Պետք է թույլ չտալ ՀՀ իշխանություններին նման կրավորական կեցվածքով կործանել Արցախն ու Հայաստանը. Դավիթ Գալստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը

– Պարո՛ն Գալստյան, 29-րդ օրն է արդեն՝ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Ի՞նչ վիճակ է Արցախում։

– Ընդհանուր իրավիճակի մասով կարող եմ ասել հետևյալը, որ մենք՝ պատգամավորներս, նախաձեռնել ենք համայնքներում հանդիպումներ կազմակերպել ու տեղում արձանագրել առաջացած խնդիրները, որոնց պետք է անհապաղ լուծումներ տրվեն։

Այդ շրջանակներում առանձնացրել ենք խնդիրներն ու գրավոր տեղեկացրել ենք օպերատիվ շտաբին, թե ինչ բնույթի խնդիրներ են առկա բոլոր համայնքներում։ Փորձել ենք նաև մարդկանց տրամադրությունը հասկանալ՝ ստեղծված իրավիճակում ինչպիսին է, ինչպես են տրամադրված ու ինչ մոտեցումներ ունեն։

Ի լուր աշխարհի կարող ենք հայտարարել, որ բնակչությունը, ինչպես և քաղաքական ուժերն ու իշխանությունը հայտարարեցին՝ չեն գնալու ադրբեջանական նախապայմաններն ընդունելու ճանապարհով ու պատրաստակամ են պայքարելու։

Մտահոգությունները, ծագած խնդիրները շատ են, բայց այդ ամենը հաղթահարելի են, բնակչության մոտ միայն մեկ մտահոգություն է, որ Հայաստանի իշխանություններն այս պարագայում կրավորական դեր են ստանձնել։ Մարդկանց մոտ միայն այս մասով է նկատվում ընկճվածություն, որ Հայաստանի իշխանությունները իրենց լրիվ անջատված են պահում Արցախից։

Այս խնդրի կարգավորման համար մեծ է օրվա իշխանության դերը, որը պետք է միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնի այս խնդրի մասին ու որպես եռակողմ փաստաթուղթը ստորագրած կողմ պահանջի օր առաջ լուծել ստեղծված ճգնաժամը: Բայց տեսնում ենք, որ նրանք, ինչպես այլ պետություններ, սահմանափակվում են ընդամենը հայտարարություններով ու հիմնականում փորձում են մեղավորներ ման գալ, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ էին անում, երբ բոլորը մեղավոր էին՝ բացի օրվա իշխանություններից։

Տեսանելի դաշտում գործնական ոչ մի քայլ չկա, որ կարողանանք ասել, թե Հայաստանը նույնպես մտահոգված է Արցախի Հանրապետության ճակատագրով ու կատարում է իրենից կախված հնարավորն ու անհնարը, որ այս իրավիճակը լուծվի։

Մեզ միայն այս հանգամանքն է մի քիչ թուլացնում․ բոլորս հասկանում ենք, որ այս խնդիրը միայն արցախահայությանը չէ, դա 10 միլիոն հայի խնդիրն է, բայց 2018-ից սկսած, երբ պառակտման գործընթացը սկսվեց հայ ազգի մեջ, բերեց նրան, որ այսօր քաղում ենք այդ ամենի դառը պտուղները։

Չի կարող հայության մի մասը լինել շրջափակման մեջ, զրկանքներով ապրել, իսկ մյուս մասը զվարճանքների մեջ լինի, ու օրվա իշխանությունն էլ պատրաստակամություն հայտնի ադրբեջանական կողմին նորանոր ճանապարհներ տրամադրել, այն դեպքում, երբ Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է։

– Հայաստանի ձեր գործընկերներից փորձե՞լ եք ստանալ այդ հարցերի պատասխանները, թե ինչո՞ւ է իշխանությունը, ինչպես ասում եք՝ կրավորական կեցվածք ընդունել այս հարցի վերաբերյալ։ Կապ ունե՞ք նրանց հետ։

