«Երկրաշարժի հետցնցումները մի քանի օր կտևեն․ կարող ենք ասել, որ սա մայր ցնցումն էր»․Սոս Մարգարյան

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա

Այսօր գրանցված երկրաշարժից հետո ավելի քան 40 հետցնցում է գրանցվել արդեն։ Այս մասին «Մեդիալաբին» ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։

«Հետցնցումային ակտիվություն է նկատվում, արդեն 40-ից ավելի հետցնցումներ են նկատվել։ Դրանցից ոչ մեկը բնակչության կողմից չի զգացվել, թույլ հետցնցումներ են։ Ամենայն հավանականությամբ, հետցնցումները մի քանի օր կտևեն, բնական երևույթ է։ Նոր տվյալներ չունենք, անոմալ դաշտերում մեծ փոփոխություններ չկան»,- ասաց Մարգարյանը։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11․ և արևելյան երկայնության 44.54․ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Ըստ Սոս Մարգարյանի՝ մասնագետների գնահատականներով՝ մոնիթորինգի տակ գտնվող դաշտերում մեծ փոփոխություններ չկան։ «Հետևաբար, այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ սա մայր ցնցումն էր»,- հավելեց նա։

Մասնագետն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է վերջին շրջանում Հայաստանում սեյսմիկ ակտիվություն նկատվում։ Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին էլ 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Հայաստանի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք։

«Ոչինչ չի կատարվում, սեյսմաակտիվ գոտուն շատ բնորոշ երևույթ է։ Սրանք իրարից անկախ օջախներ են։ Շորժայի երկրաշարժը Փամբակ-Սյունիք-Սևանի խզվածքն էր, այսօրվա երկրաշարժը երևանյան խզվածքն է, որը նախկինում Փարաքարի խզվածքն էր համարվում։ Այդ օջախը Երևանից հարավ-արևմուտք է գտնվում։ Այն, ինչ տեղի է ունենում, բնականոն երևույթ է։ Մենք օրական ունենք երկրաշարժեր, բայց մարդիկ բոլորը չեն զգում։ Այս մեկն ուղղակի զգացվեց»,- ասաց Սոս Մարգարյանը։ Մասնագետի խոսքով՝ այս օջախը վերջին անգամ զգացվել էր մոտ 15 տարի առաջ։

Բնակչության շրջանում տարածված այն տեսակետին, որ եղանակը տաք է, այդ պատճառով է սեյսմիկ ակտիվություն նկատվում, Սոս Մարգարյանը պատասխանեց․ «Եղանակը կապ չունի։ Այս հարցը նաև Շորժայի երկարաշարժի ժամանակ էր բարձրացվում, բայց եղանակը կապ չունի երկրաշարժերի հետ»։

Նշենք, որ ԱԻՆ-ը բնակչությանը հորդորում է դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։

Այսօրվա երկրաշարժից հետո նաև ահազանգեր են ստացվել, որ Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում ավերածություններ կան։ Հայաստանի տարբեր մարզերից ևս թեթև ավերածությունների մասին տեղեկություններ կան։

Այս հարցին անդրադառնալով՝ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենն ասաց․ 

«Նախնական տվյալներով՝ լուրջ ավերածություններ չկան։ Ժողովուրդն անհանգստացել է, բայց սա միջին երկրաշարժ է։ Նույնիսկ հայաստանյան օրենքով սա ուժեղ երկրաշարժ չէ, մեր օրենսդրությամբ՝ ուժեղ երկրաշարժը 5․5 մագնիտուդով երկրաշարժն է, իսկ սա 4.7 մագնիտուդով էր»։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am