Այս պատերազմական հանցագործությունը հստակորեն ցույց է տալիս, որ Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ․ ԱԳՆ

Հեղինակ MediaLab

Հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը:

Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Այս պատերազմական հանցագործությունը, որը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի կոպիտ խախտում է, հստակորեն ցույց է տալիս, որ Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ:

Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։