Ապրել ու օգնել ապրելու. Երբեմն այնպիսի ընտանիքներ եմ մտնում, որտեղ զոհված որդիների ներկայությունն ավելի զգալի է, քան ողջերինը. Կարինե Մուրադյան

44-օրյա պատերազմում որդի կամ ամուսին կորցրած 13 կին, որ կարողացել են հաղթահարել սեփական ցավն ու առաջ նայելու ուժ գտնել իրենց մեջ, այսօր օգնության ձեռք են մեկնում նույն ճանապարհն անցնող մյուս ընտանիքներին: Աջակցություն ցույց տալու նպատակով 2021 թվականին կանայք հոգեբանական վերապատրաստման դասընթացների են մասնակցել՝ դառնալով «հավասար խորհրդատուներ»։

44-օրյա պատերազմի հերոս Վահե Եղիկյանի մայրը՝ Կարինե Մուրադյանը, արդեն վաղուց որդու մասին չի խոսում․ նա չգիտի՝ ինչպես խոսել մեկի մասին, ով կա անընդհատ ու ամենուր, ով կա իր սրտում, մտքերում, գործերում ու կողքին, ում ներկայությունն ավելի իրական և շոշափելի է, քան մյուս բոլորինը:

«Վահեի մասին միայն մի բան կարող եմ ասել․ իմ որդին հերոս է, իսկ դա հեշտ բան չէ։ Հերոսությունն ընտրություն է, և ես հպարտ եմ, որ իմ տղան հենց այդպիսին է։ Ես միշտ իմացել եմ, որ Վահեն ուրիշ է՝ ճիշտ է, մաքուր է, պատվախնդիր է։ Առաջ այդ ամենին «հերոս» գնահատականը չէի տալիս, բայց միշտ մտածում էի՝ եթե աշխարհում Վահեի նման ճիշտ մարդիկ շատ լինեին, ամեն ինչ այլ կլիներ։ Լավն էր իմ Վահեն»,- ասում է տիկին Կարինեն։

Այդպիսին միայն Վահեն չէր․ մայրն ասում է՝ անցնող 4 տարիներին հարյուրավոր բախտակից կանանց հետ է հանդիպել ու զրուցել, և բոլորի պատմածներում կարծես նույնը մարդը լինի՝ իր Վահեն, մյուսի Գևորգը, երրորդի Ռաֆայելը․․․ «Ճիշտ հայը»,- ասում է տիկին Կարինեն։

Վահեն 19 տարեկան էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այդ ժամանակ ծառայում էր Ջրականում։ Որդու հետ վերջին անգամ մայրը խոսել է սեպտեմբերի 27-ին, հայրը՝ երկու օր հետո՝ սեպտեմբերի 29-ին։ Վահեն զոհվել է 2020-ի սեպտեմբերի 30-ին:

«Ընկերներից մեկը՝ Շալիկոն, որը փորձել է փրկել Վահեիս, պատմում է, որ սեպտեմբերի 30-ին ծնկից վիրավորվել է, բայց վիրակապելուց հետո վերադարձել է դիրքեր, շարունակել է մասնակցել կռվին: Կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ, տղաներին չի ցանկացել մենակ թողնի: Երբ թշնամին փորձել է գրավել դիրքը, հետ են նահանջել, այդ պահին արկն ընկել է իր կողքին՝ տարբեր վնասվածքներ պատճառելով: Ընկերները չեն լքել նրան, փորձել են տանել բուժկետ, բայց Վահիկս ասել է՝ «տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք»: Իհարկե, ընկերները չեն թողել, բայց մինչև կփորձեին հասցնել բուժկետ, Վահես արնաքամ է եղել  ու փակել աչքերը»,- ասում է տիկին Կարինեն։

Վահեին հարազատները փնտրել են 25 օր։ Մայրն ասում է՝ «ինքը հատուկ արեց, որ ես համակերպվեմ մտքին, որ ինքն այլևս չկա»։

Տիկին Կարինեն համոզված է՝ իր և մյուսների որդիներն այսօր էլ կան, փոխվել է միայն նրանց ներկայության կերպը։ Ուղղակի ոմանք իրենց վշտի մեջ չեն կարողանում տեսնել այդ ներկայությունը և կորցնում են իրենց, հաճախ՝ նաև իրենց ընտանիքները:

«Գուցե տարօրինակ հնչի, բայց մայրերը, ծնողները ինչ-որ իմաստով կարողացել են հաղթահարել վիշտը կամ համակերպվել դրա հետ, բայց այդ գործընթացում, հաճախ, չեն կարողանում օգնել ընտանիքի մյուս անդամներին, հատկապես՝ երեխաներին։ Երբեմն այնպիսի ընտանիքներ եմ մտնում, որտեղ, բացի զոհված տղայից, կան նաև այլ երեխաներ, բայց այդ տներում զոհված որդիների ներկայությունն ավելի զգալի է, քան ողջերինը։ Որքան էլ մեծ լինի մեզանից յուրաքանչյուրի կորուստը, մենք պետք է հիշենք, որ մենք դեռ մեր մյուս երեխաների ծնողներն ենք, և նրանց երջանկությունը ապահովելը մեր պատասխանատվությունն է։ Չի կարելի թույլ տալ, որ մեր ցավը կուլ տա այդ երեխաներին, որովհետև նրանց վիշտն ավելի փոքր չէ, իրենք էլ եղբայր են կորցրել և հիմա ծնող են կորցնում»,- ասում է նա։

Տիկին Կարինեն խոստովանում է՝ ինքն էլ է երբեմն զարմանում, թե որքան արագ անցան վշտի հաղթահարման 5 փուլերը։ Հատկապես՝ մերժումը։ Ասում է՝ ինքը երբեք չփորձեց մերժել տեղի ունեցածը, որովհետև մերժումը կնշանակեր չընդունել որդու կամքն ու որոշումը, իսկ ինքն այդպես անել չէր կարող:

«Մենք Վահեի հետ շատ կապված էինք, չափազանց։ Ինքն իմ ամեն շնչի մեջ էր, ամեն վայրկյանի, ամեն մտածումի։ Այդ մասով հիմա էլ ոչինչ չի փոխվել։ Բայց ես միշտ շատ հստակ հասկացել եմ, որ ինքն իմ սեփականությունը չէ, ես էլ՝ իրենը։ Ես ուղղակի երջանկություն եմ ունեցել իր նման մարդուն կյանք տալու։ Եթե մենք մի րոպե անգամ մտածեինք, որ պատկանում ենք իրար, վիրավոր ժամանակ ինքը կզանգեր ինձ, ես էլ, բնականաբար, կարգելեի վերադառնալ կռվի դաշտ, ու գուցե ամեն բան այլ լիներ։ Բայց նա ինձ չի հարցրել, ինքն իր որոշումն է կայացրել, և ես հպարտ եմ դրա համար»,- ասում է նա։

Կարինե Մուրադյանն ասում է՝ մյուսների մայրերին, ընտանիքներին օգնելու որոշումն էլ շատ բնական, բայց և միստիկ էր։ Վստահ է՝ այս գործում ևս Վահեն է իրեն առաջնորդել։ Ամեն ինչ սկսվեց Եռաբլուրում, երբ Վահեի մոտ հերթական այցի ժամանակ տեսավ որդու շիրիմին փարված, անմխիթար մի կնոջ։ Առաջին բանը, որ մտքով անցավ, գնալ և այդ կնոջը մխիթարելն էր, որովհետև վստահ էր՝ ինքը կգտնի բառեր, որ ունակ կլինեն սփոփել նրան։ Այդ օրը, սակայն, չհամարձակվեց մոտենալ անծանոթ կնոջը, իսկ հետո մեղքի զգացումը նրան հանգիստ չէր տալիս:

«Ես ամենաառաջին րոպեից եմ իմացել, որ ունեմ ներքին ռեսուրսներ՝ օգնելու մյուսներին։ Ես այս մասին հաճախ չեմ ասում, որովհետև դա երբեմն շատ տարօրինակ է հնչում իմ կարգավիճակում գտնվող կնոջ շուրթերից, բայց դա իրոք այդպես է։ Գուցե դրա մեջ միստիկա փնտրեք, գուցե կարծեք, որ մխիթարություն եմ փնտրում դրանում, բայց ես միշտ լսել և հետևել եմ իմ ներքին ձայնին, որը որդիս է, գիտեմ։ Այդ պատճառով էլ երբեք չեմ կասկածել»,- ասում է նա։

Շուտով տիկին Կարինեն հասկացավ, որ իր շուրջը զարմանալիորեն հավաքվում են մարդիկ, որոնց որդիները երբևէ ճանաչել են Վահեին՝ անգամ չկասկածելով այդ մասին։ Մեկի հետ Վահեն սովորել էր քոլեջում, մյուսի հետ ծանոթացել ընկերներից մեկի ծննդյան տոնին, երրորդի հետ՝ զորավարժությունների ընթացքում։ Այս բոլոր մարդիկ պատահական կերպով հայտնվում էին տիկին Կարինեի ճանապարհին։ Հետո հասկացավ՝ ոչ թե պատահականորեն, այլ Վահեի կամքով:

«Ես հասկացա, որ Վահեն ուզում է, որ ես օգնեմ իմ նման մարդկանց, փորձեմ մխիթարել նրանց։ Երբ սկսեցի մարդկանց օգնություն առաջարկել, գաղափար անգամ չունեի, որ հոգեբանության մեջ գոյություն ունի recovery երևույթը, կամ որ փոխօգնության մեթոդներն այսքան ընդունված և տարածված են վշտի հաղթահարման պրակտիկայում։ Ինձ համար դա առաջին, եթե կուզեք՝ բնազդային մղումն էր՝ որպես մայր, որ բոլորից լավ է հասկանում դիմացինին»,- պատմում է տիկին Կարինեն։

Հենց այս գաղափարի շուրջն էին հավաքվել մի քանի որդեկորույս մայրեր, որոնք փորձում էին օգնել միմյանց կյանքի դժվարին փուլում։ Տիկին Կարինեի հիմնած «Հավերժ» հասարակական կազմակերպության գործունեությունն ուղղված էր ոչ միայն զոհված տղաների հիշատակի հավերժացմանը, այլև նրանց ընտանիքների՝ ողջերի հոգեկան հանգստությունը վերագտնելուն։

Փոխօգնության այս փորձառությունն ավելի համակարգային բնույթ ստացավ, երբ «Հավերժ» ՀԿ-ն սկսեց համագործակցել «Ռեքավրի» քոլեջի հետ՝ հիմնելով «Հավասար խորհրդատուների» ինստիտուտը։ «Հավասար խորհրդատուները» իրենք էլ որդեկորույս մայրեր են՝ «Հավերժ» ՀԿ-ի ներկայացուցիչներ, որոնք ժամանակին դիմել են հոգեբաններին աջակցության համար և այսօր ունեն բավարար հմտություններ՝ աշխատելու բախտակից կանանց հետ։ Առաջին փուլով որպես «Հավասար խորհրդատու» վերապատրաստվեց 15 կին, սակայն արդյունքում միայն 13-ը մնացին նախագծում։ Եվս 15 կին վերապատրաստվել է ծրագրի երկրորդ փուլի ընթացքում։

«Հավասար խորհրդատուներն» օգնում են ոչ միայն միմյանց, այլև համայնքային աշխատողներին, որոնք առավել հաճախ են առնչվում պատերազմում կորուստ ունեցած ընտանիքների հետ։ 80-ից ավելի համայնքային հոգեբաններ և սոցիալական աշխատողներ արդեն վերապատրաստվել են որդեկորույս մայրերի և «Ռեքավրի» քոլեջի մասնագետների կողմից:

«Մեր հիմնական առաքելությունը միմյանց օգնելն է, ոչ թե վերապրել կորուստը, որովհետև դա կնշանակի փակել այդ էջը, իսկ դա անհնար է, այլ սովորել ապրել մեզ համար այս նոր, անհասկանալի իրականությունում։ Դա միակ բանն է, որ կարող ենք անել մեր տղաների համար՝ ապրել»,– ասում է Կարինե Մուրադյանը։

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am