Փետրվարի 1-ից հաշմանդամության գնահատումն այլ համակարգով է իրականացվում. Զարուհի Բաթոյան

Փետրվարի 1-ից հաշմանդամության գնահատումն այլ համակարգով է իրականացվում: Վերջապես գործարկվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը:

Ակնկալվում է, որ համակարգի ներդրումը կապահովի հնարավորինս անաչառ և բազմակողմանի գնահատում, գործընթացում մասնագետների ավելի լայն շրջանակի ներառում: Բայց այս համակարգից հրաշքներ սպասել պետք չէ (ինչպես որևէ այլ համակարգից, կարծում եմ), որովհետև այն ընդամենը գործիք է, այլ հարց է, թե մենք ինչպես դա կկիրառենք:

Հաշմանդամություն ունեցող անձի համար էական չէ, թե ինչ համակարգով կամ մեթոդներով են գնահատում իր կարիքները, նրա համար կարևոր է, որ այդ կարիքները հաշվի առնեն և դրանց համապատասխան ծառայություններ մատուցվեն:

Ծառայությունների ցանկին բազմիցս անդրադարձել եմ և կշարունակեմ անդրադառնալ, բայց դրանցից երեքն առանցքային են անկախ կյանքի համար՝

1. անձնական օգնական,

2. բնակարանի հարմարեցում կամ փոփոխում

3. տրանսպորտային ծառայությունները:

Այս ծառայությունների տրամադրման սկզբունքները և մեթոդները պետք է քննարկվեն և համաձայնեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ:

Կարծում եմ, որ պետության համար ևս սա պետք է առաջնային խնդիր լինի, որովհետև քանի դեռ մենք չենք ապահովել նվազագույն ծառայություններ մարդու կենսագործունեության, նրա անկախ կյանքը հնարավորինս արյդունավետ կազմակերպելու համար, մենք որևէ էական հարց չենք լուծի՝ ինչ համակարգ էլ ներդնենք: