Հայոց ցեղասպանության թանգարանում կհիշատակեն Կլարա Բարտոնին

Հայոց ցեղասպանության թանգարանում կհիշատակեն Կլարա Բարտոնին
Հայոց ցեղասպանության թանգարանում կհիշատակեն Կլարա Բարտոնին

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախաձեռնությամբ եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, մայիսի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենան Ամերիկյան կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ: Միջոցառման ժամանակ ելույթ կունենան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Կլարա Բարտոնի տուն-թանգարանը ներկայացնող պատմաբան Քեւին Փաթին:

Տեղի կունենա նաեւ 1896թ. Կլարա Բարտոնի կազմած զեկույցի «Ամերիկյան Կարմիր խաչի նպաստամատույց առաքելությունը Փոքր Ասիայում» անգլերեն եւ հայերեն գրքերի շնորհանդեսը: Զեկույցի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցության շնորհիվ:

Այս կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարանի գիտխորհրդի որոշմամբ «Երախտագիտություն» անվանակարգով թողարկվել է Կլարա Բարտոնին նվիրված ոսկե հուշամեդալ, որով պարգեւատրվելու են մարդասիրական աջակցություն ցուցաբերած անձինք եւ կազմակերպությունները, ինչպես նաեւ հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման գործում ներդրում ունեցած անձինք:

Նույն օրը Հայոց ցեղասպանության թանգարանում բացվելու է նաեւ ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Կլարա Բարտոնին: Միջոցառման մասնակիցներին կտրվեն Կլարա Բարտոնի 190-ամյակի առթիվ թողարկված հիշատակի բացիկներ:

Այնուհետեւ տեղի կունենա Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ Կլարա Բարտոնի գերեզմանից բերված հողի ամփոփման եւ հուշատախտակի տեղադրման հանդիսավոր արարողություն:

ԱՄՆ-ի Կարմիր խաչի հիմնադիր եւ նախագահ Կլարա Բարտոնը ծնվել է 1821թ. Մասաչուսետս նահանգի Օքսֆորդ քաղաքում: ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում իր ծավալած մարդասիրական գործունեության համար Կ. Բարտոնը հայտնի է դարձել «Մարտադաշտի հրեշտակ» անվամբ:

Տեղեկանալով Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ 1895-1896թթ. իրականացված զանգվածային կոտորածների մասին՝ Կ. Բարտոնը 1896թ. ժամանում է Կ. Պոլիս եւ շուրջ մեկ տարի ղեկավարում է ջարդերից տուժածներին եւ անօթեւաններին նյութական օգնություն տրամադրելու գործողությունները:

Կ. Բարտոնի ջանքերի շնորհիվ ջարդերից փրկված հայերին ապահովում էին կացարանով, սննդով, դեղորայքով եւ հագուստով: Օսմանյան կառավարության հարուցած բազմաթիվ խոչընդոտների պատճառով Կ. Բարտոնը ստիպված վերադառնում է ԱՄՆ:

1896թ. վերջին գործընկերների հետ Կլարա Բարտոնը հրատարակում է Օսմանյան կայսրությունում իրենց իրականացրած մարդասիրական գործունեության մասին զեկուցագիր:

© Medialab.am