլեմենտար տնտեսական կռվան կամ քաղաքական ինչ-որ իրադարձություն։ Մենք ունենք այդ մի պրոբլեմը, այլապես վաղուց էինք դուրս եկել այս վիճակից։ Անկախության թեման, պետական օրակարգը մեզ չի տրվել, ավելին՝ մեր հանրությանը կողոպտել են պետության գաղափար ունենալու հնարավորությունից։

– Կարծում եք՝ այդքան անհո՞ւյս է ամեն բան։

– Ո՛չ, դա շատ հուսալի է, ուղղակի ապրել ամենաերկար գիշերը լուսաբացից առաջ ամենադժվար բանն է։

– Իսկ ինչպիսի՞ գործընկեր է Հայաստանը ԵՄ-ի համար։

– Մենք պատրաստ ենք շատ լավ գործընկեր լինելու, որովհետև եվրոպական կոնտակտները կրկին ու կրկին ապացուցում են, որ մշակութային դաշտում մեր քրիստոնյա լինելու և մեր բավականաչափ աշխատասեր լինելու, ցանկության դեպքում` օրինապաշտ և նաև բավականին հնարամիտ, մեր մարդկային ռեսուրսը մեզ հնարավորություն է տալիս լիարժեք եվրոպացի դառնալու։ Ընդ որում, ես ունեմ իմ՝ եվրոպացի լինելու կոնցեպցիան։ Ֆրանսիա կատարած իմ այցելության ժամանակ այդ կոնցեպցիան կարողացա հիանալի հասկացնել իմ քաղաքական և համալսարանական կոլեգաներին, համաեվրոպական ինքնությունը քրիստոնեության օրինապաշտության և հանդուրժողականության մեջ է, իսկ տիպաժը, էմոցիաները, ինչ-որ տեղ` «շուստրի» լինելը, էմոցիոնալ գոռգոռալը… Մենք էլ կլինենք մի քիչ ավելի կոնսերվատիվ եվրոպացի, հետո՞ ինչ։ Եվ ասեմ, որ այդ գաղափարը շատ լավ ընդունվեց Եվրոպայում։ Մի քիչ ավելի կոնսերվատիվ եվրոպացի, մի քիչ ավելի տրադիոնալիստ եվրոպացի ունենալը եվրոպական ընտանիքում շատ ողջունվում է մի շարք կազմակերպությունների կողմից։

Մանե Հարությունյան

MediaLab.am