Պայքարել ասելով ի՞նչ եք հասկանում, պատերա՞զմ եք հասկանում, եթե հա՝ իմանանք՝ ո՛ւմ հաշվին. Տիգրանաշենի ղեկավար

Լուսանկարը՝ «Ազատություն»

«Մեդիալաբի հարցերին պատասխանում է Արարատի մարզի Պարույր Սևակ խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության համաձայն` ձեր ղեկավարման տակ գտնվող Տիգրանաշեն գյուղը համարվում է «անկլավ», որը մտնում է Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ, ինչը գործող իշխանությունը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Ո՞րն է ձեր արձագանքը: 

– Ես, ճիշտն ասած, չեմ ուզում հատուկ քննարկման մեջ մտնել, բայց երկու բառով կասեմ։ Այն, ինչ ասվել է, բոլորս էլ լսել ենք։ Նախքան այս ամենն էլ, նախքան ներկայիս ղեկավարի այդ խոսքը՝ ընդունվել է, որ կան «անկլավներ», չէ՞, ճի՞շտ եմ, թե՞ սխալ։

– Ամեն դեպքում, մասնագիտական շրջանակից վստահեցնում են, որ «անկլավներն» անօրինական են, ու Ադրբեջանը նման պահանջ ներկայացնելու իրավական հիմք չունի։

– Շատ ավելի լավ, որ մասնագետի խոսքն եք ասում։ Իմ ասածն այն է, որ բացի նրանից, որ ասվել է՝ Հայաստանի տարածքում կան «անկլավներ», ասվել է նաև, որ մենք ունենք «անկլավ» իրենց տարածքի մեջ, խոսքն Արծվաշենի մասին է։ Այսինքն՝ իրականության աչքերին է պետք նայել, դա քաղաքական հայտարարություն է, որն ունի նաև իրավաբանական կողմ, ու, Աստված առաջ, շատ հնարավոր է՝ իրավաբանական կողմն ի նպաստ մեզ որոշման տանի։ Ես չեմ ուզում ինձ թույլ տալ հայտարարություններ անել կամ քննարկումների մեջ մտնել, որոնք իմ պարագայում ճիշտ չեն լինի։ 

– Անհանգստություն, մտահոգություն այդ հայտարարությունից հետո, այնուամենայնիվ, չունե՞ք։

– Մեր ժողովուրդն այս իրավիճակներին սովոր է, ճիշտ է՝ լավ չէ այն, ինչը կա, բայց այնպես չէ, որ դա նոր բան է, դեռ 90-ականներից մեր ժողովուրդն այդ ամեն ինչի մեջ կոփվել ու կարծրացել է, այսօր դիմադրողականություն ունի, նման բաներից չի թուլանում, ընկալումները նույնն են․ մենք այստեղ ենք, ապրում ենք, արարում ենք, պայքարում ենք, կարելի է ասել՝ վահան ենք երկրի համար, չենք հուսահատվում երկրի առաջ ծառացած խնդիրներից։ 

Հասկանալի է, որ երկիր ղեկավարելը, մանավանդ այս իրավիճակում, այնքան էլ հեշտ չէ, մեղադրելու էլ չէ, որ կարող են խնդիրներ առաջանալ, կարևորը՝ ճիշտ ու վերջնական արդյունավետ լուծումների գնանք։ Պետք է առնչվենք իրականությանը, չանտեսենք այն, որ ճիշտ լուծումների գնանք, իմ կարծիքով՝ ով իրականությունն անտեսում է, կրկնակի է վճարում։ «Անկլավների» վերաբերյալ խոսակցությունները, թշնամիների կողմից ճնշումները՝ այս ամենը նոր բան չեն։

– Պարո՛ն Ստեփանյան, այսօրվա իրականությունը ո՞րն է, որին, ասում եք՝ պետք է առնչվենք, այդ «անկլավները» պետք է տա՞լ, թե՞, ինչպես ասում են՝ պայքարենք։

– Պայքարել ասելով ի՞նչ եք հասկանում, պատերա՞զմ եք հասկանում, եթե պատերազմ եք հասկանում՝ իմանանք՝ ո՞ւմ հաշվին։ Մտածում եմ, որ կան ճկուն միտք, դիվանագիտություն, այլ զարգացումներով գնանք ավելի երկարատև ու պաշտպանված անվտանգության։ 

– Եթե ներկայացրած մոդելով կնքվի խաղաղության պայմանագիրը, հավատո՞ւմ եք, որ իսկապես խաղաղություն կլինի տարածաշրջանում։

– Իմ հավատալու հարցը չէ, վերլուծության խնդիր կա։ Ընդհանուր պատկերն ինձ համար տեսանելի չէ, նրանք, ովքեր տեսնում են այդ պատկերը, նրանք կարող են հավատալ կամ չհավատալ դրան։ Իհարկե անցանկալի է քո սովորած իրականությունից այլ իրականության մեջ տեղափոխվել, բայց մեր ունեցած այսօրվա իրավիճակը պետք է ճիշտ գնահատենք ու արդյունավետ լուծումներ գտնենք։ 

Ես չեմ ուզում այդ հայտարարությունները քննարկել, հեշտ չէ այս իրավիճակում որոշումներ կայացնել, կարող ենք այստեղ նստած հայտարարություններ անել, բայց այդ իրավիճակում հնարավոր է ինքներս էլ մոլորվենք։ Աստված առաջ, ես վստահություն ունեմ, որ լավ է լինելու, մենք էլ մեր հնարավորության չափով կօժանդակենք այդ լավ լինելուն։

– Պարո՛ն Ստեփանյան, կոչեր են հնչում, որ պետք է դուրս գալ փողոց, պայքարել, ընդդիմանալ իշխանության որոշումներին։

– Այդ կոչ անողը ժողովրդին ավելի արդյունավետ ճանապարհ ցույց տալի՞ս է, թե՞ չէ, ես կոնկրետ անձերի նկատի չունեմ, ինձ ճիշտ հասկացեք։ Հիմա ինչ-որ մեկը ներկայացրե՞լ է ավելի արդյունավետ միջոց, որ ժողովրդին կոչ է անում դուրս գալ, դուրս գալ դեպի ո՞ւր։ Կոնկրետ մեր տարածքի, մեր ժողովրդի մասով եմ ասում, մենք միշտ սահմանի վրա ենք, միշտ կանգնած ենք պետության ու ժողովրդի կողքին։ Ես ոչ մի ժամանակ մեր կառավարիչների դեմ չեմ գործել, կարող է՝ ինչ-որ կարծիք կիսեմ կամ չկիսեմ, բայց ոչ մի կառավարության դեմ գործողություն չեմ արել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am