Մեծ Շենի փոքր առօրյան. «Բանակից հետո անմիջապես կա´մ գնում են Երևան, կա´մ՝ Ռուսաստան»

Մեծ Շենի փոքր առօրյան. «Բանակից հետո անմիջապես կա´մ գնում են Երևան, կա´մ՝ Ռուսաստան»
Մեծ Շենի փոքր առօրյան. «Բանակից հետո անմիջապես կա´մ գնում են Երևան, կա´մ՝ Ռուսաստան»

Սարն ի վեր ոլորապտույտ ձգվող ճանապարհը տանում է մեծ բլրի վրա հանգիստ թիկնած գյուղերից մեկը`Բերդաձորի Մեծ Շենը: Քարքարոտ ու հաճախ անանցանելի թվացող ճանապարհը մտովի ղարաբաղյան մարտերի պատկերներն է ուրվագծում:
Գյուղն էլ իր ճամփի նման քարքարոտ, խորդուբորդ ու ամայի է. հին, քանդված ու մաշված տները վկայում են, որ այստեղ մարդ գրեթե չի ապրում: Ամայության մեջ միանգամից ուշադրություն են գրավում գյուղն ափի մեջ առած երկու բարձր կետերի շինությունները` աջում դպրոցն է, ձախում` եկեղեցին:
Մի քանի րոպե, ու անկենդան թվացող պատկերը շարժվում է. յոթ-ութ տարեկան մի տղա, էշի հետ զրույցի բռնված, անցում է գյուղի գլխավոր փողոցով ու գլուխը կախ, կարմրած թշերով` հազիվ լսելի ձայնով բարևում ու, պատասխանի չսպասելով, շտապ-շտապ հեռանում է: Տղային հաջորդում է կռացած ու փոքրացած մի տատիկ, իրենց լեզվով ինչ-որ բան է ասում՝ անսովոր ականջի համար իրար հաջորդող ծանոթ ու անծանոթ բառերի շաևան. «Տու հյուրա՞նցըս, հյո՞ւր կոշտըս եկալ»:
Մեծ Շենը Շուշիի շրջանի հնագույն գյուղերից է: Գյուղացիները պատմում են, որ Բերդաձորի գյուղերի մեջ այն միշտ էլ առաջինն է եղել թե´ բնակիչների թվով, թե´ բարձր առաջադիմությամբ աշակերտներով, թե´ ապրուստով: Ամեն ինչ, սակայն, փոխվել է:
«Գյուղն այսօր ընդամենը 32 ծուխ ունի, 114 բնակիչ, մեծ մասը` տարեցներ,- ասում է գյուղապետ Միքայել Հովսեփյանը: – Երեխաները գյուղում մնալու ո´չ նպատակ, ո´չ էլ ցանկություն ունեն, զբաղմունք չկա, բանակից հետո անմիջապես կա´մ գնում են Երևան, կա´մ՝ Ռուսաստան»:

Հիմա շենացին ամենուր է` Հրազդանում, Արզնիում, Բյուրեղավանում և հատկապես Մոսկվայում:

«Գյուղի ապագան շատ կարճ է լինելու, որովհետև երիտասարդները քիչ են,- տխրում է ՔԱՆԻ-ամյա Մայոր Հարությունյանը,- ո՞վ կա գյուղում, մարդ չկա, մենակ մեր նման ծերուկներ են մնացել, ոչ մի երիտասարդ ընտանիք չկա, գյուղը դատարկվել ա: Մի քանի տարուց, երբ մենք էլ չլինենք, գյուղն էլ երևի չի լինի, մարդ չկա` գյուղը պահի, գյուղում ապրի»:

Արդեն հեռավոր թվացող 1991-ն էր, գյուղը տեղահանվեց. այսօր գրեթե բոլորը նույն բանն են հիշում՝ կանանց ու երեխաներին մեքենաներով հասցրին Գորիս, իսկ տղամարդկանց` առանձին մեքենաներով Շուշիի բերդ:

1991 թվականի մայիսի 15-ն էր… չարաբաստիկ օր, որ շենացուն դուրս հանեց գյուղից.

