Ես զարմանում եմ՝ այսքան շտապողականություն է դրսևորվում, պետք է համբերել, որ աուդիտն ավարտվի. «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ. Տեսանյութ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է մարտի 15-ին կայացած Հիմնադրամի արտահերթ նիստում օրակարգային հարցերը և տեղեկացրել, որ բրիտանական ընկերությունը աուդիտ է իրականացնելու՝ պարզելու՝ ինչպես են ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները:

«Որևէ մեկը թող չկարծի, թե աուդիտն իրականացվում է անվստահությունից ելնելով: Ոչ, աուդիտը մեր գործունեության մաս է, որպեսզի հոգաբարձուների խորհրդին ներկայացնենք՝ արդյոք այդ դրամները ամբողջովին ծառայել են իրենց նպատակին», -ասել է Թերզյանը:

Նա հորդորել է ունենալ համբերություն ու սպասել, որ աուդիտորական ընկերությունն ավարտի աուդիտը:

«Ծրագիրներն ուղղված են եղել տասնյակ հազարավոր ընտանիքների ու մարդկանց բարօրությանը: Ես զարմանում եմ, որ այսքան շտապողականություն է դրսևորվում: Պետք է համբերել», -ասել է Թերզյանը:

Անդրադառնալով հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե պետք է Հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված գումարը ձևակերպել որպես փոխառություն ու վերադարձնել հիմնադրամ, Թերզյանն ասել է, որ նման բան չի կարող լինել:

«Այս մասին թեորեապես խոսք կարող է լինել այն դեպքում, երբ գիտենանք, որ 52 մլրդ դրամից գումար չի ծախսվել երեք կարևորագույն նպատակների ուղղությամբ: Բայց դա անհնարին բան է, քանի որ գիտենք՝ ծրագրեր են իրականացվել, ընտանիքներին գումարներ են տրամադրվել և այլն», -ասել է Թերզյանը: