Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզում հրավիրել է արտակարգ գագաթնաժողով՝ եվրոպական առաջնորդների մասնակցությամբ, որի հիմնական թեման կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է Politico.eu-ն։
«Ես շատ ուրախ եմ, որ նախագահ Մակրոնը հրավիրել է մեր առաջնորդներին Փարիզ։ Մենք պետք է շատ լուրջ քննարկենք այն մարտահրավերները, որոնք ներկայացնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը», – ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։
Լեհաստանի ԱԳ նախարարը ընդգծել է, որ Թրամփը գործում է «разведка боем» (ռուսական ռազմական տերմին, որը նշանակում է «հետախուզություն մարտի միջոցով»). «Նա նախ փորձում է ճնշում գործադրել, դիտարկում արձագանքը, այնուհետև վերանայում իր դիրքորոշումը։ Եվ մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք», – նշել է նա։
ԵՄ պաշտոնյաների համաձայն, գագաթնաժողովը տեղի կունենա երկուշաբթի, սակայն դեռ պարզ չէ, թե որ եվրոպական առաջնորդներն են մասնակցելու հանդիպմանը։
Ֆրանսիայի կառավարության խոսնակը դեռևս չի մեկնաբանել հանդիպման մասին տեղեկությունը: Մյունխենում Սիկորսկու հետ միասին գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն նույնպես չի հաստատել և չի հերքել արտակարգ գագաթնաժողովի անցկացումը։
Սիկորսկին ավելի ուշ հայտարարել է, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկուշաբթի կմեկնի Փարիզ՝ Մակրոնի հրավերով մասնակցելու հանդիպմանը։ «Մենք պետք է ցույց տանք մեր ուժը և միասնությունը», – գրել է Սիկորսկին սոցիալական ցանցերում։