Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ

Ղազախստանը միջնորդ չի հանդիսանա Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև սպասվող բանակցություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովի խոսքերը։

«Մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում։ Այժմ մենք կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև»,- հայտարարել է ԱԳ ներկայացուցիչը և նշել, որ խոսքը ոչ թե Աստանայի միջնորդության, այլ Ղազախստանի կողմից  բարի կամքի ծառայությունների տրամադրման մասին է»,-ասել է նա։

ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջան և Հայաստան կատարած իր վերջին այցերի ժամանակ նշել է այդ երկրների միջև ամուր և երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևորությունը։