Պետք է լրջորեն զբաղվել Հայաստանից դուրս հանված ակտիվները ՀՀ պետական բյուջե վերադարձնելու խնդրով․ Անդրանիկ Քոչարյան

Ապօրինի ծագում ունեցող ունեցվածքի վերադարձի հետ զուգահեռ պետք է լրջորեն զբաղվել Հայաստանից դուրս հանված ակտիվների վերադարձի խնդրով, այդ մասին այսօր կառավարությունում հայտարարությունների ժամին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա տվյալներով, հսկայական ծավալների ակտիվներ Հայաստանից դուրս են բերվել դեպի Եվրամիության երկրներ, Ռուսաստանի Դաշնություն, Արաբական Էմիրություններ և ԱՄՆ։

«Օտարերկրյա պետություններում տեղակայված ապօրինի հարստությունների վերադարձը պետական բյուջե պետք է դարձնել և աշխարհասփյուռ հայությանը, քանի որ խնդիրը համակարգային լուծում է պահանջում։ Անհրաժեշտ են հստակ պլանավորված գործողություններ, որոնք նախ և առաջ պետք է ուղղված լինեն այդ ակտիվների տեղակայումը բացահայտելուն։ Այնուհետև պետք է ուսումնասիրել և պարզել ՀՀ-ի համար առավել բարենպաստ օրենսդրություն ունեցող երկիրը և թիրախավորել այդ իրավազորությունները», -նախանշեց Քոչարյանը։

Ըստ պատգամավորի, այդ իրավիճակում անգնահատելի կարող է լինել միջազգային համագործակցությունը, որը կարելի է օգտագործել բավականին արդյունավետ կերպով։

Օրինակ, նրա խոսքով, Եվրամիության մի տարածքում կարելի է վարույթ հարուցել, որը կարող են ճանաչել ԵՄ մյուս պետությունները, որոնք էլ կհամագործակցեն վարույթը հարուցած երկրների հետ։

«Միջազգային համագործակցությունը թույլ է տալիս առավելագույնս օգտագործել սահմանված լծակները, եւ դրանից հետո անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել ՀՀ-ի տարածքից դուրս գտնվող ակտիվների սառեցմանը և վերջապես վերադարձմանը։ Վերոնշյալ քայլերի հաջորդականությունը հետապնդում է միայն մեկ նպատակ, այն է՝ պետական բյուջե վերադարձնել այն ամենը, ինչ պատկանում է ժողովրդին ու երկրին և ոչ անհատներին»,- ընդգծեց Քոչարյանը։