Թուրքիան YouTube-ի բլոգերներին գումար է առաջարկում՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութեր պատրաստելու համար.Factor

Թուրքիան ակտիվորեն շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։ Հիմա էլ Անկարան անցել է քարոզչական նոր մեթոդի՝ համացանցի հայտնի բլոգերների ու հարթակների ներգրավմանը Հայոց ցեղասպանության ժխտման քարոզչական գործում։

Մասնավորապես, օրերս Kraut յութուբյան ալիքը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որ իրենց էլեկտրոնային հասցեին նամակ են ստացել թուրքական 365 derece թվային գործակալությունից, որոնք խնդրել են հայտնել իրենց համար զգայուն թեմայի շուրջ տեսանյութ պատրաստելու արժեքը։

Ի դեպ, Kraut-ը YouTube-ում բավական հանրահայտ ալիք է, հիմնականում պատմությանն առնչվող տեսանյութեր է հրապարակում և ունի 356․000-ից ավելի հետևորդ։ Ալիքի հայտարարության մեջ նշվում է, որ իրենց առաջարկել են ուղարկել մշակված բովանդակությունը, անել անիմացիան և խմբագրումն ու տեղադրել ալիքում։

«Պարզվեց՝ նրանք ցանկանում էին, որ ես ժխտեմ Հայոց ցեղասպանությունը։ Ավելին, նրանք ուզում էին, որ ես դա անեմ Թուրքիայի մասին իմ հոլովակների ձևով»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակը նշել է նաև, որ պատմական փաստը չի վաճառվում, իսկ Հայոց ցեղասպանությունն այդպիսի պատմական փաստ է։

«Դա մի բան է, որը ես չեմ կարող անել։ Հայոց ցեղասպանությունն իրական ու ներկա հիշեցում է պատմության սարսափների ու մարդկանց տրավմաների մասին է»,- ասվում է տեքստում։

Պատմությանը վերաբերող բովանդակությամբ YouTube-ի մեկ այլ հայտնի ալիք՝ James Suibhne-ն էլ արձագանքել է այս հայտարարությունը՝ նշելով, որ իրենց ևս նման առաջարկ են արել։ James Suibhne ալիքն ունի շուրջ 460․000 հետևորդ։

«Ես ևս ստացել եմ նման էլեկտրոնային նամակ թուրքական մեդիա ընկերությունից, որում ինձ առաջարկվում է վճար Հայոց ցեղասպանությունը ժխտող քարոզչություն անելու համար։ Սա զզվելի է»,- ասված է թվիթերյան գրառման մեջ։

Հավելենք, որ Kraut-ը նախօրեին ևս մի հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ թուրքական 365 decere ընկերության հետ կապ են հաստատել, որոնք ասել են, թե տեղի ունեցածի հետ կապ չունեն՝ պնդելով, որ նման քարոզչական արշավում ներգրավված չեն և չունեն կապեր կառավարության հետ։

Ըստ ընկերության` պարզվել է, որ ինչ-որ անհատ մուտք է գործել ընկերության փոստային ծառայություն և նամակն ուղարկել՝ օգտագործելով ընկերության անունը։

Այս մասին հայտնում է Factor.am