ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեներում:
Ստորաբաժանումների ղեկավարների և անձնակազմերի հետ հանդիպումներին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ու ԿԳՄՍ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը:
Գիտության կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպմանը Վահրամ Դումանյանն ընդգծել է կոմիտեի ծավալած գործունեության կարևորությունը կրթության ոլորտում. «Թեպետ առաջնային հանձնառությունը հանրակրթության և գիտության ոլորտի բարեփոխումների իրականացումն է, սակայն առանցքային դեր է խաղում այդ բարեփոխումների արդյունավետության, գիտական արդյունքի հստակ չափելիության հարցը: Փորձ է արվում այդ խնդիրը լուծել հստակ չափանիշների ներմուծմամբ, օրինակ՝ գիտական հոդվածների՝ բարձր ազդեցության գործակից ու միջազգային վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում հրապարակումը»:
Գիտության կոմիտեում ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ անհրաժեշտ է բացառել պետության տրամադրած միջոցների փոշիացումը և քայլեր ձեռնարկել, որպեսզի ասպիրանտուրան դառնա առավել նպատակային, համապատասխանի սահմանված գերակայություններին և իրապես ուղղված լինի պետությանը ծառայելուն:
Հանդիպելով Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատակազմի հետ՝ Վահրամ Դումանյանը մասնավորապես անդրադարձել է ոլորտում փորձագետների ընտրության գործընթացին՝ կարևորելով նրանց գործունեության արդյունավետության ապահովումը. «Սա այն ոլորտն է, որտեղ աշխատելիս պետք է հետևել ակադեմիական պարկեշտությանը և լինել բծախնդիր»:
ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանը ներկայացրել է կոմիտեի առաջնային խնդիրներն ու անելիքները, այդ թվում՝ գիտական աստիճանից զրկելու կարգի մշակումը, գրագողության դեպքերի բացահայտմանն ուղղված (անտիպլագիատի) ծրագրի թարմացումը, ինչպես նաև աստիճանաշնորհման կանոնակարգում փոփոխությունների իրականացումը: Քննարկվել են նաև գիտական պարբերականներին՝ ԲՈԿ-ի կողմից առաջադրվող պայմանների խստացումը և միջազգային չափանիշներին քայլ առ քայլ մոտեցումը: Այս համատեքստում առանցքային է համարվել պարբերականների որակի բարձրացումը:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի աշխատանքային այցը եզրափակվել է Լեզվի կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպմամբ: Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ներկայացրել է ստորաբաժանման կառուցվածքը, գործունեության ոլորտները: Ըստ Դ. Գյուրջինյանի՝ կառույցի կարևոր խնդիրներից է լեզվական փորձաքննական համակարգ չունենալը:
Վահրամ Դումանյանը փաստել է կոմիտեի՝ ոլորտին բնորոշ համակարգման բարդությունները՝ միաժամանակ ընդգծելով. «Պետք է ունենալ լավ գործիքակազմ՝ դաշտը կառավարելու, կարգի բերելու համար՝ առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու և ընդունելի տարբերակ ընտրելով»:
Քննարկվել են նաև «Լեզվի մասին» օրենքի փոփոխության, այն արդիականացնելու՝ այսօրվա խնդիրներին համահունչ դարձնելու, լեզվական մակարդակի որակը բարելավելու, լեզվական առկա խնդիրները լուծելու և այլ հարցեր:
Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։