Իրաքի վարչապետը հորդորել է երկիրը լքած քրիստոնյաներին հետ վերադառնալ

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քասըմին կոչ է արել բոլոր քրիստոնյաներին, ովքեր լքել են երկիրը, վերադառնալ հայրենիք ու երկրի վերածննդի մասնակիցը դառնալ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Քրիստոնյաները նշանակալի դեր ունեն Իրաքում, և պետք է խրախուսել, որ նրանք մնան երկրում»,- ասել է վարչապետը, ով Բաղդադի Սուրբ Հովսեփի տաճարում ներկա է գտնվել սուրբծննդյան պատարագին:

Նա նշել է, որ երկրի իշխանությունների առաջ այժմ կա խնդիր՝ մարդկանց տալու հույս և ամրապնդելու երկրի անկախությունը: Մուստաֆա ալ-Քասըմիի խոսքով՝ երկխոսությունն է այն ճանապարհը, որը կկանխորոշի բոլոր իրաքցիների ապագան՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից:

Իրաքում մինչև 2003 թվականը բնակվել է 1.5 մլն քրիստոնյա, սակայն 2021 թվականի մարտի տվյալներով՝ նրանց թիվը նվազել է՝ հասնելով 250 հազարի: