Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մայրապետյանի համար երախավորություն է տվել մտավորականների ևս մի մեծ խումբ, այդ թվում ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, հայտնի գործարարներ և լրագրողներ, պրոդյուսերներ, ստեղծագործական միավորումների ղեկավարներ:
Վերջիններն իրենց գրավոր պարտավորությունն են ներկայացրել առ այն, որ իրենց խոսքով և մուծվող գումարով երաշխավորում են Սամվել Մայրապետյանի պատշաճ վարքագիծը՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալը և այլ դատաիրավական պարտականություններ կատարելը:
Փաստաբան Բատիկյանի միջնորդության մեջ նաև ասվում է, որ նմանատիպ անձնական երաշխավորություն են ստանձնել նաև մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցների ղեկավարներ ու լրագրողներ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ին հասցեագրված բաց նամակով: