Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները 1 մլդ 15 650 000 դրամ և 201 000 դոլար են հանգանակել «Բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների կողմից  «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի հաշիվներին փոխանցված հանգանակությունների գումարը  հոկտեմբերի 9-ի դրությամբ կազմել է 1 մլդ 15 650 000 դրամ և  201 000 դոլար:

Հիշեցնենք, որ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի համապատասխան հաշվին հանգանակություններ անելու կոչով սեպտեմբերի 28-ին դիմել էր հայ գործարար համայնքին։

Դրամական աջակցությունից բացի, միության անդամներն ամենատարբեր օժանդակություն են ցուցաբերում թե ճակատային գծին, թե թիկունքի համապատասխան կառույցներին` դեպի Հայաստան ու Արցախ ուղևորվող մարդասիրական և տարբեր նշանակության բեռների փոխադրում, փոխադրամիջոցների, սննդամթերքի, դեղերի ու բժշկական

պարագաների տրամադրում, կամավորագրված աշխատակիցների ընտանիքներին ֆինանսական աջակցություն, այլ տարաբնույթ օգնություններ։

Ըստ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի՝ «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին արվող հանգանակությունները և տարաբնույթ աջակցման նախաձեռնությունները շարունակվում են։