Արեւմտյան Եւրոպայի ճանապարհի ընտրությունը

Արեւմտյան Եւրոպայի  ճանապարհի ընտրությունը
Արեւմտյան Եւրոպայի ճանապարհի ընտրությունը

Քաղաքական այն տեսաբանությունը, որ Հայաստանի եւրաինտեգրման ճանապարհը ուզում է  բացառապես տեսնել ուղղակի արեւմտաեւրոպական քաղաքներ տանող, թվում է որ գործնականության բաղադրիչներ է պարունակում։

Այս տեսությունը հիմնաւորվում է, երբ նկատի ենք առնում Հայաստանի եւ Ֆրանսիայի Հանրապետությունների միջնախագահական հանդիպման վերաբերյալ լրատվությունների, հատկապես ՀՀ-ԵՄ համագործակցության հատկացված բաժինը։

«Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու համագործակցության տեմպը և որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը»:

Փորձենք մանրադիտակի տակ առնել այս բաժինը։ Նախ, իհարկե, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին պիտի վերաբերեր երկու նախագահների խորհրդակացության առաջին բաժինը։ Կարգն էլ այդպէս էր պահանջում, որովհետեւ Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ներառված միջպետական հարաբերությունների սերտացումը առաջադրող այս հանդիպումը, ի վերջո, երկու երկրների նախագահների հանդիպման առանցքային բաժինը պիտի կազմեր։ Բայց նույնքան ակնկալելի էր, որ քննարկումը կենտրոնանար հրատապ խնդրի՝ Հայաստանի եւրաինտեգրման այսօրվա իրավիճակի վրա։ Այստեղ պաշտոնական լրահոսը ուղղակի չի անդրադառնում ՀՀ-ի ՄՄ-ի մաս կազմելու որոշման իբրեւ հետեւանք ստեղծված կացությանը։ Հասկանալի է, որ այդ մասին նշում չկա։ Բայց այս բաժնի ներկայացման համար օգտագործված պաշարը ընդգծում է ստեղծված կացության լռելյայնությունը։

Պետք է առաւելագոյն ջանքեր գործադրել պահպանելու համար համագործակցության տեմպն ու որակը։ Պահպանելը այստեղ ինքնին հուշում է, որ ինչ որ վտանգի դիմաց կայացած տեմպն ու որակը պահպանելու խնդիր ունեն կողմերը։ Կողմերը, որովհետեւ խոսվում է համագործակցության մասին եւ այդ համագործակցության տեմպն ու որակը պահպանելու խնդիր կա այսօր երկկողմանիորեն։

Շարունակել Հայաստանի բարեփոխումների գործընթացը։ Այս հաստատումը ինքնին նշանակում է, որ Եւրաինտեգրման իր ուղղվածության մեջ Հայաստանը պիտի շարունակի այն բարեփոխումների քաղաքականությունը, որ որդեգրել էր եւրոպական չափանիշերին ընդառաջ։ Որի համար էլ Հայաստանի նախագահը վերահաստատել է Երեւանի ստանձնած հանձնառությունը։

Իսկ այժմ այս բաժնի եզրակացությունը, որ նախագահ Օլանդի հանձնառության մասին է։ «Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը»: Սա շատ ընդհանուր կարգախոս է։ Այստեղ այսուհետ բառը պահպանելու նման մատնում է ինչ որ խնդրի գոյությունը։ Այսուհետը նշանակում է, թե մինչ այդ ինչ որ հարց գոյություն է ունեցել. պարզ է, որ ակնարկությունը Հայաստանի որոշումն է միանալու ՄՄ-ին։

Այս հանդիպման ընթացքում գուցե ՄՄ-ի անդամակցության եւ ԵՄ-ի  ասոցացման (ան)համատեղելիության  հարցը առանքային օրակարգ է եղել։ Այսուհանդերձ քաղաքական երկու եզրերն էլ չեն հիշատակվում պաշտոնական լրահոսում։

Ֆրանսիան Արեւմտյան Եւրոպայի առաջատար երկրներից է։ Զգացվում է տոնայնության եւ շեշտադրումների տարբերությունը Արեւմտյան Եւրոպայի առաջատարի եւ Արեւելյան գործընկերության ծրագրերի պաշտոնատարների միջեւ։ Կոնկրետ այս հարցում։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր