«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից նշել են, որ «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։ Հիշեցնեմ, որ Ալիևը Մինսկի խմբի մասով ասել էր հետևյալը. «Դրա կարիքը չկա, այն հիմա չի գործում։ Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Ինչ վերաբերում է դե յուրեին, ապա իրավաբանորեն այն պետք է լուծարվի, և սա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը»։ Արտգործնախարարության պատասխանն արդյոք ենթադրո՞ւմ է, որ հայկական կողմը համաձայն է կառույցի լուծարմանը։
– Ընդհանրապես այս հարցը կարող է հիմա միջազգային իրավունքի մասնագետներին հետաքրքրել, որովհետև Մինսկի խումբ փաստացի գոյություն չունի, այսինքն՝ մենք մի թեմա ենք քննարկում, որը պրակտիկ քաղաքականության իմաստով դեակտուալ է։
Մինսկի խումբ երեք պատճառով գոյություն չունի, առաջինը՝ եթե այդ խումբն արդյունավետ լիներ, ապա կկանխեր պատերազմը, երկրորդը՝ այն բանից հետո, երբ Հայաստանը քայլ է արել, որով, ըստ էության, փաստել է, որ ԼՂ խնդիր այլևս գոյություն չունի, այսինքն՝ Պրահայում Արցախը ճանաչել է ունիտար Ադրբեջանի մաս, դրանից հետո այն առարկան, որով զբաղվում էր Մինսկի խումբը, վերացել է։ Հակամարտող կողմերից մեկը՝ Հայաստանը, ասել է, որ իր համար այլևս ԼՂ խնդիր գոյություն չունի։
Երրորդ՝ ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանը՝ մի կողմից, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ մյուս, ոչ միայն զրոյական արդյունքով հարաբերություններ ունեն, այլև այս խնդրի ու նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ ունեն, հետևաբար այդ Մինսկի խումբը գոյություն չունեցող ֆորմատ է, իսկ դրա իրավական ասպեկտներն արդեն դուրս են իմ՝ որպես մասնագետի քննարկման տիրույթից։
Ու ես այս հարցը չեմ կարևորում, այլ բան, որ կարծում էի ու կարծում եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն առանց միջնորդների չպետք է տեղի ունենա, ու նրանք պետք են, որպեսզի այդ բանակցությունների հավասարակշռությունն ապահովեն, բայց սա արդեն լրիվ այլ թեմա է ու կապ չունի Մինսկի խմբի հետ։
– Որոշ քաղաքական գործիչներ նշում են, որ Մինսկի խումբը այն հույսն է, որով երբ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, հնարավոր կլինեն Արցախի հարցի քննարկում, Արցախի վերադարձ, իսկ եթե այն լուծարվի՝ այդ հույսն էլ կկորչի։
-Քանիցս ասել եմ, որ Ղարաբաղի հարցն ինձ համար փակված է, նման հարց գոյություն չունի քաղաքական առումով, գուցե մարդիկ դիմեն իրենց սեփականության իրավունքի կամ փոխհատուցման համար, բայց ես տեսանելի ապագայում ո՛չ Լեռնային Ղարաբաղի խնդրի արծարծումն եմ հնարավոր համարում, ո՛չ էլ նույնիսկ իրական կամ լուրջ եմ համարում վերադարձի մասին խոսակցությունները։ Հետևաբար, գոնե ինձ համար նմանատիպ զրույցները ֆանտաստիկայի ժանրից են, եթե իշխանափոխություն լինի, այսինքն՝ հույս ունենք, որ կարող ենք կասեցնել Հայաստանի գահավիժումը, բայց այնպես չէ, որ ԼՂ-ի մասով էական փոփոխություններ կլինեն։
– Պարո՛ն Սուրենյանց, եթե դուք ասում եք, որ այդ կառույցը չկա ու, ըստ էության, իրենից որևէ վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի համար, այդ դեպքում ինչո՞ւ է Ալիևն այս կառույցի լուծարումը պահանջում։
– Այն պատճառով, ինչը որ մեզանում որոշ ընդդիմադիր գործիչներ կարծում են, որի մասին դուք ձեր նախորդ հարցում խոսեցիք։ Ադրբեջանում էլ այդ պատճառով ուզում են բոլոր հետքերը մաքրել, ընդամենը, այսինքն՝ պրակտիկ քաղաքականության հետ կապ չունեցող բան է։
– Դուք նույն ձևով եք մտածում նաև Սահմանադրությա՞ն փոփոխության մասին, որն Ադրբեջանը պահանջում է Հայաստանից։
– Ո՛չ, դա արդեն ինձ համար սկզբունքային հարց է, սա նույնը չէ։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը, փաստորեն, խառնվում է մեր ներքին գործերին ու պահանջում է, որ մենք վերանայենք մեր Մայր օրենքը ու ընդհանրապես օրենսդրությունը։
Ես կարծում եմ, որ սա որևէ պարագայում չպետք է թույլ տալ, Հայաստանի ներքին կյանքը չպետք է դառնա բանակցային գործընթացի մաս։ Մեր Սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ Ադրբեջանից, որովհետև Անկախության հռչակագրի համապատասխան կետը ուժը կորցրել է Սովետական Միության փլուզումից հետո, ցանկացած միջազգային իրավունքի մասնագետ ասածս կհաստատի։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