«Թուրքի ավտոների շարքը հասնում էր, է~-է~, որտեղ: Երկու օր առաջ արդեն լուրը տարածվել էր, որ գյուղը պիտի տեղահանեն, գյուղացի Անուշավան Գրիգորյանն էլ առաջին զոհն էր,- գյուղի հայտնի հուշարձանի վրա երիտասարդ տղամարդու նկարը ցույց տալով` պատմում է Հարությունյանի կինը՝ 80-ամյա Լենա Պետրոսյանը: – Չգիտեմ ընչի` գյուղ մտնելուն պես թուրքերը կրակել էին Անուշավանին` հղի կնոջ ու երեք փոքր երեխաների աչքի առաջ»:

Մեկ տարի անց նույն օրը միայն արյան գնով հաջողվեց ազատագրել Մեծ Շենն ու վերադարձնել շենացի տերերին: Լենա տատն այն քչերից է, որ ամուսնու հետ վերադարձավ` ավերակների վրա օջախ շենացնելու:

«Գյուղը տեղահանելուց հետո համարյա էլ մարդ հետ չեկավ, ով էլ եկավ` միանգամից գնաց Ռուսաստան»:

Ով էլ մնաց, Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին կից պատ կառուցեց՝ Մեծ Շենի պաշտպանների ու անմեղ զոհերի հիշատակին: Եվ գյուղացիներն իրենց պարտքն են համարում ամեն եկվորի տանել ու ցույց տալ այցելու կարոտ սրբատեղին:

Մայոր կամ ընկեր Հարությունյանը՝ գյուղի դպրոցի 30 տարվա տնօրենը, մի պահ մտածում է, ծերության բեռից կռացած ու կնճիռների արանքով կարոտ հայացքը պատշգամբից սարերին հառած թառանչ է արձակում. «Վաղը ոչ մեկն առաջին դասարան չի գնալու»:

Անհանգստանում է՝ գալիք տարի ու հաջորդող տարիներին էլ Մեծ Շենն առաջին դասարանցի չի ունենա, բայց ներկայիս տնօրեն Դավիթ Դավթյանը ավելի երիտասարդ է ու հույսով լի.

«Եթե հետպատերազմյան շրջանում 7-8 աշակերտ ունեինք դպրոցում, ապա այսօր 19 աշակերտ ունենք,- հպարտությամբ նշում է նա,- շրջանի մյուս դպրոցների համեմատությամբ բավական առաջ ենք»:

Ու մինչ գյուղում մնացած երիտասարդները շենացնում են գյուղը, տարեցները կյանքից առավելագույնը կորզելու համառությամբ աշխատում են:

Մայոր պապը հիմա իրեն ամբողջովին նվիրել է իր սիրելի մեղուներին, ու թեև «առողջությունն էլ առաջվանը չէ», բայց, միևնույն է, երիտասարդ տարիների ջանք ու եռանդով պահում ու խնամում է նրանց:

Գյուղացու ծանր առօրյային վաղուց սովոր Լենա տատն էլ արևի հետ արթնանում, արևից արագ շարժվում ու չի հոգնում` փորձելով մենակությունն ու զավակների հեռավորությունը կիսել սար ու քարի, իսկ հոգնության ժամերին էլ` հարազատ ու անբաժան կողակցի հետ:

«Է~, գյավալի (սալորի) չիրն էլ չի հասցնի չորանա, հավան (եղանակը) չի բացում, ամպերը եկել-թխպվել են սարերի գլխին… բայց էս տարի էլ բերքը լավ չէր… բուրանին (դդումը) ա´յ սենց ծաղիկ էր տվել (ձեռքի ափով ցույց է տալիս ծաղիկի մեծությունը), բայց լրիվ թափվեց-գնաց, բան չմնաց, խամբար (եգիպտացորեն) էլ չկա, կարտոշկան էլ շահումի պես ա` կա´մ կհանես, կա´մ չէ, ա´յ, էն թուրքի` գյուղը մտած տարին ի~նչ բերք կար, ի~նչ ապրուստ…»- ինքնիրեն նեղսրտում է Լենա տատն ու շարունակում պճղահան անել կլոր, կարմիր սալորներն ու հատ-հատ շարել իրար կողքի:

Անի Եղիազարյան

© Medialab.am