– Ցավոք սրտի, չկա նման կապ։ Արդեն տևական ժամանակ է, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախ-Հայաստան միջխորհրդարանական կապը, կարելի է ասել, զրո մակարդակի վրա է, համատեղ նիստեր չեն գումարվում, ու այսօր իշխող կուսակցությունը, որը պետք է նախաձեռներ օնլայն քննարկումներ, դրանով իսկ ցույց տալով Հայաստան-Արցախ կապը՝ որպես համագործակցող մեծ ու փոքր եղբայրներ, չի անում դա, ու նրանց կողմից չկա նաև համապատասխան արձագանքը։ Այսինքն՝ պաշտոնական մակարդակով կազմակերպված որևէ գործնական քայլ չկա, որ քննարկեն Արցախի ԱԺ-ի հետ ստեղծված իրավիճակը ու փորձեն համատեղ լուծումներ գտնել։

Ես համոզված եմ, որ այդ կապը չկա նաև կառավարական այլ մարմինների միջև։ Ընդամենը տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունը X գումարի չափով փորձում է հումանիտար օգնություն հասցնել, նույնը վաղը կարող է անել, օրինակ՝ Ֆրանսիայի իշխանությունը կամ մեկ այլ երկիր։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունն իրեն պահում է որպես դիտորդ, այն դեպքում, երբ հենց իրենց քաղաքականության հետևանքով ենք մենք հայտնվել այս իրավիճակում։ Պետք է թույլ չտալ այդ իշխանություններին նման կրավորական կեցվածքով կործանել Արցախն ու Հայաստանը։

– Իսկ Արցախի իշխանությունն ի՞նչ քայլեր է անում, որպեսզի ձեր ասած կործանումը կանխի, պարո՛ն Գալստյան։

– Ցավոք սրտի, Արցախի իշխանությունները, չգիտեմ ինչ պատճառներով, չեն կարողանում իրենց պահանջները հստակ ներկայացնել Հայաստանի իշխանություններին։ Միգուցե սա հետևանքն է նրա, որ Արցախի ղեկին հայտնվեց Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածուն, փոխարենը խոստանալով, որ Արցախից նման պահանջներ չհնչեն։

Օրենսդիրի մակարդակով մենք բազմիցս ենք հնչեցրել մեր պահանջները, մեկ-երկու դեպք էլ եղավ, երբ իշխանությունը իր պահանջներն ուղղեց, բայց շատ չանցած հետ կանգնեց իր պահանջներից։

Արցախի իշխանությունները ևս շատ անելիքներ ունեն։ Բայց հիմնական անելիքը Հայաստանի ղեկավարությանն է, որովհետև իրենք այսօր հնարավորություն ունեն պահանջներ դնելու, խորհրդարանում օրակարգ մտցնել Արցախի անկախությունը ճանաչելու հարցը՝ «ճանաչում հանուն փրկության» բանաձևով, ինչու չէ, հրաժարվել խաղաղության կեղծ օրակարգերից, այն դեպքում, երբ տեսանելի է, որ Ադրբեջանը պատրաստ չէ այդ օրակարգով շարժվելու։

– Արցախում կատարվող կադրային նոր նշանակումներն ինչպե՞ս եք գնահատում. Անվտանգության խորհրդի նոր քարտուղար ունեք արդեն։

– Այդ փոփոխությունները դեռ վերջնակետին չեն հասել, ու ես կարծում եմ, որ նշանակումից պետք է որոշակի ժամանակ անցնի, որպեսզի հնարավոր լինի գնահատական տալ։ Մենք երբևէ չենք առաջնորդվել անձերով, մեզ համար նրանց կատարած աշխատանքն է կարևոր, հետևաբար այսօր չեմ կարող ու չեմ ուզում խոսել այդ մասին։

– Պարո՛ն Գալստյան, օդային ճանապարհով Արցախին հումանիտար օգնություն հասցնելու գաղափարը, որի մասին վերջին օրերին շատ է խոսվում, իրատեսակա՞ն է։

– Նման խնդիրը կարող է լուծել Հայաստանը։ Եթե Արցախին չեն տրամադրում օդային միջանցք կամ անհապաղ չեն բացում Լաչինի միջանցքը, ապա նրանք ևս կարող են հայտարարել, որ փակում են իրենց միջանցքները Ադրբեջանը Թուրքիային կապող ու, ընդհանրապես, Ադրբեջանի համար բոլոր օդային ճանապարհները։

Սրանք քայլեր են, որոնք պետք է Հայաստանն անի, որովհետև Արցախից ինչքան էլ մենք գոռանք, դա միջազգային հանրության համար այն էֆեկտը չի ունենա, որքան Հայաստանն անի դա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am